ՕԴԸ, ԱՂԵՐԸ ԵՎ ՋՈՒՐԸ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ
Նատալյա ՕԳԱՆՈՎԱ
Հայաստանի աղի քարանձավներում թաքնված են Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը
Անձավաբուժության բուժիչ ազդեցության մասին մարդկությանը հայտնի է վաղուց։ Այնուամենայնիվ, ժամանակակից ՙքարանձավային մեթոդի՚ պատմությունն սկիզբ է առնում XX դարի 50-ական թվականներից։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան և Կենտրոնական Եվրասիայի մի շարք երկրներում ի հայտ են գալիս ստորգետնյա մասնագիտացված առողջարանային կենտրոններ, որտեղ բուժում էին բրոնխների ասթման, քրոնիկ բրոնխիտը, ալերգիան, տուբերկուլյոզը, կոկլյուշը։ Խորհրդային առաջին ստորգետնյա ալերգոլոգիայի բաժանմունքն սկսել է գործել Ուկրաինայում` 1968թ., որտեղ բուժման համար Սոլոտվինոյի աղի հանքեր էին այցելում հիվանդներ ողջ Խորհրդային Միությունից։
Հայաստանում աղի հանքավայրը հայտնաբերվեց շատ ավելի ուշ։ Ընդ որում, ժամանակակիցների վկայությամբ՝ բոլորովին պատահական. Երևանի հյուսիսում երկրաբանական հետախուզությունը նավթ ու գազ էր փնտրում, արդյունքը եղավ աղի հանքաշերտի հայտնաբերումը` հետագա արդյունաբերական յուրացմամբ։ Ի դեպ, քաղաքից այստեղ հասնող միակ երթուղայինի ցուցանակին նշված է երևանցիներին առավել հայտնի ՙԱվանի աղի հանք՚ տեղանունը։ Սակայն այն մասին, որ այդ տարածքում գործում է անձավաբուժության կենտրոն, մայրաքաղաքի ոչ բոլոր բնակիչներին է հայտնի։ Այդուհանդերձ, այստեղ բավականին հաճախ են բուժում ստանում հիվանդներ մերձավոր և հեռավոր արտերկրից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Վրաստանից և այլն։
Ամեն ինչ սկսվեց բավականին պրոզաիկ, սեփական և հարազատների առողջության վրա գրեթե փորձարկումներ անելով։ ՙԱյսօր այդ մասին արդեն կարելի է խոսել,- ծիծաղով հիշում է Հայաստանում անձավաբուժության առաջամարտիկներից մեկը` հանրապետության գլխավոր պուլմանոլոգ (նախկին), ՙԲնաբուժություն՚ բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։ - 70-ական թվականների վերջին, երբ ի հայտ եկան առաջին մշակված աղախցերը, հանքի պետ Էդվարդ Դավթյանի մոտ միտք հղացավ այստեղ բուժելու տիկնոջ ասթման։
Այն կառուցված էր առանձին լեռնային ճյուղավորման շրջանում՝ բնական քարաղի նստվածքաշերտերում։ 1985թ. Ավանի աղահանքի նստվածքաշերտերում ավարտվեցին ստորգետնյա առողջարանի կառուցման աշխատանքները, որտեղ նախատեսված էին 50 մահճակալներ, բժշկական սենյակներ, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում և հիվանդների տարհանման լրացուցիչ վթարային ելք՚։ Բրոնխների ասթմայով և շնչուղիների հիվանդություններով տառապող հիվանդների առջև ստորգետնյա առողջարանի դռները բացվեցին 1987թ. մայիսի 5-ին։ Հետաքրքիր է, որ հանգամանքների բերումով` 11 տարի անց, 1998թ. Առողջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ այդ օրը հռչակվեց Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հաստատության տնօրեն Անուշ Ոսկանյանի խոսքով՝ ամեն օր կենտրոն է այցելում տարբեր տարիքի մոտ 500 մարդ, ընդ որում, ամռանն ավելանում է երեխաների թիվը, ինչը կապված է արձակուրդների հետ։ Բուժումն իրականացվում է միայն ցերեկային ժամերին։ Բուժման կուրսը տևում է 20 օր՝ օրական 5-6 ժամ։
ՙԱյստեղ իսկապես ամեն ինչ հետաքրքիր է, ասես կախարդական քարանձավում կամ հինավուրց դղյակում լինես, որտեղ ամեն ինչ փայլփլում է, շողշողում՚,- պատմում է 10-ամյա մոսկվացի Դիմա Անոխինը, ով արդեն մի քանի տարի է՝ հոր հետ հատուկ գալիս է Երևան` ստորգետնյա անձավաբուժական կենտրոնում բուժում ստանալու նպատակով։ Կենտրոնում ստացած առողջարար լիցքերը հերիքում են նրան մի ամբողջ տարի։ Աղն այստեղ ոչ միայն ոտքի տակ է, այլև օդում։ Դա է պատճառը, որ բերանում միշտ զգացվում է նրա համը։ Բայց, ինչպես հաստատում են հիվանդները, այն շատ ավելի ՙհամեղ՚ է, քան ինհալատորները։ Ոչ պակաս համեղ են նաև թթվածնային հատուկ կոկտեյլները, որոնք հիվանդների համար պատրաստվում են հենց գետնի տակ՝ օշարակից ու ձվի սպիտակուցից։ Թթվածինը, որը ներմուծվում է ձողիկի միջոցով, փրփրեցնում է խմիչքը, և այն պետք է հասցնել խմել մինչև պղպջակների անհետանալը։ Փոքրիկները կա՜մ նկարում են, կա՜մ աղից դղյակներ կառուցում, քանի որ ոտքերի տակ ամենուր աղ է խրթխրթում։ Շատերը միանում են ֆիզկուլտուրայի ընդհանուր պարապմունքներին։ Հիվանդները հաճույքով կրկնում են թեթև շնչառական վարժությունները` հետևելով բժիշկ Աննա Հովհաննիսյանին։ Ի դեպ, համացանցի ու բջջային կապի անհասանելիությունն ամենևին ձանձրալի չեն դարձնում գետնի տակ անցկացված 6-ժամյա բուժումը։ Ոչ ոք չի անհանգստանում, որ ինչ-որ կարևոր բան բաց կթողնի համացանցում։
Իսկ, ընդհանուր առմամբ, միայն առաջին հայացքից է թվում, որ մարդիկ այստեղ անուշադրության են մատնված։ Նրանց առողջությանը հետևում է բուժանձնակազմը։ Ինչպես նշում է Անուշ Անդրանիկովնան, հոգսերը շատ են, առավել ևս, որ այստեղ զբաղվում են նաև գիտահետազոտական աշխատանքով։ Այս քարանձավներում նա սկսել է աշխատել որպես սանիտարուհի, երբ դեռևս բուժինստիտուտի ուսանողուհի էր։ Սովորում էր համատեղել տեսականը գործնականի հետ։ ՙԱյսօր մեզ մոտ պետպատվերով անվճար բուժում են ստանում մինչև 7 տարեկան երեխաներ, ինչպես նաև անվճար բուժում ստանալու թույլտվություն ունեցող հիվանդներ։ Արտերկրացիների համար բուժումը վճարովի է, թեև այն բավականին էժան է նրանց համար։ Բայց ես շատ կցանկանայի, որ մեր քարանձավի մասին աշխարհում ավելի շատ իմանային,- ասում է նա։ - Չէ՞ որ դա այնքան կարևոր է մեր երկրի համար՝ և՜ տնտեսության առումով, և՜ վարկանիշի՚։ Չնայած այն հանգամանքին, որ ստորգետնյա աղի առողջարաններ գոյություն ունեն Ռուսաստանում, Իտալիայում, Ղրղըզստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և այլ երկրներում, մասնագետների հավաստմամբ, հայկական հանքատեղին բացառիկ է իր երկրաֆիզիկական և երկրաքիմիական ցուցանիշներով։ Այստեղ առկա են Մենդելեևի աղյուսակի գերեթե բոլոր տարրերը, բացառությամբ ծանր մետաղների։ Մշտական ջերմաստիճանը 19 աստիճան է, ռադիոճառագայթման և արևային ռադիացիայի բացակայությունն այն դարձնում է բացառիկ։ ՙԱղահանքի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է խոնավության, օդի ջերմաստիճանի, ճնշման, թթվածնի իոնային բաղադրության պարամետրերի անհրաժեշտ մակարդակի պահպանմամբ։ Քարանձավի մանրէազերծ օդում բացակայում են ալերգեններն ու բակտերիաները, իսկ ռադիացիայի մակարդակը գրեթե զրոյական է՚,- պատմում է բժշկական կենտրոնի տնօրենը։ Այս ամենը նպաստում է բուժման հանդեպ հիվանդների դրական տրամադրվածությանը։ Իսկ դա արդեն հիվանդության հաղթահարման կես ճանապարհն է։
noev-kovcheg.ru