[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

altՄայիսյան եռատոնի առթիվ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի բնակիչ Անդրանիկ Զորայանի բարերարությամբ և ԼՂՀ սոցապնախարարության համատեղ ջանքերով դրամական օգնություն տրամադրվեց հանրապետության տարբեր շրջանների առանց ծնողական խնամքի մնացած մինչև 18 տարեկան 44 երեխաների։ 
Ծրագիրն իրականացվում է 2008 թվականից։ Այս անգամ յուրաքանչյուր երեխայի տրամադրվել է 87 հազար դրամ, իսկ ընդհանուր առմամբ գումարը կազմել է շուրջ 3 մլն 860 հազար դրամ։ Ստեփանակերտ քաղաքից օգնություն ստացան 16 երեխաներ, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում՝ 6-ական, Հադրութի՝ 7, Շուշիի՝ 5 և Քաշաթաղի շրջանում՝ 4 երեխա։
ԼՂՀ սոցապնախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին և բարերար Անդրանիկ Զորայանին՝ շարունակ իրականացվող այս ծրագրի համար։ Երախտագիտության խոսքեր ասացին նաև խնամակալները։ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի բնակիչ Յուրի Ամիրջանյանը  խորին շնորհակալություն հայտնեց դրամական օգնության համար՝ հույս հայտնելով, որ պետությունը տեր կկանգնի որբերին և կլուծի վերջիններիս առջև ծառացած խնդիրները։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ