ՄՈՍԿՎԱՅԻ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՙՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ՚ ԵՐԵԿՈՅԻՆ ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ալեքսանդր Երկանյան
Մոտենում է Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 75-ամյա փառապանծ հոբելյանը: 2020 թվականը կնշանավորվի որպես այդ հաղթանակի փառավոր հիշողության ոգեկոչման տարի: Նախատեսվում են մի շարք խոշոր միջոցառումներ` նվիրված այդ պատմական իրադարձությանը: Բնականաբար, այդ ամենին իր մասնակցությունը կբերի նաև Հայ մշակութալուսավորչական ՙԱրարատ՚ միությունը, որը մտադիր է 2020թ. մայիսի 9-ի նախաշեմին անցկացնել ՙՀայերի ավանդը մեծ հաղթանակի գործում՚ անունը կրող հետաքրքիր միջոցառում: Ընդ որում, կներկայացվեն ինչպես խորհրդային, այնպես էլ արտերկրի հայերը:
Իսկ մինչ այդ` գարնանը նախատեսվող կարևոր միջոցառմանն ընդառաջ, ՙԱրարատը՚ որոշեց Ռուսաստանի հայ կանանց միության հետ համատեղ Մոսկվայի Ազգությունների տանն անցկացնել ՙՄենք հաղթանակի ժառանգներն են՚ խորագրով երեկոն:
Երեկոյին ելույթ ունեցած` ՙԱրարատ՚ միության խորհրդի նախագահ Ալբինա Սուքիասյանը նշեց ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի հսկայական կարևորությունը նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների համար և այդ շարքում առանձնացրեց հատկապես հայ ժողովրդին: Ծանուցվեց ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվող` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված երեկոյի խորագիրը` ՙՀայերի ավանդը մեծ հաղթանակի գործում՚:
Արժանվույնս գնահատելով մարտիկների` իր հայրենակիցների վաստակը, ՙԱրարատ՚ միությունը նախանշեց կայանալիք միջոցառման ելույթների թեմաները`
Հայկական ԽՍՀ-ն Հայրենական մեծ պատերազմի տարիներին.
Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը պատերազմի տարիներին.
Լեռնային Ղարաբաղի քաջարի մարտիկները և հայկական Չարդախլու գյուղի ֆենոմենը.
Արտերկրի հայերի հակաֆաշիստական գործունեությունը.
Հաղթանակած Բեռլինում Ռայխսթագի պատերի մոտ հայ զինվորների պարը պատկերող կտավի նվիրաբերումը Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանին.
Մոսկվայի պաշտպան Հայկ Շադունցի հերոսական արարքը, որի մասին քիչ բան է հայտնի:
Պատմաբան, հայագետ և հրապարակախոս Ալեքսանդր Երկանյանը ներկաներին պատմեց ֆաշիզմի տապալման գործում հայերի ունեցած մեծ մասնակցության մասին: Առավել հանգամանորեն նա անդրադարձավ պատերազմի ժամանակ ղարաբաղցիների ցուցաբերած անօրինակ սխրանքներին: Ալ. Երկանյանը հիշեցրեց, որ բոլոր խոշոր հայ զորավարները սերում էին Արցախից (Ղարաբաղից)` Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Աղանովը, Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան): Երկրի լավագույն օդաչուներից էր քաջարի ղարաբաղցի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը:
Ալեքսանդր Երկանյանը ներկայացրեց այս և հայ ժողովրդի մյուս պանծալի զավակների հերոսական ուղին. 24 ղարաբաղցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, 7-ը` Փառքի բոլոր 3 աստիճանների շքանշանակիրներ, տասնյակ ղարաբաղցիներ դարձան գեներալներ ու ծովակալներ: Այնուհետև, հիշատակելով ղարաբաղցիների հերոսության մասին, կանգ առավ մարշալներ Բաղրամյանի ու Բաբաջանյանի, ինչպես նաև Խորհրդային Միության 7 հերոսների, 12 գեներալների ու 57 գնդապետների ծննդավայրը հանդիսացող հայկական Չարդախլու գյուղի ֆենոմենի վրա: Ներկաները հետաքրքրությամբ հետևեցին նաև ՙԱրարատ՚ միության անդամ, 87-ամյա ինժեներ-շինարար Վարդան Տեր-Մինասյանի ելույթին: Դեռ փոքրիկ տղա էր, երբ ներկա էր Կարմիր հրապարակում 1945թ. հունիսի 22-ի Հաղթանակի շքերթին:
Russia-artsakh.ru