ԱՅԳԵՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
Հադրութի շրջանի Այգեստան (նախկին Քոչբեկ) համայնքն Արցախյան գոյամարտի տարիներին հրետակոծվել և ռմբակոծվել էր ազերիների կողմից։ Գյուղը գտնվել է պատերազմական գործողությունների թատերաբեմում։ Բնակչությունը հարկադրաբար թողել է հարազատ բնօրրանը։ Այստեղ տեղակայված ինքնապաշտպանական ջոկատների հենակետերը շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում ինչպես գյուղի տարածքի, այնպես էլ Հադրութ-Ֆիզուլի ճանապարհի վրա։ Արցախյան գոյամարտում Այգեստանից զոհվել է 8 ազատամարտիկ, որոնք հուղարկավորվել են Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ։
1992թ. հունվարի 9-ը ճակատագրական էր գյուղի համար։ Ռուսական ռազմական միավորումը, որը տեղակայված էր ակումբում, գյուղը թողնելուց հետո, ազերիները լայնամասշտաբ ռազմագործողություն իրականացրին գյուղի վրա։ Հադրութում, Այգեստանում կազմավորված կամավորական ջոկատները գյուղի ներքևի թաղամասում մարտի բռնվեցին թշնամու գերակշռող ուժերի հետ և նրանց հետ շպրտեցին Այգեստանից, լավ գիտակցելով, որ եթե գրավվեր Այգեստանը, ապա շրջկենտրոնի պաշտպանությունը մեծ դժվարությունների կհանդիպեր։
Այգեստանի նորընտիր համայնքի ղեկավար Վիտալի Շամիրյանի նախաձեռնությամբ առաջին անգամ հունվարի 9-ը նշվեց որպես գյուղի վերածննդի օր։ Միջոցառմանը մասնակցում էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, Այգեստանի պաշտպանության մարտերին մասնակցած վետերան ազատամարտիկներ, համագյուղացիներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ։ Ներկաները ծաղիկներ խոնահրեցին ինչպես Մեծ Հայրենականում, այնպես էլ Արցախյան գոյամարտում զոհվածների գերեզմանաքարերին։ Միտինգը բացեց Այգեստանի հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Ավանեսյանը։ ՙՆման միջոցառումները շատ կարևոր են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, և քանի դեռ գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում, մեզ անհրաժեշտ է ապավինվել մեր ուժերին և միշտ պատրաստ լինել հարված տալու նենգ թշնամուն՚,-նշեց բանախոսը։ Իրենց ելույթներում վետերան ազատամարտիկներ Վահան Բադասյանը, Արթուր Սարգսյանը և ուրիշներ կարևորեցին նման միջոցառման կազմակերպումը և դրվագներ պատմեցին 1992-ի հունվարի 9-ին տեղի ունեցած դեպքերի մասին։ Իրենց սրտի խոսքն ասացին նաև Այգեստանի հիմնական դպրոցի սաները։ Ելնելով Այգեստանի ժողովրդի համար այդ կարևոր օրից` այգեստանցիները որոշեցին այդուհետ հունվարի 9-ը նշել որպես գյուղի վերածննդի օր։