ՙԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՕՐԵՐԻ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Ճակատագրի դաժան էջերով այսօր չես զարմացնի արցախցիներին, հոգու արիությամբ` խաղաղ ժամանակներում հնարավոր է: Խոսքս առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող մի կնոջ մասին է, որն իր մեջ ուժ է գտել հաղթահարելու կյանքի ողբերգական էջերը: Նրա անունն է Մարիետա Ավանեսյան, որի կյանքը, կարծես թե, շատ չպետք է տարբերվեր համագյուղացիներից: Նա ծնվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում` 1965-ին: Երջանիկ մանկություն է ունեցել՝ շրջապատված հոգատար ծնողների ջերմությամբ: Լավ էր սովորում, երազում էր բժիշկ դառնալ, ինչի համար 10-րդ դասարանում սկսում է ինտենսիվ պարապել: Բայց վրա է հասնում առաջին փորձությունը՝ հիվանդանում է մայրը: Մի կողմ թողնելով պարապմունքները, սկսում է խնամել մորը: Մայրը համեմատաբար լավանում է: Բայց բժշկական համալսարան ընդունվելու համար այլևս խոսք լինել չէր կարող: Ուսուցիչների հորդորով ընդունվում է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի էկոնոմիկայի բաժին, սակայն ամիսներ անց ուսումը կիսատ է թողնում. մայրն է մահանում:
Ամուսնանում է 18 տարեկանում և տեղափոխվում ապրելու Հակակու գյուղ: Վրա է հասնում երկրորդ փորձությունը` Արցախյան պատերազմը: Վիրավորվում է փոքր որդին՝ Մանվելը, երբ դեռ մի քանի ամսական երեխա էր: Բուժվում է նախ Հադրութում, ապա Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում: Երկու ծանր վիրահատությունից հետո երեխան սայլակին է գամվում, հետո կամաց-կամաց սկսում է հենակներով քայլել: Երեխայի բուժման հետ կապված Ավանեսյանների ընտանիքը տեղափոխվում է Իվանյան գյուղը: Պարբերաբար բուժումներ ստանալուց հետո, երեխան որոշ չափով կազդուրվում է, այժմ Մանվելը երրորդ կարգի հաշմանդամ է, այսօր անգամ քայլում է առանց հենակների:
2015 թվականը Ավանեսյանների ընտանիքի համար ողբերգական էր: Մահանում է ամուսինը` 51 տարեկան հասակում: Մարիետան շատ ծանր էր տանում: Ընտանիքի հոգսը ծանրացավ մեծ որդու՝ Գարիկի ուսերին: Նա ավարտել էր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, հետո էլ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, պայմանագրային հիմունքներով աշխատում էր Արցախի պաշտպանության բանակում: Գարիկը շատ հոգատար զավակ էր, հատկապես հոր մահից հետո շատ ուշադիր էր մոր հանդեպ, ամեն կերպ փորձում էր նրան հանել սթրեսից: Անգամ վարկ վերցրեց, որպեսզի բարեկարգ տուն կառուցի, քանի որ ապրում էին ոչ բարենպաստ պայմաններում: Սակայն… Այդ նույն տարում, դեկտեմբերին, դիպուկահարի կրակոցից զոհվում է մոր հենարանը՝ Գարիկ Ավանեսյանը:
Մոր վիճակը կտրուկ վատանում է. հոգեկան խնդիրների առաջ է կանգնում: Աղջիկը, որն ամուսնացած էր գյուղում, երեխաներ ուներ, ամբողջ ընտանիքով տեղափոխվում է մոր մոտ՝ հոգ տանելով նրա մասին: Այդ ընթացքում վրա է հասնում 2016-ի ապրիլյան պատերազմը: Երբ կառավարության որոշմամբ չեղյալ հայտարարվեցին զոհվածների վերցրած վարկերը, պետության կողմից մարվեց նաև Գարիկ Ավանեսյանի վերցրած վարկը: Բակո Սահակյանի կողմից էլ Արցախ թաղամասից հետևեց բնակարան տրամադրելու առաջարկ, բայց տիկին Մարիետան հրաժարվեց (այսօր նա չի կարողանում բացատրել պատճառը): Պետությունն անուշադրության չմատնեց այդ ընտանիքի հոգսերը՝ պետական միջոցներով շարունակվեց և ավարտին հասցվեց Գարիկի սկսածը. վերանորոգվեց Իվանյանում գտնվող նրանց տունը:
Որոշ ժամանակ անց` թե՜ հոգեբանի միջամտությունն օգնեց, թե՜ հաշմանդամ որդու անօգնականությունը և աղջկա ծանրաբեռնվածությունն ազդեցին, գուցե և պետության մոտեցումն իր դերը խաղաց, կամ էլ բոլոր հանգամանքները միասին նպաստեցին, արդյունքում՝ տիկին Մարիետան իր մեջ ուժ գտավ, սթափվեց և սկսեց մտածել ընտանիքի անդամների կյանքը բարելավվելու մասին:
Բակում կառուցված թոնրում տիկին Մարիետան սկսում է խորիզով և կաթնաշորով գաթաներ պատրաստել վաճառքի համար, ինչպես և ժենգյալով հաց թխել, և այդ ամենը մեծ հաջողությամբ իրացնել Ստեփանակերտում, քանի որ համով է պատրաստում, և վաճառում է մատչելի գներով: Իր սեփական ջերմոցում զբաղվում է նաև գյուղատնտեսական աշխատանքով: Դրանից բացի, աշխատում է Իվանյան գյուղի ՙԱսպարեզ՚ զորամասում:
Տիկին Մարիետան գոհ է ընտանիքի նյութական վիճակից, բայց չի մոռանում այն ընտանեկան երջանկությունը, որը տիրում էր մինչ անդառնալի կորուստները: ՙԵրբ տուն չունեինք, ապրում էինք խրճիթում, երջանիկ էինք. չկար որդիական ցավ, ամուսնու կորուստ,- թախիծը աչքերում հիշում է տիկին Մարիետան և շարունակում,- ասում են` երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր: Ես ապրում եմ այդ օրերի ջերմությամբ՚:
;