ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Հունվարի 1-ից գործում են մի շարք տեղական տուրքերի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի և համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների նվազեցված տարբերակները, որի վերաբերյալ համապատասխան որոշումներն ընդունվել են անցած տարվա դեկտեմբերին կայացած Ստեփանակերտի ավագանու նիստի ընթացքում: Մանրամասների պարզաբանման համար դիմեցինք Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սամվել ՂՈՒԼՅԱՆԻՆ:
Փոխքաղաքապետն ընդգծեց, որ դա սկիզբն է այն քաղաքականության, որը կոչված է խելամիտ սահմաններում բարելավելու քաղաքացիների կենսակերպը: Նա շեշտեց, որ կարճ ժամանակահատվածում կատարվել է համապատասխան դաշտի ուսումնասիրման բավականին մեծ աշխատանք, որի արդյունքում հնարավոր եղավ արդեն 2020 թվականին իջեցնել որոշ մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը, վարձավճառները: ՙՆախընտրական հանդիպումների ժամանակ բնակչության կողմից հաճախ էին բարձրացվում ավտոտնակների սպասարկման համար գանձվող վճարների հարցը, որը կազմում էր ամսական մեկ քառ. մ-ի դիմաց 15 դրամ: Իրականում սպասարկում գրեթե չէր իրականացվում: Համապատասխան հաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքապետարանի կողմից պատշաճ սպասարկումը ենթադրում է ավելի մեծ ծախսեր, քան սահմանված վճարների չեղարկելը: Որոշվեց փոփոխություն կատարել, և հանել ավտոտնակների սպասարկման համար գանձվող վճարը: Անհատները, սեփականատերերը, սուբյեկտները վարձավճարների գումարները տնտեսելով՝ կարող են բարեկարգել իրենց ավտոտնակները՚,- ասաց Ս. Ղուլյանը:
Մյուս փոփոխությունը կապված է համայնքային ծառայության կողմից տրվող գովազդի, անշարժ գույքի հասցեագրման մասին տեղեկանքների, որոնց համար սահմանված էր 3000 դրամ, եթե երկու օրվա ընթացքում է տրվում, 1000 դրամ էլ՝ 3-5 օրվա տեղեկանքի համար: Այժմ այդ նույն ծառայությունների համար գանձվելու է միայն 1000 դրամ:
Հաջորդ, ըստ Ս. Ղուլյանի, կարևոր փոփոխությունը վերաբերում է հողամասերի չափագրման համար նախկինում քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, սուբյեկտներից գանձվող 10.000 դրամ տուրքին: ՙՔանի որ գործում է կոորդինատված համակարգ, որի համաձայն անհրաժեշտ չափագրումներն իրականացնում են իրավաբանական գրանցում ծառայությունների մատուցման մասնագիտացված ընկերությունները, որոնք էլ պատրաստի էլեկտրոնային և թղթային տարբերակներով տրամադրում են դրանք քաղաքապետարանին, որոշվեց այդ տուրքը հանել, քանզի այդ ընկերությունների ծառայությունների դիմաց, վճարներից բացի, նրանք տուրք էին վճարում նաև քաղաքապետարանին՚,- պարզաբանեց փոխքաղաքապետը:
Նպատակ ունենալով ամբողջությամբ կարգավորել մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայությունների ոլորտը, ինչպես և ավելի շատ սուբյեկտներ ներգրավել, կատարվեցին համապատասխան հաշվարկներ, և եկան այն եզրակացության, որ առջևում դրած նպատակներին լավագույնս կնպաստի նախկինում նման ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր մեքենայի համար գործող 20.000 (տարեկան) դրամի փոխարեն գանձել 10.000 դրամ:
Քննարկվեց և վերանայվեց ավագանու անդամների առաջարկը, ըստ որի համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, սաունաները, խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար նույնպես իջեցվեն սակագները: Արդյունքում որոշվեց, որ միայն առևտրի օբյեկտների համար նախկինում 80.000 դրամի փոխարեն այժմ այդ օբյեկտները կվճարեն 60.000 դրամ (տարեկան կտրվածքով):
Ըստ Սամվել Ղուլյանի՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի քաղաքականությունը՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարելավմանը և հարկային բեռի թեթևացմանը, կկրի շարունակական բնույթ և տարեցտարի խելամիտ սահմաններում կվերանայվեն որոշ տուրքերի, վարձավճարների չափերը, զուգահեռ բարեկարգելով մայրաքաղաքը: Նա ընդգծեց, որ սա հաշվարկված և մտածված քայլ է, որն, անշուշտ, կբերի համայնքային բյուջեի որոշակի նվազեցման, բայց արդյունավետ և խնայողաբար աշխատանքի շնորհիվ բալանսը կպահպանվի: Քաղաքապետարանն իր վրա կվերցնի նաև այլ ծրագրեր իրագործելու գործընթաց, որը նույնպես կնպաստի բյուջեի լրացմանը: