[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԵՐ ԾՆՆԴԿԱՆ ՄԱՅՐԵՐԻՆ

photo_4_.jpgՄկրտիչ Մկրտչյանը սպասված հյուր էր նաև ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚ ՓԲԸ-ում։ Վերջին հինգ տարիներին՝ ճիշտ նույն օրը՝ մայիսի 13-ին, նա այցելում է հանրապետական ծննդատուն և շնորհավորում ծննդկան արցախուհիներին։

Բարերարի խոսքերով՝ օրը պատահական չի ընտրված. մայիսի 13-ը Կանադայում նշվում է որպես Մայրության օր։ Ավանդույթը չխախտվեց նաև այս տարի։ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այդ օրը 23 կին նվեր ստացավ Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետից (յուրաքանչյուրը՝ 100 ԱՄՆ դոլար)։ 23 նորածիններից 11-ը տղա էր, 12-ը՝ աղջիկ։  Զարմանալի պատահականությամբ կանանցից մեկը՝ Աննա Դանիելյանը,  երկրորդ անգամ է նվեր ստանում բարերարից. երկու տարի առաջ՝ առաջին երեխան ունենալու կապակցությամբ նա դարձյալ ծննդատանն էր։
ՙԱնչափ շնորհակալ եմ բարերարից,- ասաց Աննա Դանիելյանը։- Այս օգնությունը մեզ համար մեծ նշանակություն ունի։ Արցախը նաև նրանց նման հայրենասեր մարդկանց շնորհիվ է կանգուն։ Ուրախ ենք, որ մեր թիկունքում Սփյուռք ունենք՚։
Ալինա Պետրոսյանը, ով 6-րդ երեխան է ունեցել (3 տղա և 3 աղջիկ), Ասկերանի շրջանի Ռև գյուղից է։ Ամուսինը չի աշխատում, սակայն Ալինան դժգոհ չէ իրենց սոցիալական վիճակից։ Ասում է՝ հողամաս են մշակում, անասուններ պահում և այդկերպ կարողանում են ընտանիքի հոգսը հոգալ։ Գումարը բազմանդամ ընտանիքի համար, անշուշտ, տեղին ու ժամանակին էր։ 
Բարերարի այցն, իրոք, անակնկալ էր մայրերի համար։ Մեկ անգամ ևս շնորհավորելով կանանց՝ Մ. Մկրտչյանը մաղթեց, որ չզլանան և շատ երեխաներ պարգևեն Արցախ աշխարհին։ ՙԱյն բանի գիտակցումը, որ մեզ հաջողվում է թեթևացնել մեր եղբայրների ու քույրերի հոգսը, ամենամեծ երջանկությունն է Սփյուռքում ապրողներիս համար՚,- հրաժեշտից առաջ ասաց Մկրտիչ Մկրտչյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ