ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ԲԱՂՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հունվարի 24-ին ԶԼՄ¬ներին ներկայացրեց ոլորտի 2019թ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն։ Մամուլի ասուլիսին նախարարը պարզաբանեց համակարգի 17 բուժհիմնարկների (7-ը շրջանային բուժմիավորումներ) կողմից կատարված աշխատանքները, պետբյուջեով նախատեսված ծախսերն ու ծրագրերը, և անդրադարձավ բժշկական սարքերին ու սարքավորումներին, արտահիվանդանոցային և հանրային առողջապահական ծառայություններին։
Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության ոլորտի 2019թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը կազմել են 6 մլրդ 923,4 մլն դրամ՝ 2018-ի՝ 6 մլրդ 151,8 մլն դրամի փոխարեն, ինչը պետբյուջեում կազմում է 5,7%։ 2019թ. համակարգի կատարողականը կազմել է 6 մլրդ 720,4 մլն դրամ։ Բյուջեն կատարվել է 97,1%¬ով։ 2019թ. հունվարից վերակազմակերպման ձևով Հանրապետական բժշկական կենտրոնին է միացվել ուռուցքաբանական դիսպանսերը, իսկ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորմանը՝ ինֆեկցիոն հիվանդանոցը։ Ա. Բաղրյանի հավաստմամբ՝ այս բուժհիմնարկների միավորման արդյունքում հաստիքների կրճատում չի կատարվել։ Նշյալ գործընթացը հնարավորություն է ընձեռել արդյունավետ ու նպատակային տնօրինել առկա ներուժն ու ֆինանսական ծախսերը, ինչպես նաև բարձրացնել բուժսպասարկման մատչելիությունն ու որակը։
Համակարգում գործում են տեղամասային 5 հիվանդանոց, գյուղական բժշկական 20 ամբուլատորիա և բուժակ¬մանկաբարձական 205 կետ։
2019-ին շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը։ Այն համալրվել է 365 մլն դրամ գումարի բժշկական սարքավորումներով ու անհրաժեշտ գույքով։ Տարվա ընթացքում բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։ Նախատեսվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով վերանորոգել և անհրաժեշտ սարքավորումներով համալրել նույն բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, ինչպես նաև վերապատրաստել մասնագետներին։ Նշված բաժանմունքը շահագործման կհանձնվի 2020-ի մարտ¬ապրիլ ամիսներին։ Նախարարի պարզաբանմամբ՝ պետբյուջեի միջոցներով վերանորոգվել է նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի 2-րդ հարկը՝ շուրջ 1000 քառ. մետր մակերեսով։ Քանի որ ռուսաստանաբնակ բարերարների կողմից նոր կառուցվող ծննդատան շինարարական աշխատանքները կանգնեցված են ֆինանսական խնդիրների պատճառով, ուստի կառավարության միջոցներով Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հին մասնաշենքի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկում, հետծննդաբերական հիվանդասենյակներում ու նորածնային բաժանմունքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ։ Ձեռք է բերվել նաև համապատասխան գույք։ Կառուցվող նոր մասնաշենքի առումով նախարարը հավաստիացրեց, որ փորձում են ուրիշ բարերարների ևս ներգրավել` շինարարությանը ընթացք տալու համար։ Խոսելով նոր բուժմիավորումների անհրաժեշտության մասին, Ա. Բաղրյանը տեղեկացրեց, որ սկսվել է Քարվաճառի շրջանային բուժմիավորման նոր շենքի կառուցման աշխատանքը։ Նախատեսվում է նաև բուժմիավորումներ կառուցել Ասկերանում և Շուշիում։
Ընդհանուր առմամբ՝ առողջապահության ոլորտում աշխատում է 336 բժիշկ, 1366 բուժքույր, 923 ադմինիստրատիվ և այլ աշխատող։ Բուժհիմնարկների մահճակալային ֆոնդը 755 է։ Համակարգում առկա է սանիտարական 41 տրանսպորտային միջոց և 7 ռեանիմոբիլ։ 2020թ. նախատեսվում է պարկը համալրել 10 նոր մեքենայով։ Անդրադառնալով բուժհիմնարկներում նեղ մասնագետներ չունենալու ցավալի խնդրին, Ա. Բաղրյանը հավաստիացրեց, որ մինչև 2024թ. ոլորտը կադրերի խնդիր չի ունենա։ Ներկայումս շուրջ 400 ուսանողի հետ պայմանագրեր են ձևակերպված, համաձայն որոնց` ուսումն ավարտելուց հետո նրանք իրենց մասնագիտությամբ աշխատելու են Արցախում։ 2019թ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 28 դիմորդ, որից 18-ը պետպատվերի շրջանակներում։ Արցախի շրջանները նեղ մասնագետներով համալրելու համար հետդիպլոմային մասնագիտացում անցնելու նպատակով կլինիկական օրդինատուրա է ընդունվել 23 բժիշկ, որից 6-ը` վճարովի հիմունքներով։ Նրանց բոլորի հետ կնքվել են պայմանագրեր՝ ավարտելուց հետո համակարգում աշխատանքի անցնելու պայմանով։ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ` շրջանային բուժհաստատությունները բժիշկ մասնագետներով համալրելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվում պետպատվերի շրջանակում ուսում ստացած բժշկին։ Համաձայն այս ծրագրի` նորավարտ 4 բժշկի աշխատավարձերին սահմանվել է 30-50% հավելավճար ու բնակվարձ։ Շարունակվում է ֆինանսական աջակցություն հատկացվել ՀՀ¬ից Արցախ տեղափոխված բժիշկ¬մասնագետներին։ Ծրագրից օգտվում է 30 բժիշկ։ ԱՀ առողջապահության համակարգի բժիշկ¬մասնագետները կշարունակեն վերապատրաստվել ՀՀ ու արտերկրի տարբեր կլինիկաներում։ Նախարարը մանրամասնեց ոլորտում կազմակերպած սեմինարների ու գիտաժողովների, տարբեր բժշկական ծառայություններ իրականացնողներին տրվող լիցենզիաների գործընթացը։ 2019-ին հիվանդանոցային բուժօգնություն է ստացել ավելի քան 20 հազ. մարդ, 2018-ի` 19 հազ. 200-ի դիմաց։ Կատարվել են բազմապիսի լաբորատոր գործիքային և դժվարամատչելի հետազոտություններ։ Իրականացվել է 6840 վիրահատություն, 2018թ.-ի՝ 6426-ի դիմաց։ Գյուղական բնակչության շրջանում առաջնային բուժօգնության որակի բարձրացման համար կատարվել են մի շարք միջոցառումներ, ընդ որում` 403 գյուղական այց, որի շրջանակներում կատարվել են մասնագիտական խորհրդատվություններ բնակչության շրջանում։ ՀՀ և արտերկրի տարբեր մասնագետների անմիջական մասնակցությամբ կազմակերպված ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում կատարվել է 2418 խորհրդատվություն, 1557 հետազոտություն և 371 վիրահատություն։ Ա. Բաղրյանը հավաստիացրեց, որ շարունակելու են էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՀՀ և արտերկրի առաջատար կլինիկաների հետ։ 2019թ. բարեգործական հիմունքներով ոլորտին տրամադրվել են 544 մլն դրամ արժողության դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ։ Դիտարկվող ժամանակաընթացքում բնակչությանը անվճար հատկացվել է շուրջ 200 մլն դրամի դեղորայք։ Պետբյուջեով որոշ հիվանդություններով տառապող 282 քաղաքացիների բուժման ծախսերը փոխհատուցվել են, հատկացվել է նաև ճանապարհածախս։ 2019թ.-ին ՀՀ է ուղեգրվել 1100 հիվանդ (բնակչության 0,6%). ուղեգրվածների 48 %-ը մինչև 18 տարեկան երեխաներ են։ Նրանք հիմնականում չարորակ նորագոյացություններով և այլ բարդ հետազոտությունների ենթակա հիվանդներն էին։ 2019-ին ԱՀ բուժհիմնարկներում գրանցվել է 1994 երեխայի ծնունդ, որից 1698¬ը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում։ Ոլորտի պատասխանատուն որպես կարևոր ձեռքբերում առանձնացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը։ Նրա խոսքով՝ այն կարգավորել է քաղաքացիների հերթագրման գործընթացը, ինչպես նաև պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները։ Վիճակագրական տվյալներով՝ 2019-ին արձանագրվել է մահվան 1155 դեպք, նախորդ տարվա 1185-ի դիմաց։ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` արձանագրված 1075 մահվան դեպքից 250-ը հիվանդանոցային մահեր էին, իսկ 825-ը՝ ամբուլատոր։ Դիտարկվող ժամանակաշրջանում Արցախում համաճարակաբանական իրավիճակը 2018թ.-ի համեմատ հանգիստ է եղել։ Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին, գործում է նաև թեժ գիծ՝ 30-03 կարճ համարով։ Բարձրացված հարցերն, ըստ նախարարի, ստացել են համապատասխան լուծումներ։
Առողջապահության ոլորտի ծախսերն ու ծրագրերը պարզաբանելուց հետո, Ա. Բաղրյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Դրանք վերաբերում էին վերոնշյալ ծառայությունների խնդրահարույց մասերին, համաճարակաբանական իրավիճակին, հատկապես Չինաստանում օրերս գլուխ բարձրացրած կորոնավիրուսին, գյուղական շրջաններում մասնագետների պակասին, բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման խնդիրներին, բուժապահովագրմանը և մի շարք այլ հարցերի։ Նախարարը գնահատեց և ողջունեց օբյեկտիվ արված անկեղծ դիտարկումները և խոստացավ հետամուտ լինել բարձրացված խնդիրների պարզաբանմանն ու թերությունների վերացմանը։