ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
2020 թվականի հուվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել երթևեկության կանոնների խախտման՝ տուգանային միավորների բալային համակարգը։ Սահմանվել է վարչական տույժի նոր տեսակ, որը կոչվում է ՙտուգանային միավոր՚, և որպես սանկցիա՝ ավելացել է ՙվարորդական իրավունքից զրկում՚-ը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ որոշ ժամանակ անց բալային համակարգը կներդրվի նաև Արցախում։
Անշուշտ, ամեն մի նորույթ ունենում է ինչպես իր դրական, այնպես էլ բացասական արձագանքներ։ Բացառություն չէր նաև երթևեկության խախտման բալային նոր համակարգը, որն անմիջապես տեղի տվեց հասարակության և շահագրգիռ անձանց ոչ միանշանակ արձագանքին։
Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր համակարգը, կներդրվի՞ այն Արցախում ևս. այս և նման մի շարք այլ հարցերի առնչությամբ պարզաբանումներ տվեց ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Կիրառվող բալային համակարգն այսպիսին է. յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, տարվա համար ստանում է 9 տուգանային միավոր, որը տարածվում է ճանապարհային երթևեկության կանոնների գրեթե 20 տեսակ խախտումների վրա։ Ամեն մի խախտում միավորներ է տանում վարորդից, որոնց քանակը կախված է խախտման վտանգավորության աստիճանից։ Խախտումներից մեկը վերաբերում է խաչմերուկի անցման կարգին. այս դեպքում նախատեսվում է 5.000 դրամ տուգանք և 9 բալից պակասում է մեկ միավոր։ Առավել հաճախակի կրկնվող խախտումներից է հետիոտնային անցումի վրա կանգառը. նման դեպքում սահմանվում է տուգանք՝ 15.000 դրամի չափով և պակասում է մեկ միավոր։ Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի ՙկանգնել՚ հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-ից 30կմ/ժամով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից։ Այսինքն` ըստ խախտման տեսակի՝ ճանապարհային ոստիկանությունը կնվազեցնի վարորդին տրված միավորները (կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից, այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1,2,3 կամ 4 միավորով)։ Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամության կարգ ունեցողների վրա՝ բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքից։ Կա նաև խստացում. որոշ իրավախախտումների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։
Եթե վարորդը մեկ տարում սպառի բոլոր 9 բալերը, ապա կես տարով կկասեցվի նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը։ Ըստ Ա. Հարությունյանի՝ կասեցում բառը երթևեկության խախտումների առումով նույնպես նորություն է և հատկանշական է, որ օրենքը նախատեսում է նաև հնարավորություն՝ ժամկետից շուտ վերականգնել մեքենա վարելու իրավունքը։ Այսինքն՝ կասեցված ժամկետի կեսը լրանալուց հետո՝ ցանկության դեպքում, վարորդն օրենքի ուժով իրավունք կստանա հանձնել տեսական քննություն և կրկին նստել մեքենայի ղեկին։ Իսկ եթե չի ուզում քննություն հանձնել՝ միևնույն է՝ 6 ամիսը լրանալուց հետո, առանց որևէ քննության, կվերականգնվի նրա վարորդական իրավունքը։ Եթե 6 ամիս անց՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տվյալ անձը կրկին սպառի լիմիտը՝ 9 բալը, վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Այս դեպքում ժամկետի կեսը լրանալուց հետո տեսական քննությամբ իրավունքները վերականգնելու հնարավորություն նրան չի ընձեռվում, և ժամկետի ավարտից հետո միայն անձը ստիպված կլինի հանձնել ամբողջական քննություն՝ վարորդական վկայական ստանալու համար։
Բալային նոր համակարգը կտարածվի՞ ՀՀ-ում խախտում կատարած՝ Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա՝ հարցին ի պատասխան Ա. Հարությունյանն ասաց. ՙՀՀ օրենքի համաձայն՝ անկախ այն բանից, թե որտեղ է գրանցված քաղաքացին, բոլորն էլ ենթակա են վարչական պատասխանատվության։ Այսօրվա դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ ՀՀ-ում ներդրված և գործող նոր կարգը չի կիրառվում՝ ծրագրի հետ կապված համակարգչային որոշ խնդիրների պատճառով։ Ներկայում դրանց ուղղությամբ մենք աշխատում ենք և շատ հնարավոր է, որ առաջիկա օրերին օրենքն սկսի գործել նաև Արցախի քաղաքացիների համար՚։
Եթե խախտում արձանագրած ավտոմեքենայի ղեկին եղել է ոչ թե նրա տերը, այլ մեկ ուրիշ անձ, ինչպե՞ս են վարվում նման դեպքում՝ հարցի առնչությամբ Ա. Հարությունյանն ասաց. ՙՃանապարհային ոստիկանությունում կա էլեկտրոնային հարթակ, որի միջոցով տվյալ մեքենայի սեփականատերը կարող է տեղեկացնել, որ տվյալ օրը և տվյալ ժամին մեքենայի ղեկին եղել է այլ քաղաքացի։ Նշված էլեկտրոնային հարթակի միջոցով այդ քաղաքացու հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկվում և անձը հաստատվելու դեպքում բալային համակարգին համապատասխան պատիժը կիրառվում է նրա նկատմամբ՚։
Սկսած 2020 թվականի հունվարի 1-ից տուգանային միավորները կիրառվում են միայն տեսանկարահանման և լուսանկարահանման համակարգով արձանագրված իրավախախտումների պարագայում, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից իրավախախտումների արձանագրման պարագայում թե՜ Հայաստանում և թե՜ Արցախում օրենքն ուժի մեջ է մտնելու ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։ Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ առայժմ հստակեցվում է օրենսդրական դաշտը։
Նոր համակարգի արդյունքների մասին հետևություններ անելը դեռևս վաղ է, ասում է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը։ Ա. Հարությունյանի խոսքով՝ բալային համակարգն ունի իր դրական կողմերը. այն զգաստացնում է վարորդներին՝ զգույշ վարելու մեքենան և հնարավորինս թույլ չտալու խախտումներ։ Բացի այդ, արանքում տեսական քննություն հանձնելը ևս դրական գործոն է, քանզի այն հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ թարմացնել ավտոմեքենա վարողի գիտելիքները։