ՀԱԹԵՐՔ. ՄԵԾ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՀՈԳՍԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը հարուստ անցյալ ու պատմամշակութային լուրջ արժեքներ ունեցող արցախյան հինավուրց բնակավայրերից է, այն որպես իշխանանիստ կենտրոն հիշատակվել է դեռևս ուշ միջնադարից, տարածաշրջանում համարվել տնտեսական և առևտրային կարևոր հանգուցակետ: Թարթառի ձախափնյա բարձրադիր սարահարթում թառած գյուղի գեղեցկությունը հատկապես հարևան Գետավանից է լավ երևում:
Գյուղի հյուսիսային սահմանով ձգվում է Մռավի լեռնաշղթան: Արցախյան պատերազմի տարիներին շրջանի շատ գյուղերի նման Հաթերքը ևս երկու անգամ հայտնվել է թշնամու վերահսկողության տակ: Հաթերքցիների մասին թևավոր խոսքերը շատ են. ՙԱմեն գյուղից մի պել (խենթ) բերեք, Հաթերքից` որը պատահի՚, ՙԹուխպ հետ տվող հաթերքցիք՚, սրանք բնութագրումներ են, որոնք բացահայտում են այս գյուղում ապրողների խիզախությունը, խենթությունը, հաստատակամությունն ու սկզբունքայնությունը: Էլ ինչպե՞ս կարելի է բացատրել անզեն կանանց ու երիտասարդների՝ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի երեք տասնյակից ավելի զինվորականներին զինաթափելն ու շրջակա գյուղերից պատանդ վերցված տասնյակ հայ երիտասարդների ազատությունը պահանջելը, կամ օմոնականների մուտքն արգելելը: Հաթերքն արցախյան պատերազմում 47 զոհ է տվել: 2016-ի ապրիլյան սրացման օրերին, ցավոք, ևս երկու հերոս միացավ նահատակների շարքին: Բռնագաղթ ապրած ու կրկին շենացած բազմաթիվ այլ համայնքների պես այստեղ էլ այսօր հոգսերն ու խնդիրները քիչ չեն, լուծման ուղիները` դժվար հասանելի:
Մինչև Ղարաբաղյան շարժումը գյուղը ենթաշրջանի կենտրոնն էր համարվում և ուներ 2800 բնակիչ: Այսօր Հաթեքը 2000 բնակիչ ունի, պետք է ասել, որ կենտրոնի համարումն այսօր ևս հաթերքցիները ձգտում են չզիջել: Երկու տասնյակից ավելի խանութները, դեմ դիմաց գործող գեղեցկության սրահները, մանկական խաղահրապարակն ու կից ՙքաղցր բամբակ՚ վերտառությամբ կրպակը և այլ ատրիբուտներն այստեղ մշտական են: ՏԻՄ վերջին ընտրություններին գյուղացիները գրեթե միաձայն երիտասարդ համայնքապետ են ընտրել: Գյուղի խնդիրներին մանկուց քաջատեղյակ Վարդան Գրիգորյանը շրջանի ազատագրման մարտերում զոհված, ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի արժանացած շքանշանակիր Բարմեն Գրիգորյանի որդին է: Գյուղամիջում հավաքված տարեցները գյուղապետի մի քանի ամսվա աշխատանքից գոհունակություն են հայտնում. ջրի հարցն է որոշակիորեն կարգավորել, գյուղի զարգացման կոնկրետ ծրագիր ունի, մնում է օգնողներ գտնվեն:
Համայնքապետի խոսքով՝` ներկայում Հաթերքը երկու մեծ խնդիր ունի` ջուր և ճանապարհներ:
ՙՋուր շատ ունենք, մոտ 2000 տոննա ջուր է մտնում գյուղ, ջրատար ցանցն է աղետալի վիճակում: Գյուղացիները տարիներ շարունակ անարգել միացել են ընդհանուր ջրատարին` այդպիսով խնդիրներ ստեղծելով ամբողջ գյուղի համար: Հիմա թաղամասերով ենք ջուրը մատակարարում, խնդրել ենք համբերել, մինչև ողջ ջրատար ցանցը փոխվի: Քանի ամիս է՝ գյուղապետով, ավագանիով ջրի տեր ենք դարձել՚,-կատակում է նա: Մոտ ապագայում բնակիչների տներում ջրաչափիչներ պիտի տեղադրվեն: Առաջնային խնդիրների շարքում է նաև ոռոգման ջուրը գյուղ հասցնելու հարցը: ՙՀարևան Զագլիկի ու Ականաբերդի ջրատարերը մեր գյուղով են անցնում, իսկ մենք ոռոգման ջուր չունենք՚: Ըստ համայնքապետի՝ համայնքը շատ մեծ տարածք է զբաղեցում, խնդիրները ևս այլ գյուղերի համեմատ մեծ են ու դժվարլուծելի: Թերևս դա է պատճառը, որ նախկին համայնքապետերը հետամուտ չեն եղել բազմաթիվ հարցերի կարգավորմանը, կուտակված ոչ բոլոր խնդիրների մասին են բարձրաձայնել: Հաթերքի ղեկավարը նաև անարդարացի է համարում այն փաստը, որ համայնքների զարգացման ծրագրերում ավելի շատ ներառված են փոքր համայնքները:
Գյուղում խիստ ընդգծված է բնակարանային խնդիրը: Պետք է ասել, որ 1993-ին վերադառնալով գյուղ՝ հաթերքցիները տների 80 տոկոսն ավերված ու քարուքանդ գտան: Հետագայում դրանց մեծ մասը վերականգնվեց: Չնայած դրան, գյուղում դեռ աչքի են զարնվում թշնամու ձեռագրից տուժած տները: Նախորդ տարվա ընթացքում շրջվարչակազմի տրամադրված շինանյութով 20 տուն է վերանորոգվել: ՙՎերջին տարիներին գյուղում բնակարանաշինությունը զրոյական մակարդակի վրա էր,-ասում է համայնքապետը: -Հարևան Զագլիկում շուրջ քսան տուն է կառուցվել, մեր գյուղում միայն բազմազավակների ու զոհված ազատամարտիկների ընտանիքների համար են պետության կողմից տներ կառուցվել: Բնակարանաշինության այլ ծրագրերից բնակիչներն անտեղյակ են եղել, մեր գյուղը դուրս է մնացել հանրապետությունում ընթացող ծրագրերից: Սա ինչ է, եթե ոչ համայնքի ղեկավարության թերացում՚,-ասում է նա:
Տասը բազմազավակ ընտանիք է ապրում գյուղում, սակայն մինչ այժմ միայն երկու տուն է կառուցվել այդ ընտանիքների համար: Ըստ Վ. Գրիգորյանի` բոլորը գյուղի կենտրոնին մոտ հողամաս են պահանջում, որտեղ ազատ հողատարածքներ չկան, արդյունքում` նրանք գերադասում են վարձով բնակվել, քան գյուղի բարձրադիր թաղամասի տարածքներից օգտվել: Հաթերքում այսօր շուրջ 600 տուն կա, որոնցից 200-ը` դատարկ: ՙՀնարավոր չէ՞ կապ հաստատել տերերի հետ ու այդ տները հատկացնել բնակարանի խնդիր ունեցող երիտասարդ ընտանիքներին՚,-հարցնում եմ: Պարզվում է, նա վաղուց է մտածում այդ ուղղությամբ: Վ. Գրիգորյանը համայնքապետարանի աշխատակիցներին հանձնարարել է հաշվառել տիրազուրկ համարվող բոլոր տները՝ թեկուզ ավերված ու կիսաքանդ: Հետո կփորձեն կապվել դրանց տերերի հետ ու որոշել իրենց անելիքը:
Նախկին հաթերքցիների մեծ մասը ՌԴ-ում է բնակվում: Տարիներ ի վեր կուտակված մեծ ու փոքր հոգսերից ազատվելու համար գյուղը բարերարների օգնության կարիքն ունի: ՙԱչքով չտամ, բայց վերջերս գյուղից դուրս ապրող մեր հայրենակիցներն ավելի շատ են հետաքրքրվում գյուղի կյանքով՚,-տեղեկացրեց մեր զրուցակիցը: -Ռուսաստանաբնակ հաթերքցի Վազգեն Հայրապետյանի միջոցներով գյուղի ամենաբարձր` ՙՏկողնուտի յալ՚ կոչվող բարձունքում խաչ է տեղադրվել, այժմ դա Հաթերքի տեսարժան վայրերից մեկն է: Նախորդ տարում մի քանի բարերաների օգնությամբ մաքրվել է ողջ գյուղի տարածքն ու գերեզմանոցը, ընդլայնվել են գյուղամիջյան որոշ ճանապարհներ: Գյուղի երկու թաղամասերի միջև ընկած ձորը տեղ-տեղ վերածվել է աղբանոցի, ըստ համայնքապետի՝ մոտակա օրերին բարերարների շնորհիվ ձեռք կբերվի աղբատար մեքենա, և այդ հարցը ևս կլուծվի:
Համայնքի գյուղատնտեսական նշանակության 644 հա հողերում հիմնականում գարնանացան է կատարվում, այստեղ լավ է աճում եգիպտացորենն ու արևածաղիկը: Եվ սակայն այս համայնքում ևս շատերը բանջարանոցի հետ գլուխ չունեն: Հաթերքի բնակչության գերակշիռ մասը քաղաքաբնակի կյանքով է ապրում, քանի որ այստեղ աշխատատեղերի խնդիր, կարելի է ասել, գոյություն չունի: Հաթերքի տարածքում 6 հէկեր են գործում, ՊԲ զորամաս: Համայնքի երիտասարդության մի մասը ժամանակավոր աշխատանքով ապահովված է Կաշենի հանքավայրում կամ շրջկենտրոնում: Շաբաթվա գրեթե բոլոր օրերին մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապ է գործում: Գյուղը գազիֆիկացված չէ:
ՙԱշխատանքով ապահովված է տղամարդկանց 90 տոկոսը, սակայն կանանց աշխատատեղերի խնդիր ունենք՚,-ասում է գյուղապետը: Համայնքապետը միանգամայն իրատեսական է համարում բարերարների ներգրավմամբ այս ուղղությամբ ևս մտածելու և գյուղի կանանց համար աշխատատեղեր ստեղծելու ծրագրերը: Նախնական պայմանավորվածություններ կան բանջարեղենի վերամշակման, մսամթերքի ընդունման կետեր գործարկելու ուղղությամբ:
Հաթերքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի 291 աշակերտ ունի: Տարեցտարի երեխաների թվաքանակի աճ կա: Երկու առաջին դասարաններում 34 երեխա ունեն: Տնօրեն Նարինե Միրզոյանի տեղեկատվությամբ` ներկայում որևէ առարկայի գծով մասնագետի պահանջ կրթօջախը չունի: Դպրոցում ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ հովանավորությամբ գործում է ՙԱրմաթ՚ լաբորատորիան` 3 խմբակով: Հաթերքցի պատանի շախմատիստները գրեթե միշտ հաջողություններ են գրանցում ՀՀ-ում կազմակերպվող մրցաշարերում: Դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլ են հասնում հիմնականում հայոց լեզվից, գրականությունից, աշխարհագրությունից և պատմությունից: Չնայած շենքն այնքան էլ հին չէ, սակայն օրախնդիր է սպորտդահլիճի վերանորոգման հարցը:
Համայնքում գործում է նաև մանկապարտեզ, որտեղ 100 երեխա է հաճախում: Լուծում պահանջող խնդիրներից է նախակրթարանի ջեռուցման՝ տարիներով չլուծվող հարցը:
Պատերազմի տարիներին ավերակի վերածված Հաթերքի մշակույթի տունը ժամանակին մարզի ամենամեծ ու գեղեցիկ կառույցներից մեկն էր: 2009թ. այն պետության միջոցներով հիմնանորոգվել է, բարերար Կարեն Կարապետյանն անհրաժեշտ գույքի հարցն է լուծել: Այժմ 250-տեղանոց դահլիճում են կազմակերպվում գյուղի բոլոր մեծ միջոցառումները: Մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստում են Երևանից ժամանող երգիչներն ու տարբեր խմբերը: Երգչուհի Շուշան Պետրոսյանն է ժամանակին մշակույթի տանը տրամադրել որոշ անհրաժեշտ սարքավորումներ:
Գյուղին աշխուժություն հաղորդվում է ժենգյալով հացի փառատոնի օրերին, որը հիմնականում գարնանն է կազմակերպվում: Մտահղացումը Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտ Սամվել Միրզախանյանի ու նրա ընկերների մոտ էր ծագել: Հաթերքցի երիտասարդին երեք տարի առաջ՝ առաջին փառատոնի օրերին, հաջողվել է համագյուղացիներին ապացուցել, որ անգամ սեփական ծննդավայրում էլ կարելի է գործ հիմնել ու բազմաթիվ զբոսաշրջիկների համար ժամանցի և հանգստի տարբեր հնարավորություններ ստեղծել: Այժմ սկսնակ ձեռներեցը հարազատ գյուղում հիմնած բիզնեսի առաջին շահույթն է ներդնում: