[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ, ԿԱՄ ՝ ՙՂՏ՚-Ն... ԾԵՐԱՆՈՒՄ Է

altԱյն, որ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ (ՙՂՏ՚) վերջերս սկսել է ՙդրայվով՚ աշխատել` փաստում են հաճախակի ՙնոր՚ ծառայությունների մասին  ծանուցումները, որոնք, սակայն, ոչ բոլորն են ընդունվում նույնպիսի խանդավառությամբ:
Խոսքը, մասնավորապես, վերջերս արագ ներդրված ու նույնպիսի արագությամբ էլ հանված ՙՁայնային փոստ՚ ծառայության մասին է, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ՙբռնակցում՚ բաժանորդային համարներին: Այս մասին արդեն խոսվել է եւ հավելյալ անդրադարձ պետք չէ կատարել` բացառությամբ մի քանի կարեւոր փաստերի, որոնք արժե հիշատակել:

Այս ծառայության մասին ՙՂՏ՚-ի ղեկավարությունը փոխտնօրենի մակարդակով ներկայացրեց որպես ՙնորություն Արցախում եւ ժամանակակից երկրներում տարածված ծառայություն՚ (տես` ՙԱզատ Արցախ՚, հ. 51, 5 մայիսի 2012թ., ՙԱնհասկանալի սրտացավություն՚):
Ինչ խոսք, այդպիսի նշաձող բռնելը առնվազն ողջունելի է, սակայն պետք է փաստենք, որ  նույնանման  ծառայություն ՙՂարաբաղ Տելեկոմը՚ մատուցում է...արդեն շատ վաղուց: Համենայն դեպս ՙՂՏ՚-ի կողմից ներկայացված ծառայությունների ցանկում այն միշտ էլ եղել է ու եղել է անվճար (տես` ՙՂՏ՚-ի ծառայությունների ցանկացած գովազդային թերթիկ): Ստացվում է, որ ՙՂՏ՚-ի  ղեկավարությունն այնքան էլ տեղյակ չէ իր իսկ մատուցած ծառայությունների մասին  կամ էլ, ներդրվող ծառայությունների քանակական գործոնն առաջ բերելով` փորձում է ՙնորարար՚ ձեւանալ: Այս համատեքստում ժամանակակից երկրների օրինակի հիշատակումը պարոն Օդաբաշյանի կողմից նույնպես տեղին չէր, քանի որ որեւէ ժամանակակից երկրում ՙՁայնային փոստ՚ ծառայությունը ՙժամանակակից՚ կապի օպերատորը 21-րդ դարի 2-րդ տասնամյակում չի ներկայացնում որպես նորույթ: Դա առնվազն լուրջ չէ...
Ինչ վերաբերում է ժամանակակից աշխարհում բաժանորդների՝ այս ծառայության հանդեպ ՙլուռ՚ վերաբերմունքին, ապա, կարծում ենք, որ ՙՂՏ՚-ի փոխտնօրենը թերեւս լավ կարծիքի չէ սեփական բաժանորդների մասին:
Ամփոփելով` ցանկանում ենք ունենալ ավելի լավ ծառայություններ ստանալու հեռանկարը, առավել եւս, որ ՙՂՏ՚-ի կողմից արդեն երկու տարի է շեփորահարվում է Արցախում 3G ծառայությունների ներդրման  խոստումը, ինչը, կարծում ենք,  որոշ չափով կարգելակի ՙՂՏ՚-ի ՙծերացումը՚: 
Ասել է թե` նոր սերունդը սպասում է ՙնոր սերնդին՚:

 

Վարուժան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՙՂՏ՚-ի բաժանորդ