ՍԻԴՆԵՅ ԹԱՂԱՄԱՍԻ ՏՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
ՙՔարվաճառում Սիդնեյ բնակելի թաղամասի կառուցումը վերաբնակեցման հիմնական աշխատանքների մաս է։ Իսկ ազատագրված հայրենիքի վերաբնակեցումը` մեր ազատագրական պայքարի կարևոր հանգրվան։ Պատերազմում հաղթելուց հետո պետք է նաև այս տարածքները զարգացնել, կայուն դարձնել և վերաբնակեցնել։ Բացի այն, որ սա մեր հայրենի հողն է, այն նաև ռազմավարական մեծ նշանակություն ունի՚,- Քարվաճառ կատարած վերջին մեր այցելության ժամանակ զրույցում նշեց ՙԱՐԻ՚ հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը։ Վերջինս Քարվաճառում էր՝ տեսնելու արդեն կատարված աշխատանքները։
Նշենք, որ ՙԱՐԻ՚ ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող թաղամասի 15 բնակելի տներից 8-ն արդեն այս կամ այն չափով կառուցված է։ Տները կառուցման տարբեր փուլերում են, սակայն բոլոր 8-ի տանիքն արդեն փակված է։ Ինչպես տեղեկացրեց շինարարության պատասխանատուներից Սերժիկ Պողոսյանը, շինություններից մի քանիսում արդեն ներսի աշխատանքներ են արվում։ ՙԵրկու տան հիմք արդեն գցված է։ Այս հատվածում 11 տուն է կառուցվելու, մյուս չորսը կառուցվելու են քիչ վերև։ Դրսի գործերն ավարտելուց հետո կսկսենք ներքին հարդարման աշխատանքները՚,- տեղեկացրեց շինարարն ու ընդգծեց, որ տներն առավելագույնս ապահով և տաք են կառուցվում։
Սիդնեյ բնակելի թաղամասի կառուցումն ՙԱՐԻ՚ հիմնադրամի ծրագրերից մեկն է, որ իրականացվում է ազատագրված Արցախում։
ՙ2009 թվականին հիմնադրամի ստեղծումից հետո մենք պետության հետ համագործությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացրել հիմնականում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում՝ ցածր տոկոսներով վարկեր տրամադրելով տարբեր, հիմնականում՝ գյուղատնտեսական ծրագրերի զարգացման համար՚,- նշեց Պճաքչեանը՝ ընդգծելով, որ հատկապես այս շրջաններում մեծ ներդրումների կարիք կա, որոնց համար պետական ռեսուրսները չեն բավականացնում։ ՙԵռակողմ շահավետ ծրագրեր ենք իրականացրել՝ ցածր տոկոսներով վարկեր տրամադրելով գյուղացուն, ով դրանք ստանալու այլ հնարավորություններ չունի։
Միևնույն ժամանակ, սփյուռքահայ ներդրողը հոգեկան բավարարվածություն է ստանում հայրենիքի հզորացման գործում մասնակցություն ունենալու համար, ինչպես նաև, թեև ոչ շատ մեծ, բայց շահույթ է ստանում այդ ներդրումից։ Իսկ պետությունը հնարավորություն է ստանում այս շրջանները զարգացնելու։ ՙԱՐԻ՚ հիմնադրամի գործունեությունն սկսել ենք 16 հոգով, հիմա ունենք 220 ներդրողների աշխարհի տարբեր երկրներից՚,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Քարվաճառում Սիդնեյ թաղամասի կառուցումը, որը ևս երկարաժամկետ ներդրումային նախագիծ է, երկու տարի առաջ հիմնադրամի կողմից ներկայացվել է ավստրալահայ գործարարների, որոնք համաձայնել են ներդրումներ կատարել։ Քանի որ հիմնական ներդրողները Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից են, այդտեղից էլ՝ թաղամասի անվանումը։
Ըստ Բենիամին Պճաքչեանի՝ կառուցվող 15 բնակարանները պետք է հատկացվեն հիմնականում մասնագետների։ ՙՇրջանը կարիք ունի տարբեր ոլորտների մասնագետների՝ ինքնաբավ դառնալու և հզորանալու համար՚։
Այս առթիվ մեզ հետ զրույցում շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ, ըստ նախնական քննարկումների, տները տրամադրելու են սոցիալական ենթախմբի մարդկանց և մասնագետների։ ՙՏները կառուցելուց հետո համապատասխան հայտարարություններ կտարածվեն Քարվաճառում անհրաժեշտ մասնագետների վերաբերյալ։ Հայտեր կներկայացնեն նաև շրջանում գործող տարբեր գերատեսչություններ ու հիմնարկներ՝ ըստ մասնագետների իրենց կարիքների՚,- ընդգծեց շրջվարչակազմի ղեկավարը։
Նշենք, որ ՙԱՐԻ՚ հիմնադրամը շարունակում է նաև շրջանում իրականացվող գյուղատնտեսական զարգացման ծրագրերը։ ՙ11 տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական ծրագրերի արդյունքները մենք տեսնում ենք։ Հարավային Քաշաթաղում մշակված գյուղատնտեսական հողատարածքների թիվը բազմապատկվել է, Շահումյանի շրջանում անասունների գլխաքանակն ավելացել է։ Սա հաջողություն է, և այս ծրագրերը շարունակական են։ Մենք սպասում ենք նաև նոր ծրագրերի, առաջարկների, որոնց ուղղությամբ ևս կարող են ներդրումներ արվել՚,- ամփոփեց Բենիամին Պճաքչեանը։