ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔ ՉԻ ԱՐձԱՆԱԳՐՎԵԼ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Չինաստանի Առողջապահության պետական ??հանձնաժողովի զեկույցի համաձայն` 2020թ. մարտի 2-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության 80175 հաստատված դեպք, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվել է 44607 (55,6%) մարդ: Գրանցվել է մահվան 2915 դեպք (3,6%): Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հաստատված 88950 դեպք: Բացի Չինաստանից աշխարհի արդեն 62 երկրում գրանցվել է շուրջ 8776 դեպք: Մինչև մարտի 2-ի կեսօրը Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք. ապաքինվել է 291 մարդ, արձանագրվել մահվան 66 դեպք:
Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այն հաստատվել է փետրվարի 28-ին Թեհրանից օդանավով ժամանած ՀՀ 29 տարեկան տղամարդու մոտ։ Վերջինիս հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։ ՀՀ կառավարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած կանոններով իրականցնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Նույն օրը ժամը, 12.00-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ունեցած մամուլի ասուլիսին կոչ արեց պահպանել հանգստություն, վստահել միայն պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները։
ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը մարտի 2-ին որոշում է կայացրել երկարացնել և խստացնել հայ-իրանական սահմանի շուրջ գործող սահմանափակումները, այդ թվում՝ բեռնափոխադրումների մասով։ Հայաստանի քաղաքացիներին կոչ արվեց հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի և Թուրքիայի ուղղությամբ։
ՀՀ-ում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին մոտեցումներով լրամշակվել են վարակի բուժման նոր ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք կհաստատվեն և կտեղայնացվեն: Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:
ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունները հորդորում ենք բնակչությանը խուճապի չմատնվել և պահպանել սահմանված կանխարգելիչ կանոները: ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հավաստմամբ՝ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել: ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիայում արցախցի հիվանդների քիթ ըմպանից վերցված նմուշների հետազոտության արդյունքները բացասական են եղել։ Նախարարության մասնագետներն աշխատում են խստացված ռեժիմով` վարակի ներթափանցումը կանխելու համար։ Նախարարի խոսքով՝ տեղի բուժանձնակազմը վերապատրաստված է, առկա են միջազգային չափանիշներով շենքային պայմաններ, պատրաստ են մեկուսարաններ նոր կորոնավիրուսով կասկածվող հիվանդների բուժումը կազմակերպելու և արտաքին միջավայրի հետ նրանց շփումը սահմանափակելու համար։ Համակարգը վերազինվել է բժշկական պարագաներով ու անհրաժեշտ դեղորայքով։ Ա. Բաղրյանը և մյուս պատասխանատուները հուսով են, որ անհրաժեշտություն չի առաջանա բուժհիմնարկներում մեկուսարանների գործարկման համար։
ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին հանրապետության բուժհաստատությունների ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում կրկնակի նվազել են վերին շնչուղիների սուր վարակներով դեպքերը, նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը։
Ինչ վերաբերում է հանրապետության նախադպրոցական և ուսումնակրթական հաստատություններում սուր շնչառական վարակների կանխարգելիչ միջոցառումներին, ապա պայմանավորված ՀՀ-ում մարտի 1-ին աձրանագրված նոր կորոնավիրուսի առաջին դեպքով, ԱՀ-ում կրկին փակվել են նշյալ հաստատությունները՝ մարտի 23-28-ի գարնանային արձակուրդները տեղափոխելով մարտի 2-8-ը։ Պարապմունքները դադարեցվել են նաև բուհերում։
Կորոնավիրուսի նոր տիպով չհիվանդանալու և վարակի թափանցումն Արցախ կանխելու համար առողջապահության ոլորտի պատասխանատուները հորդորում են միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը և խուսափել գրիպանման ախտանշաններով հիվանդների հետ շփումից։ Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով։
Գրիպանման ախտանշանների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տայիս չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկական օգնության՝ նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճամփորդության մասին: Ամեն դեպքում, պետք է պահպանել հիգիենայի տարրական կանոնները և հետևել կանխարգելիչ կանոններին: