ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ԼԻՆԵՐ...
Վան Նովիկով
Արդեն 40 տարի դերձակն ունկնդիր է Մորզեի այբուբենի պես կանոնավոր հնչյունների՝ միայն ընտրյալներին վերծանելի պատմվածքին։ Աշխույժ տկտկացող ասեղի արած պատմությունը, թերևս, ավելի հին է, քան... քան՝ նույնիսկ Ծակուռին, որի հնագույն խաչքարը թվագրված է մեր պատմության 1198թ.։ Չգիտեմ, բայց գուցե հնագետներն Ազոխում արդեն գտե՞լ են հազարամյակներ առաջ անհետացած մի կենդանատեսակի ամենաբարակ ոսկորից մեր նախահայրերից մեկի պատրաստած ասեղի նախաօրինակը՝ նույն կենդանու ջլով, ինչպես ասում ենք, թելած։
Դերձակ-վարպետի արհեստավարժ ու աշխույժ շարժուձևում միաժամանակ ազնվական ինչ-որ վեհություն կա։ Կարծես ձգելով դերձակնոցի գույնզգույն կոճերից` վարպետ Վոլոդյան միտքը թել-թել տանում, հասցնում է հայրենի Ծակուռի։ Ասում են` այնտեղ ժամանակին նույնիսկ իսլանդական շպատի հանքավայր են հայտնաբերել։ Բայց դե, հանքագործությունը երևի ծակուռեցիներինը չէր։ Թերևս դա էր պատճառը, որ դպրոցում գերազանցիկ Վոլոդյա Օհանջանյանին ավելի շատ կիբեռնետիկայի աշխարհն էր հմայել։ Բարձրագույն չընդունվեց։ Ո՜չ առաջին, ո՜չ՝ երկրորդ փորձից։ Գյուղատնտեսականն էլ պակաս գրավիչ ու եկամտաբեր զբաղմունք չէր։ Նախորդի պես երազանք մնաց։
ՙԱվելի ճիշտ, գյուղատնտեսական ընդունվելու չգնացի, որովհետև այն արհեստը, որն ընտրեցի, պակաս հարգված ու եկամտաբեր գործ չէր՚,- պատանեկության երազանքի դեմ մեղք արածի պես, բայց համարյա կեսդարյա արհեստավորի բարձունքից խոհուն ժպտում է զրուցակիցս։
Երևանից վերադարձավ ու սպասեց զորակոչին, որը փոքր-ինչ երկարեց։ Սպասման ու պարապության ճեղքվածքը կարկատելու համար հոր խորհրդով որոշեց դերձակի փեշակը յուրացնել։
Վարպետ Ռաֆիկին էլ, ում մոտ մի կերպ համոզելով նրան ուղարկեց հայրը, հաջողվեց նախևառաջ դերձակի արհեստի նկատմամբ իր սերը փոխանցել աշկերտին։
Ասում է՝ լավ վարպետի-ուսուցչի խոսքը ծնողի խորհրդից պակաս հեղինակավոր չէր յուր ժամանակին։
ՙՑանկացած արհեստավորի վաստակած գումարն էլ, հարգանք-պատիվն էլ ոչնչով չէին զիջում որևէ այլ մասնագիտության։ Թեկուզ՝ բարձրագույն կրթություն պահանջող՚,-տաբատի փողքի օճառով գծած ուղիղ գիծը մկրատելով՝ ասում է վարպետ Վոլոդյան ու դեմքով շրջվում դեպի կարի մեքենան։ Չհասցրի նույնիսկ աչք թարթել։ Տկտկացող ասեղի ձայնը կարծես հեռագիր է անցյալին։ Գուցե ապագայի՞ն։ Տաբատի կարճացած փողքին շարվող կարերի ներդաշնակ համաչափությունը ազնվական անցյալի մասին պատմող գրվածքի է նմանվում...
ՙ Ճաշակով ու յուրօրինակ հագնվելը՝ գեղեցկության ու պատվի հարց է։ Էն ժամանակ, բնական թելից ու բարձրորակ կտորներ կային։ Հիմիկվա նման սինթետիկ չէին։ Կարերն էլ հիմիկվա թուրքականի կամ չինականի նման ծուռ- ծուռ չէին։ Բացի այդ, այն ժամանակ պատրաստի հագուստ համարյա չկար։ Հիմա մենակ կարճացնելու կամ ձևափոխելու համար են գալիս, բայց գործ միշտ կա, եկամուտն էլ հետը՚,-միտքս գուշակում է վարպեստ Վոլոդյան։
...Երբ արցախցի արհեստավարժ դերձակների մեծ բանակի շնորհիվ բամբակյա ու բրդյա կտորից ձևած բարձրորակ ու ինքնատիպ հագուստը միայն անգլիացիների ու ֆրանսիացիների ատելյեների մենաաշնորհը չէր։
...Երբ ամենուրեք հայկական ՝ ի մասնավոր նաև արցախյան քաղաքային ու գյուղական մշակույթի, առօրյայի անբաժան մաս դարձած կարուձևի ատելյեների շքեղ կահավորումն ու ջերմ մթնոլորտը ոճասերների ու ու էսթետների նախընտրելի միջավայրերից էր։
...Երբ մանուկ օրերին յուրաքանչյուր հյուրընկալ տուն մտնելով` փնտրում, գտնում էի կարի մեքենան /մեծ մասամբ մեխանիկական/ և պտտանիվը ավտոմեքենայի ղեկ երևակայած` սլանում էի հայտնի ու անհայտ եթերներով։ Հաստատ գտնվում էր։
ՙՍովետը քանդվելուց հետո ամենամեծ սխալներից մեկը՝ պրոֆտեխուսումնարանները փակելն էր՚,- մկրատն ախորժալի խրթխրթացնելով` շարունակեց վարպետը՝ ինձ վերադարձնելով մեր օրեր,- Մեր ժամանակ դասարանից մի երկու-երեք հոգի էին ընդունվում բարձրագույն։ Այնպես չէր, որ վատ էին սովորում դպրոցում։ Համալսարան ընդունվելը հեշտ գործ չէր։ Դպրոցների շրջանավարտների մեծամասնության և, ինչու չէ, համալսարան դիմած ու չընդունվածների համար լայնորեն բաց էին հյուրընկալ պրոֆտեխուսումնարանների դռները։ Տարեկան 700-800 աշկերտ էին ավարտում ու գնում իրենց շեները։ Գյուղ չկար, որ դերձակ չունենար։ Հիմա դրանք փակվել են։ Բայց էդ գազետի բան չի, էդ պետական մակարդակով լուծելու հարց է...՚:
Բայց հիմա էլ կան արհեստագործական ուսումնարաններ,-ընդհատում եմ։
Տարեկան ամենաքիչը մի հազար աշակերտ է դպրոցն ավարտում, բայց քանի՞սն են գնում արհեստագործական,- գիտի, որ երկուսս էլ, և ոչ միայն, գիտենք հարցի պատասխանը։ Ուստի շարունակում է. ՙՀիմա արհեստավորները մեծ մասամբ ինքնուս են և շատ հաճախ գործը որակով չեն անում։ Օր-ցերեկ, ճրագով, ես ու ընկերս, օրինակ, փականագործ /սանտեխնիկ/ ենք փնտրում, չենք գտնում։ Արհեստագործականում ուսուցման գործը ավելի բարձր մակարդակով կարելի էր կազմակերպել ...՚:
Զրույցն ընդհատվում է։ Պատվիրատուի հեռանալուց հետո կարի մեքենային համահունչ ուղեղումս նրանց կարճատև, բայց բովանդակալից բանակցությունն է տկտկում.
ՙՊայմանավորվածությունը փողից թանկ արժե՚։ Այս փիլիսոփայությունը փոքր-ինչ ցուրտ արհեստանոցում կենսակերպ է։ Իզուր չէ, որ վարպետ Վոլոդյան հպարտ է իր վաստակած հարգանքով ու ընկերներով։ Ասում է` գոհության ապրումը միշտ ուղեկից է եղել։ Հիշում է, որ մի հարսանիքի ժամանակ բոլորն իր կարած հագուստով էին ներկայացել։
ՙՈւրիշ ի՞նչը կարող էր դրանից առավել գոհության ու հպարտության առիթ տալ՚,-աչքերը փայլում են։ Անշուշտ ոգեշնչումից, որն իր ամուր կարը արհեստի նկատմամբ սիրուց է թել առել։
ՙԱյս արհեստով էլ և՜ ընտանիքիս, և՜ շրջապատիս համար կարողացել եմ օգտակար լինել ու ծառայել։ Տուն-տեղ եմ դրել, երեխա մեծացրել։ Համալսարան ընդունվելս չհաջողելու համար չեմ փոշմանում։ Ավելին՝ գյուղատնտեսական չընդունվելուս փոխարեն էլ հիմա զուգահեռ նաև մեղվապահությամբ եմ զբաղվում։ Ամեն դեպքում, ճանապարհը կյանքն է ցույց տվել՚,- ապրածն է թելում դերձակը։
ՙՎարպետ, որ ասում են յոթ չափիր՝ մեկ կտրիր, միայն գործի մե՞ջ է պետք եկել, թե՞ կյանքում էլ՚,-հանկարծակի հիշեցի ամենակարևոր հարցը թերևս։
ՙԷդ զգուշության ու լրացուցիչ ստուգելու մասին է ասված, որ բացթողում չլինի։ Երբ էլեկտրիկի գործն էի սովորում, մեր վարպետը բարձրավոլտ էլեկտրակայաններ քանդել-հավաքելիս ասում էր՝ ցանկացած պտուտակի ամրություն կարևոր ու որոշիչ է։ Ամեն գործի մեջ է էդպես։ Կյանքում էլ, որպեսզի բացթողումները հնարավորինս նվազագույնի հասնեն։ Զգուշությունն ու ստուգումն այս առումով շարժիչ ուժ են՚։
Երբ միտքս ասեղի հինած հեքիաթին ունկնդիր` դուրս էի գալիս արհեստանոցից, դերձակ-վարպետը ձայնեց. ՙԳիտե՞ս, էս ամեն ինչը չէի ասի, բայց դե մեր կյանքի պատմությունն է։ Ուղղակի շատ կցանկանայի, որ մեր գործը շարունակող լիներ՚։