ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲԵՐՁՈՐՈՒՄ
Զոհրաբ Ըռքոյան
ք. Բերձոր
Այս օրերին եղանակային պայմաններն արդեն հնարավորություն տալիս են, որպեսզի Քաշաթաղի շրջվարչակազմի ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ աշխատակիցները բարեկարգման աշխատանքներ կատարեն Բերձոր քաղաքում և շրջանի այլ բնակավայրերում։
Ներկայումս շրջվարչակազմի շենքի մոտից Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոց բարձրացող ճանապարհի մի հատվածում վերջերս կառուցված աստիճանների ճաղաշարերն են տեղադրվում՝ բազալտե քարերով։ Աշխատանքները մոտենում են ավարտին։ Քաղաքի Խաղաղության փողոցից հետիոտների համար կարճ ճանապարհ(արահետ) է իջնում դեպի Մինաս Ավետիսյանի փողոց։ Շատ հետիոտներ են օգտվում այս արահետից։ Վերջիններիս շարժը հեշտացնելու համար նույն արահետի տեղանքում լայն աստիճանավանդակ է կառուցվում նախորդ տարվա սեպտեմբերից։ Եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատանքները դադարեցվել էին, և մի քանի օր շարունակ շինարարներն այստեղ ևս աշխատանք են կատարում։ Մոտ 200մ ճանապարհի վրա բազալտե քարերով աստիճանավանդակ է կառուցվում, ընթանում են բետոնապատման աշխատանքներ։ Բետոնապատվել է նաև Բերձորի մանկապարտեզից (Շառլ Ազնավուրի փողոցից) դեպի Երևանյան մայրուղի տանող մայթը: Ըստ ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Կարեն Աբրահամյանի` աշխատանքներն իրականացվում են ԱՀ կառավարության հատկացումներով։ Օրեր առաջ կազմակերպության աշխատակիցները բարեկարգեցին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի վրա գտնվող ՙապրիլյան քառօրյայի՚ հերոսներին նվիրված հուշակոթողի մոտակա շվաքարան-զրուցարանը, որը ծառայում է հասարակությանը։ Վարպետ Q. Սարիբեկյանը ծապատախտակներով պատել է շվաքարանի շրջակայքը, թարմացվել են սեղանի և նստարանի տախտակները։ Բերձոր քաղաքում իրականացվում է ներհամայնքային ճանապարհների բարեկարգում։ Արդեն ավարտվել է Րաֆֆու անվան փողոցի մոտ 300մ հատվածի նորոգումը։ Դյուրին է դարձել այս ճանապարհից օգտվող բնակիչների անցուդարձը։ Այժմ կազմակերպության տեխնիկական միջոցներն աշխատում են Երանյան մայրուղուց դեպի Տիգրան Մեծի և Մելիք-Հայկազյանների փողոցներ տանող հատվածում։ ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի կողմից բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև Կովսական քաղաքում։ Նորոգվել է քաղաքի կենտրոնական մասում գտնվող շրջապտույտը, հարակից տարածքները։ Մարտի 1-ից Կովսականում և հարևան Միջնավան քաղաքում սկսվել են աղբահանության աշխատանքները։ Շուտով կմեկնարկեն միջհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքները։
;