ՀԵՆԱՐԱՆ ԴԱՌՆԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հովհաննես և Ռուզաննա Խաչատրյանների, նրանց ոչ սովորական ընտանիքի հետ ծանոթացա ու շփվեցի Արցախի հանրային հեռուստատեսության ՙՈգու նժար՚ հեռուստանախագծի շրջանակներում։ Բազմազավակ ընտանիքը ապրում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում։ Տան միակ կերակրողը՝ ընտանիքի հայրը՝ Հովհաննես Խաչատրյանը, պայմանագրային զինծառայող է։ Կինը՝ Ռուզաննան, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է լույս աշխարհ բերել հինգ զավակների, տան փոքրը ընդամենը 2 ամսական է։
Ցավոք, նրանց երեխաներից երկուսը՝ Բաթը և Վալերիկը, տառապում են անբուժելի հիվանդությամբ։ Չնայած սուղ միջոցներին` ծնողներն ամեն ինչ անում են` իրենց որդիներին լիարժեք կյանքի վերադարձնելու։ Վերջերս Երևանի առաջատար բուժհիմնարկներից մեկում կատարված հետազոտությամբ պարզել են, որ իրենց զավակներին անհրաժեշտ է բուժզննում անցնել արտասահմանում։ Ռուզաննան ու Հովհաննեսը հույսները չեն կորցնում։ Երեխաներին մանկատուն հանձնելու մասին լսել անգամ չեն ուզում… Ինչպես ամուսինն է ասում, պարտավորված են մինչև մահ տիրություն անել սահմանափակ կարողություններով լույս աշխահ եկած իրենց որդիներին։ Երեխաների մայրը արցունքն աչքերին վստահեցնում է, որ ինքն ուժեղ կին է ու սիրող մայր և միշտ իր զավակների հետ ու նրանց կողքին է լինելու։ Իսկ գուցեև հրաշք լինի, ու մի հնար գտնվի իր զավակների ապաքինման համար։ Այս ամբողջ ընթացքում Ռուզաննան բազմաթիվ դռներ է ծեծել, բայց առայժմ` ապարդյուն։ Պատկան մարմիններն էլ ասում են, որ երեխաները նպաստ են ստանում, և որ իրենք ավելին անել չեն կարող։ Ամուսնու աշխատավարձով հազիվ հասցնում են մեծ ու բազմանդամ ընտանիքին կերակրել։ Օգնության կարոտ երկու անչափահաս հաշմանդամ երեխաները բոլորիս ու յուրաքանչյուրիս օգնության ու հոգածության կարիքն ունեն։ Մինչև մեկ տարեկան դառնալը նրանց մոտ կարծես ամեն ինչ նորմալ էր, բայց մայրը ժամանակ անց նկատել է, որ երեխաները խոսելու, քայլելու ունակությունից զուրկ են. գլոբալ զարգացման հապաղում՝ ախտորոշել են բժիշկները։ Բաթի մոտ մեկ տարեկանից նաև շլություն է նկատվել։ Ծնողները նույնիսկ հնարավորություն չունեն երեխաներին տանել Երևանի ՙԱրաբկիր՚, ՙԱստղիկ՚ մասնագիտացված կլինիկաներ, որտեղ բուժզննումը բավականին թանկ է։ ՀՀ և ԱՀ մասնագետները հապաղում են վերջնական ախտորոշում տալ, նրանք խորհուրդ են տալիս վերջնական ախտորոշման համար դիմել արտերկրի կլինիկաներ…. Բայց ինչպե՞ս… Ընտանիքը դրան պատրաստ չէ ո՜չ ֆիզիկապես և ո՜չ էլ նյութապես։
ՙԱրևիկ՚ բուժմիավորման բժիշկ Էռնեստ Լալայանի վկայությամբ (նա նաև նրանց տեղամասային բժիշկն է եղել)` երեխաների մոտ պրոբլեմներն ի հայտ են եկել վաղ տարիքից։ Նյարդաբանի կոնսուլտացիայից և վերականգնողական միջոցներ ձեռնարկելուց հետո լավացում, դրական շարժ չի նկատվել, որից հետո նրանց ուղեգրել են Երևանի համապատասխան բուժհիմնարկներ` զննություն անցնելու։
Երկուսն էլ ախտորոշվել են անհայտ ախտածագման հիվանդությամբ։ Բժիշկները կասկածներ ունեն, որ երեխաների հիվանդությունը գենետիկ ծագում ունի և հստակ ախտորոշել ո՜չ Երևանում ու ո՜չ էլ Ստեփանակերտում հնարավոր չէր։ Նման գենետիկական քննությունները հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում։ ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնում ծնողներին խորհուրդ են տվել շարունակել վերականգնողական թերապիան և հետազոտություններ կատարել` վերջնական ախտորոշման նպատակով։
Անհարմարավետ, խոնավ, նկուղային հարկում ապրող ընտանիքը ստիպված է դիմակայել նաև կենցաղային բազում անհարմարությունների։ 10 տարի է, ինչ վարձով են ապրում, դիմել են քաղաքապետարան, ասել են` դեռ պիտի սպասեք… Ինքչա՞ն սպասենք` հարցնում է հինգ երեխաների մայրը, որ ստիպված է հաղթահարել ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական մեծ ծանրությունը։ Տան վարձը չեն կարողանում ժամանակին տալ, կոմունալ ծախսերը չեն հասցնում փակել, տարվա մեջ երկու անգամ երեխաներին բժշկի են տանում Երևան, էլի ծախս է, երեխաների նպաստով հազիվ հասցնում են սննդամթերք գնել, այն էլ` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով։ Ասել, թե փոքրիկները լիարժեք սնվում են, ճիշտ չի լինի։ Մի խոսքով, անտանելի վիճակ ու պայմաններ, իսկ երբ տանտերերն էլ նրանց ասում են` ազատեք տունը, անելանելի վիճակից արդեն չգիտեն ինչպես վարվեն։ Դժվար է կանխագուշակել, թե բազմանդամ ընտանիքը ինչպես կհաղթահարի բաժին հասած ծանր փորձությունը։ 10 տարի է` ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը, պայմանագրային ծառայության մեջ է, ասում է` կողքից ոչ մի օգնություն չունի, մենակ է դիմակայում հոգսերին, եթե գոնե երեխաները առողջ լինեին, էլի ոչինչ, էլի դիմանալու են, բայց ի՞նչ գնով, միայն Աստծուն է հայտնի։ Նրանց հույսը բարի կամքի տեր մարդիկ են, ովքեր ձեռք կմեկնեն, ու նրանք հնարավորություն կունենան երեխաներին արտերկիր բուժման տանելու։ Հարևան-դրկիցների վկայությամբ` ամուսինը ոչ միայն բարեխիղճ ծառայող է, այլև կնոջ անխոնջ օգնականն է բոլոր հարցերում` սկսած փոքրիկների խնամքից մինչև կրթություն ու դաստիարակություն։ Հովհաննեսի ցանկությունն է, որ ոչ ոք հիվանդ երեխա չունենա, ու ոչ մի երեխայի մատ փուշ չմտնի։
Ծնողների համար եթե արտասահմանն անհասանելի է, ապա նրանց Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն տանելն էլ դժվար ու խնդրահարույց է. եփել-թափել, երկու ամսական փոքրիկի խնամք, ամուսինն էլ մշտապես ծառայավայրում է։ Եթե մի փոքր հնարավորություն լինում է, ապա Բաթին ու Վալերիկին տանում են վերականգնողական կենտրոնի հատուկ խնամքի մանկապարտեզ, որտեղ արհեստավարժ մասնագետների օգնությամբ փորձ է արվում վերականգնել երեխաների լեզվական ունակությունները, նրանց ինտեգրել միջավայրին։ Արդյունքները գոհացուցիչ չեն, որովհետև ծնողները պարզապես ի վիճակի չեն հետևողականություն դրսևորել։ Վերականգնող¬թերապևտ Քրիստինե Պետրոսյանի կարծիքով` եթե ծնողները հետևողական են ու նորմալ հաճախականություն են ապահովում, ապա արդյունքներ էլ լինում են, հակառակ պարագայում արդյունք ակնկալելն ապարդյուն է։ Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի կարծիքով` անհրաժեշտ է ամեն կերպ աջակից լինել Խաչատրյանների ընտանիքին։ Նրանց երեխաները, ճիշտ է, ոչ հաճախ, բայց հաճախում են իրենց կենտրոն տարբեր մասնագետների մոտ բուժում ստանալու համար, սակայն նրանց սոցիալական վիճակը թույլ չի տալիս պարբերաբար դարձնել հաճախումները, դրա համար էլ արդյունքները դրական չեն։ Վ. Թադևոսյանը կոչ արեց հանրությանը աջակից լինել ընտանիքին՝ երեխաների շարունակական բուժման համար։
ՙՕգնության ձեռք՚ և ՙԳթության մայր՚ կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով` Արցախում, ցավոք, դեռևս ունենք ընտանիքներ, որոնք օգնության, սատարման կարիք ունեն։ Նրանց կարծիքով` համախմբվելու դեպքում եթե մի ընտանիք էլ թոթափի հոգսերը, մի երեխա էլ բուժվի ու լիարժեք կյանքի վերադառնա, ապա իրենց վարձատրված կզգան։
Ինչ խոսք, կարելվույն չափով կարիքավորներին օգնելը աստվածահաճո է, օգնենք մարդկանց, որոնք կարիքի մեջ են, ուշադրության ու հոգածության կարոտ։ Անհրաժեշտ աջակցություն ստանալու դեպքում նրանք նպատակ ունեն նաև ստեղծել խնամքի կենտրոն, որի առկայության դեպքում սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների մայրերը կարող են հանգիստ աշխատանքի ընդունվել` իմանալով, որ իրենց փոքրիկները հուսալի ձեռքերում են։ Խոսքից գործի անցնենք, ձեռք մեկնենք դժվար վիճակում հայտնված մեր մերձավորին։ Կասեք` բոլորն ունենք խնդիրներ, տուն չկա, որ խնդիր չունենա, բայց երանելի է այն մարդը, որ, նեղության մեջ գտնվելով, օգնում, ձեռք է մեկնում իր նմանին` դրկից¬մերձավորին։
Առակաց գիրքը հիշեցնում է. ՙՄարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է հաստատում՚… Թող Տերը մեզնից յուրաքանչյուրի համար հաստատի բարեգթության ճանապարհը, նեղության մեջ գտնվողին օգնելու ճանապարհը։ Անսանք ժողովրդական իմաստնությանը, որը հուշում է, թե ՙՄարդու կենսագրությունը սկսվում է ոչ թե նրա ծննդյան օրվանից, այլ այն պահից, երբ նա կատարում է առաջին բարի գործը՚… Բարիք գործենք, եթե չենք կարող ավելին անել, գոնե մեկ SMS հաղորդագրություն` 3555 կարճ հեռախոսահամարին, որի արժեքն է 500 դրամ, ուղարկենք Խաչատրյաններին: Իսկ ովքեր ունեն ավելիի հնարավորություն, կարող են փոխանցումներ կատարել Արցախբանկում Ռուզան Խաչատրյանի անվամբ բացված 22301043182101 հաշվեհամարին։ Փորձենք առավելագույնս օգտակար լինել մեր կարիքն ունեցող ընտանիքին։ Հենարան դառնանք երիտասարդ ընտանիքին։