ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղը գտնվում է Հակարիի ձախակողմյան թեք լանջին՝ շրջկենտրոն Բերձորից 3-4 կմ հյուսիս։ Գյուղի ներհամայնքային ճանապարհները վերջին անգամ հիմնովին բարեկարգվել էին 11-12 տարի առաջ։ Այս ժամանակաընթացքում մի քանի անգամ աշխատանքներ կատարվել են ՙԹուֆենկյան՚ բարեգործականի և շրջվարչակազմի կողմից։ Այս մասին տեղեկացրեց համայնքի նախկին ղեկավար, այժմ շրջվարչակազմի ղեկավարի օգնական Մարինե Պետոյանը։
Վերջին ժամանակները բավականին դժվարացել էր երթևեկելը։ Անցած աշնանը ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի կողմից հիմնանորոգվեց հյուսիսային կողմից գյուղ մտնող ճանապարհի մի հատվածը։ Այժմ ընկերության տեխնիկան շարունակում է ճանապարհաշինական աշխատանքները։ Օրերս ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Կ. Դանիելյանի հետ եղանք Քարեգահում, որտեղ ընկերության մղանը Բերձոր-Քարվաճառ ճանապարհից Քարեգահ իջնող երկրորդ ճանապարհին էր աշխատում։ Մղանավար Վալերի Ավետիսյանը երկար տարիներ է, ինչ աշխատանքներ է կատարում շրջանի տարբեր հատվածներում։ Տեղում էր նաև համայնքի ղեկավար Սարգիս Բաբայանը։ Գոհ էր կատարվող աշխատանքներից, ուրախ, որ տարիներ անց, դարձյալ նույն մղանավարի մասնակցությամբ, բարեկարգվում են իրենց գյուղի ներքին ճանապարհները։ Հավելեց՝ աշխատանքներն սկսել են Մարտի 8-ի նախօրեին։ Համայնքում վերջերս լուծվել է խմելու ջրի խնդիրը։ Կ. Դանիելյանն ասաց, որ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումից հետո կսկսեն Քարեգահ-Բերձոր այլընտրանքային ճանապարհի նորոգումը։ Այս ճանապարհը նույնպես կարևոր է գյուղը շրջկենտրոնին կապելու համար։ ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Կարեն Աբրահամյանը տեղեկացրեց՝ օրերս ավարտել են Բերձորի հյուսիս-արևելքում՝ բարձրադիր մասում գտնվող թաղամասի ճանապարհի բարեկարգումը և շուտով իրենց ընկերության տեխնիկան կտեղափոխվի շրջանի հյուսիսային` Շալուայի տարածք՝ Վազգենաշեն-Շալուա ճանապարհահատվածը նորոգելու։ Ավարտին է մոտենում նաև հարավային Կումայրիի գյուղական համայնքի կազմում գտնվող Շիրակ գյուղ մտնող մոտ 4կմ ճանապարհի բարեկարգումը։ Տարիների ընթացքում այս հատվածը չէր հիմնանորոգվել, և խոշոր փոսեր էին առաջացել ճանապարհին՝ այն դարձրել գրեթե անանցանելի։ Ճանապարհների բարեկարգմանը զուգահեռ՝ ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի համապատասխան տեխնիկական միջոցները մաքրում են Ուռեկան-Վուրգավան ոռոգման ջրատարը, իսկ Սարատակի գյուղական համայնքի տարածքում մաքրում են դրենաժները, եղեգնից ու մացառներից ազատում վարելահողերը։
;