COVID-19 ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՆԴԵՄԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսով պայմանավորված հայտարարե? համաշխարհային պանդեմիա (անսովոր հզոր համաճարակ, որ բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ աշխարհի շատ երկրներում):
Մարտի 16-ի դրությամբ` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 153 000-ի սահմանը, գրանցվել մահվան ավելի քան 5700 դեպք:
Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալներով Չինաստանում մարտի 16-ի դրությամբ գրանցվել է COVID-19 -ով վարակված 80860 մարդ, ապաքինվածների թիվը կազմել է 67490, արձանագրվել մահվան 3213 դեպք: Վիրուսի բռնկման պահից սկսած վարակը Չինաստանից դուրս ավելի արագ սկսեց տարածվել։ Չինաստանից հետո համաճարակային ամենավատ իրավիճակում հայտնվել է Իտալիան, որտեղ հաստատվել է վարակման 25 000 դեպք, որից 1 800-ը` մահվան ելքով։ Ֆրանսիայում գրանցվել է վարակման 4500, մահվան` 91 դեպք, Գերմանիայում՝ 5700 (11 մահ), Նիդեռլանդներում՝ 2270 (20), Շվեյցարիայում՝ 2200 (14), Մեծ Բրիտանիայում՝ 1144 (21), ԱՄՆ-ում՝ 3500 (557)։ Նոր կորոնավիրուսով ամենաշատ տուժած երկրների շարքում է նաև Իրանը, որտեղ գրանցվել է վարակման 14 000 և մահվան 724 դեպք։
Ցավոք, մարտի 11-ին Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի երեք նոր դեպք, իսկ մարտի 12-ին և հետագա օրերին վարակվածների թիվն ավելացավ։ Առաջին 3 վարակակիրները Հայաստան են վերադարձել Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ էին (տարիքը` 45 և 27): Մարտի 16-ի ժամը 8:00 դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորումների արդյունքում Հայաստանում հաստատվել է ընդհանուր 30 դեպք, որոնցից մարտի 1-ի վարակված անձն արդեն առողջացել է: Ի դեպ, վարակվածների մեծ մասը Էջմիածին քաղաքից են։ Վարակման դեպքերն աճել են Էջմիածնում աղմկահարույց նշանադրությունից հետո, երբ Իտալիայից ժամանած բնակչուհին, չանսալով պատասխանատու մարմինների հոդորներին, հրաժարվել է տնային ինքնամեկուսացումից, ինչի հետևանքով հանդիսության մի քանի տասնյակ մասնակիցներ այժմ կարանտինի մեջ են։ Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել էր դպրոցահասակ երեխայի մոտ, կրկին Էջմիածնի դեպքի շրջանակից: Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները, մեկուսացվել։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ շատ կարևոր է այս պանդեմիայի պայքարի շրջանակներում արհեստական և կեղծ տեղեկություններից խուսափելը, որովհետև դա խանգարում է հիվանդության կանխարգելմանը։ Վարակի կանխման արդյունավետ միջոցներին անդրադառնալով, Ա. Թորոսյանը նախ նշեց գանգատներ ունեցող մարդկանց հայտնաբերելը, նրանց թեստավորելը, շփում ունեցողների մեկուսացումը, ինչը ևս երկու տեսակի է լինում՝ տնային և հատուկ պայմաններով մեկուսացում։ Ընդ որում, հատուկ պայմաններով մեկուսացման ենթակա են նաև մարդիկ, ովքեր անմիջական շփում են ունեցել հաստատված դեպքերով հիվանդների հետ։ Կարևոր է նաև բնակչության անձնական պատասխանատվության զգացումը շրջապատի մարդկանց առողջության նկատմամբ՝ պահպանելով կանխարգելիչ կանոնները։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ պարագաների պաշար ստեղծելու համար: Մարտի 12-ին ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը քննարկել են հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները:
ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ մինչ այսօր հիվանդների քիթ-ըմպանից վերցված շուրջ 70-ից ավելի նմուշ է ուղարկվել ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտության, որոնց բոլորի պատասխանները բացասական են եղել: Հետազոտությունների արդյունքներով՝ ԱՀ-ում շրջանառվում են գրիպի Ա և Բ տեսակները։ Պայմանավորված ՀՀ-ում մարտի 11-ից հետո արձանագրված նոր կորոնավիրուսի դեպքերի աճով, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում մարտի 13-ից կրկին փակվել են նախադպրոցական և ուսումնական մյուս հաստատությունները։ Իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են միանվագ օգտագործման պարագաներով, ախտահանիչ նյութերով, ինչպես նաև լազերային հեռահար ջերմաչափերով։ ԱՀ կառավարության և տեղական երկու ընկերության հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն արտադրվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք, համապատասխանում են սահմանված բժշկական նորմերին: Իսկ մարտի 14-ին նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ: Նրանց հանձնարարվել է պարբերաբար իրազեկել հանրապետության բնակչությանը նոր կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվելու կանոնները։ Բուժհիմնարկներում դադարեցվել են պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին։ Նախարարը հրահանգել է դադարեցնել երկրորդային գնումները և ֆինանսական միջոցները ուղղել միայն դեղերի, ախտահանիչ նյութերի, բժշկական նշանակության ապրանքների ու պարագաների ձեռքբերմանը և այն օգտագործել խիստ խնայողաբար:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել, հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ Արցախի կառավարությունը կոչ է անում ԱՀ քաղաքացիներին խուսափել արտասահմանյան այցելություններից, գործուղումներից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 14 օրերին Հայաստան վերադարձած և ջերմության, հազի ու դժվարացած շնչառության ախտանշաններով քաղաքացիներին անհապաղ դիմել բժշկական օգնության։ Մասնագետները կրկին զգուշացնում են խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)։ Նոր կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային և շփման ուղիներով: Հիվանդության գաղտնի շրջանը 2-14 օր է, հաճախ` 3-5: Վարակված հիվանդների մոտ առկա են գրիպանման երևույթներ՝ հազ, բարձր ջերմություն, դժվար շնչառություն և այլն: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Այս ու գրիպանման այլ ախտանշանների դեպքում պետք է մնալ տանը և պահպանել անկողնային ռեժիմ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, այլ դիմել բժշկի, հետևել նրա խորհուրդներին։ Հատկապես տարեցները, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղի կանայք և երեխաները հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի ու ենթատեսակի դեպքում։ Հիվանդ վիճակում չի թույլատրվում այցելել աշխատանքի, հասարակական վայրեր, զանգվածային միջոցառումների։ Անչափ կարևոր է յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը` վիրուսի թափանցումը կանխարգելելու գործում:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաև հաճախակի օդափոխել փակ տարածքները, հագնվել եղանակին համապատասխան, սնվել լիարժեք, ընդունել սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով հարուստ սնունդ, ինչպես նաև մարզել մարմինը և քնել լիարժեք։