ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Հանրային պաշտպանի գրասենյակն ստեղծվել է հանրապետության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Օլյա ԱԼԹՈՒՆՅԱՆԻ` վերջին տարիներին կրկնակի ավելացել է հանրային պաշտպաններից օգտվողների թվաքանակը: Դիմելիության նման աճը մեր զրուցակիցը բացատրում է ավելի շատ նրանով, որ կառույցը տարեցտարի ավելի է կայացել, ինչի արդյունքում հանրության շրջանում հաղթահարվել է անվստահությունը հանրային պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, հատկապես որ պաշտպանների ցուցաբերած օգնությունը որակյալ է թե՜ քրեական, թե՜ քաղաքացիական գործերով:
Ներկայումս գրասենյակում ընդգրկված է 25 պաշտպան: Փաստաբանները, որոնք ստանձնում են այդ աշխատանքը, վարձատրվում են պետական բյուջեից` օրենքով սահմանված չափով և կարգով։ ՙՄենք ունենք ներքին իրավական ակտ` Հանրային պաշտպանի գրասենյակի կանոնակարգ, որի համաձայն` եթե պաշտպանը գրասենյակում լրիվ հաստիքով է ընդգրկված, ապա նա իրավունք չունի վճարովի հիմունքներով ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնել` որպես փաստաբան: Բայց պետությունը մեզ ընդհանուր 8 հաստիք է տրամադրել, որից 6-ը` քրեական և 2-ը` քաղաքացիական գործերով, բնական է, նման կազմով մենք ի վիճակի չէինք սպասարկել ողջ հանրապետության բնակչության համապատասխան խմբերին, դրա համար ոչ լրիվ հաստիքով ընդգրկել ենք նաև վճարովի հիմունքներով աշխատող պաշտպաններին: Գրասենյակի աշխատանքներում ընդգրկված 25 փաստաբաններից 20-ը զբաղվում է քրեական, 5-ը՝ քաղաքացիական գործերով։ Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կարգավորվում է ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքի 42-րդ հոդվածով։
Մինչ 2017թ.Հանրային պաշտպանի գրասենյակում ընդգրկված փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերվում էր հիմնականում քրեական գործերով, քաղաքացիական գործերից հանրային պաշտպանի իրավունք ունեին միայն ալիմենտ բռնագանձելու կամ առողջությանը պատճառած վնասը հատուցելու պահանջներով դիմողները։ Արդեն երեք տարի է՝ հանրային պաշտպաններն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով։ Ըստ Օ. Ալթունյանի` ծառայությունից հնարավորություն ունեն օգտվել որոշակի կարգավիճակ ունեցող անձինք, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի փաստեր են ներկայացնում. այդ շարքում են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, Հայրենական մեծ պատերազմի և ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, փախստականները, ԱՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածները։ Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է խորհրդատվություն, հայցադիմումների, դիմումների և դատավարական փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ներկայացուցչություն կամ պաշտպանություն դատական նիստերի ընթացքում։ Ըստ գրասենյակի ղեկավար Ալ. Գալստյանի տեղեկատվության՝ անվճար իրավաբանական օգնություն չի նախատեսվում ձեռնարկատիրական բնույթի և նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի պահանջով գործերի դեպքում։ ՙԼինում են դեպքեր, երբ քաղաքացին դիմում է Փաստաբանների պալատ պաշտպանի հետ վճարովի հիմունքներով պայմանավորվելու համար, և մենք ինքներս ենք առաջարկում հանրային պաշտպանի ծառայություններ` ելնելով նրա կարգավիճակից՚:
2019թ. ընթացքում մինչդատական և դատական վարույթներին հանրային պաշտպաններն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրել 841 քրեական գործերով: Քաղաքացիական գործերով օգնություն է ցուցաբերվել 206 գործով։ Տարվա կտրվածքով հանրային պաշտպաններն աշխատում են մինչև 50-55 գործով ծանրաբեռնվածությամբ:
Անդրադառնալով գրասենյակի խնդիրներին` կառույցի ղեկավարը նշեց, որ որոշ շրջաններում կան միայն քրեական գործերով օգնություն տրամադրող հանրային պաշտպաններ: Հրատապ է բոլոր շրջաններում հանրային պաշտպանի գրասենյակներ ունենալու հարցը, որոնց առկայությունը նաև քաղաքացիների իրավագիտակցությունը կբարձրացնի: Մեր զրուցակցի համոզմամբ` անգամ շաբաթվա մի քանի օրը սեփական գրասենյակում շրջաններում ընդունելություն կազմակերպելով` հնարավոր կլինի մեծ օգնություն ցուցաբերել գյուղաբնակ մեր քաղաքացիներին: Այդ հարցում կարևոր է նաև շրջվարչակազմերի ղեկավարների հետաքրքրվածությունը: Ըստ Օ. Ալթունյանի` դիմել են Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին` այդ հարցում ընդառաջելու համար:
Փաստաբանների պալատի նախագահը նաև հավելել է, որ, ինչպես միշտ, կառույցն առաջնային խնդիր է դիտարկում նաև հանրության իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Փաստաբանները պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում ավագ դպրոցների աշակերտների, բուհերի ուսանողների և զինծառայողների հետ։ Հանրային պաշտպանները պարբերաբար նաև այցելություններ են կատարում ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և քննչական մեկուսարանի կալանավորներին` ցուցաբերելով իրավաբանական օգնություն՝ խորհրդատվություն, օգնություն` անհրաժեշտ իրավաբանական բնույթի փաստաթղթեր, նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ կազմելու առնչությամբ։
Հանրային պաշտպանները պարբերաբար վերապատրաստման դասընթացների են մասնակցում։ Շարունակական է համագործակցությունը ՀՀ փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի հետ, մեր փաստաբաններին հնարավորություն է ընձեռվել հեռավար կարգով անցնել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, դիմորդները նաև կարողանում են ՀՀ փաստաբանական դպրոցում ուսում ստանալ։ ՙՀանրային պաշտպանի գրասենյակը պահանջված կառույց է, և նրա կազմում ընդգրկված փաստաբանները մատուցում են որակյալ ծառայություններ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելով իրենց վստահորդներին՚,-ասել է Օ. Ալթունյանը` շեշտելով, որ որևէ պետական մարմին չի կարող միջամտել հանրային պաշտպանների գործունեությանը: