ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵԿԱՄՍՅԱ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Կանխարգելիչ միջոցառումներ երկու հայկական պետություններում
ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ Կասկածվող 13 հիվանդների քիթ ըմպանից վերցված նմուշ է ուղարկվել ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիա` հետազոտության: Հաստատված արդյունքներով 13 փորձանմուշի պատասխանները բացասական են եղել։ ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հանրապետության բնակչությանը չհավատալ ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկություններին։
Արցախի առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանի պարզաբանմամբ՝ օրերս ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից Facebook սոցցանցում տարածվել է ապատեղեկատվություն, թե, իբր, նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը: Մեր զրուցակցի խոսքով՝ այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով հանրությանը ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող կանխարգելիչ աշխատանքները: Առողջապահական համակարգն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:
Նոր կորոնավիրուսի թափանցումը կանխարգելելու նպատակով համակարգի բուժհիմնարկներում սահմանփակվել է ստացիոնար բուժում ստացող հիվանդների այցելությունները, դադարեցվել են պլանային վիրահատությունները: ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում մեր բնակչությանը ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքներ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարտի 17-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը և շահագրգիռ կառույցների մյուս պատասխանատուներն այցելել են երկրի երկու անցակետեր և տեղում ծանոթացել նոր կորոնավիրուսը թափանցելուն կանխարգելիչ աշխատանքներին։ Երկրի պատասխանատուները պարբերաբար քննարկում են հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարականով էլ մայրաքաղաքում իրականացվում են ախտահանիչ միջոցառումներ հասարակական տրանսպորտում և ավտոտաղավարներում։
Մարտի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում արդեն արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 84 դեպք: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ից, ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը սահմանվեց արտակարգ դրություն: Դրա իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվեց պարետատուն, որի ղեկավարման համար պարետ նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Համաձայն սահմանված ռեժիմի՝ ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը, բացառությամբ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների: Հայաստանի քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Արգելվել է այն օտարերկրացիների մուտքը, ովքեր ժամանում են, կամ վերջին 14 օրը գտնվել են համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներում։ Սակայն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները կարող են մուտք գործել Հայստանի տարածք։ Կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում, պարետը կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց մուտքը, համաձայն արտակարգ դրության պայմանների, արգելվում է։
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՀՀ սահման մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն, ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ։ Արտակարգ դրությամբ սահմանվում է նաև տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք, համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ, որից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով՝ նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:
Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սահմանված ժամանակահատվածում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելնելով կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակից, կոչ արեց քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում: Երկու հայկական պետությունների անցագրային կետերում ներկայումս անց են կացվում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում, ինչպես նաև կանխարգելիչ այլ միջոցառումներ։ Մասնագետները կրկին զգուշացնում են խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)։ Անհրաժեշտ է հետևել տարրական հիգիենայի կանոններին, հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ։ Գրիպանման ախտանշանների դեպքում պետք է մնալ տանը և պահպանել անկողնային ռեժիմ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, այլ դիմել բժշկի։