ԵՐԲ ԿԻՆԸ ՄԱՅՐ Է ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի
Ալինա Սևլիկյանը բազմազավակ մայր է, 18 թոռան տատ։ Նա 2019թ. սեպտեմբերին Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվել է Մարտունու շրջանի Վարանդա համայնքի ղեկավար։ Ի դեպ, շրջանում Ալինա Սևլիկյանը միակ կին համայնքապետն է։ Արտաքնապես բավականին երիտասարդ անձնավորություն, ում տեսնելիս չես էլ պատկերացնի, որ ծնել, մեծացրել ու դաստիարակել է 13 երեխա։
Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Նախակրթարանն ավարտելուց հետո միջնակարգ կրթություն է ստացել Ստեփանակերտի թ.10 դպրոցում։ Բարձրագույն կրթություն ստացել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության բաժնում։ 1985թ. ամուսնացել է ծննդով սխտորաշենցի Արթուր Խաչատրյանի հետ, ստեղծել գեղեցիկ ու ամուր ընտանիք և բնակություն հաստատել Ստեփանակերտում՝ ամուսնու հայրական տանը, որ երեք եղբոր բաժին էր։ 2001թ. Ալինայի ընտանիքը վերաբնակվում է այժմյան Վարանդա գյուղում։ Այստեղ էլ ծնվում է նրանց իններորդ երեխան։ Ամուսինները համատեղ կյանքի ընթացքում 14 երեխա՝ 5 տղա, 9 աղջիկ են ունեցել, որից մեկը՝ 6-րդ տղա երեխան, մահացել է Արցախյան պատերազմի ժամանակ։ Ի դեպ, Ալինա Սևլիկյանը հինգ երեխա ծննդաբերել է Արցախյան պատերազմի տարիներին։ Ամուսինը ՊԲ նախկին զինծառայող է։ Հիմա Ալինայի աղջիկներից հինգը և տղաներից մեկն ամուսնացած են։ Այսօրվա դրությամբ՝ 7 երեխա է պահում տիկին Ալինան, որից 4-ն անչափահաս են։ Նշեմ, որ Ալինա Սևլիկյանի ակունքները գալիս են Հայաստանի Տեղ գյուղից։ Նրա պապը՝ Արութուն Սևլիկյանը, Բիլբիլաք գյուղի նախագահն էր, բազմանդամ ընտանիքի զավակ։ Այն ժառանգաբար փոխանցվել է։
-Հայ ազգը հայտնի է իր կանանցով, ովքեր ամուր հավատով և բարի կամքով եղել են հայ ընտանիքի հենասյունը։ Ցավոք, այժմ բարքերը փոխվել են,- ասում է տիկին Ալինան և, որպես կին ու մայր, վստահեցնում՝ եթե մայր ես, պետք է պատրաստ լինես ինքնազոհողության։ Հավաստիացնում է՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, կինը՝ թիկունքը։
Զրուցակցիս հավաստմամբ՝ կինը միաժամանակ պետք է գտնի իր տեղը հանրության մեջ, լինի գործնական, լավ տնային տնտեսուհի, հոգատար մայր, սիրված կին...։
Կնոջ առաքինությունների շարքում Ա.Սևլիկյանը առաջնահերթ կարևորում է այն, որ կինը նախ պիտի կյանք պարգևի և պատասխանատվություն կրի նրա համար, կարողանա դաստիարակել հասարակության համար պիտանի մարդ, պետության համար արժանի քաղաքացի։ Ընտանիքը պետության հիմնասյունն է, բազմազավակ ընտանիքը` պետության կապիտալը։ Որքան ամուր է ընտանիքը, այնքան հզոր է պետությունը, վստահեցնում է զրուցակիցս, բայց դրա համար անհրաժեշտ է պետական աջակցություն։ Ալինայի խոսքերով՝ այսօր պետությունը մեծ ուշադրություն է դարձնում բազմազավակ ընտանիքների խնդիրներին։ Օրինակ է բերում այն փաստը, որ ԱՀ կառավարությունը հինգ երեխա ունեցող ընտանիքներին ապահովում է չորսսենյականոց բնակարանով, այն էլ` կահավորված։ Սկզբում որպես վերաբնակիչ է երեք սենյականոց բնակարան ստացել Վարանդայում, որտեղ բացակայում էին կոմունալ պայմանները։ Համայնքում այդ տարիներին խմելու ջուր չկար, լվացքը գետում էր անում։ 2013թ. պետական աջակցության շնորհիվ ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվեցին, համայնքում լուծվեց նաև խմելու ջրի խնդիրը։
2004թ., որպես բազմազավակ ընտանիք, պետությունը նրանց տրամադրել է ևս երեքսենյականոց մի բնակարան: Մեր հարցին, թե ինչու՞ և ինչպե՞ս տիկին Ալինան որոշեց համայնքի ղեկավարի իր թեկնածությունն առաջադրել ՏԻՄ ընտրություններում, պատասխանեց. ՙԵս զգացի, որ մեր համայնքը հոգատար, սրտացավ ղեկավարի կարիք ունի, ու վստահեցի սեփական ուժերիս՚։
Ալինան համոզված է, որ կինը կարող է և՜ լավ համայնք ղեկավարել, և՜ լավ մայր լինել, և՜ օջախի սիրված կին։ Միայն անհրաժեշտ է օրվա աշխատանքները ճիշտ պլանավորել։
-Կինը` որպես տնային տնտեսուհի, այլ մարդ է, որպես համայնքի ղեկավար՝ մի այլ, քանզի համայնքի ղեկավարը պիտի կերպարանափոխվի՝ հարկ եղած դեպքում լինի կտրուկ ու վճռական, անհրաժեշտության դեպքում՝ հնազանդ ու զիջող։ Այլ կերպ հնարավոր չէ։ Բայց հոգատարությամբ մարդ պետք է նույնը մնա և՜ ընտանիքում, և՜ հասարակության մեջ,- ասում է Ա.Սևլիկյանը:
Սևլիկյանի փափագն է՝ իր համայնքը տեսնել զարգացած, երիտասարդներով կանգուն։ Պատահական չէ, որ նա իր գործունեությունը նպատակաուղղել է համայնքում երիտասարդությանը տեղ տալուն, աջակցելուն, որպեսզի նա օջախ կառուցի բնօրրանում։ Նրա խոսքով՝ ունեն երիտասարդներ, ովքեր ցանկանում են ապրել գյուղում, զարգացնել տնտեսություն։
Նորընտիր համայնքի ղեկավարը խոստանում է անել հնարավորը, որ համայնքը շենանա։ Նշեց, որ 2019թ. օգոստոսին բարերարի միջոցներով Վարանդա համայնքում անցկացվեց շուրջօրյա ջրամատակարարում, ինչը մի շարք հարցեր է լուծում։
Քանի որ մեր զրույցը Վարանդա համայնքի ղեկավար Ալինա Սևլիկյանի հետ Կանանց միամսյակի շրջանակում էր, զրուցակիցս ջերմորեն շնորհավորեց Արցախ աշխարհի բոլոր կանանց, մայրերին ու աղջիկներին՝ գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ, մաղթեց մշտապես լինել գարնան պես հմայիչ, թարմ ու ժպտերես։ Խորհուրդ տվեց` ի շահ ընտանիքի և պետության, շատ զավակներ ունենալ, որ մեր երկիրը լցվի մանկան ճիչով, և հարատև խաղաղ բացվեն մեր առավոտները։