ԱՋԱՓՆՅԱԿ. ՀՈԳՍԵՐ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի թաղային կոմիտեի նախագահ Արեն ԲԱԼԱՅԱՆԻ հետ փորձեցինք կիսվել ոչ միայն զարգացող թաղամասի հաջողություններով ու ապագայի տեսլականով, այլև մտահոգություններով, որոնք քիչ չես անվանի։ Ներկայումս թաղամասը մայրաքաղաքի թաղամասերի համեմատությամբ ամենաարագ աճողն ու զարգացողն է։
Վերաբնակեցումից բացի, մայրուղուց դեպի աջ ձգվող հատվածում նաև նոր թաղամաս է ձևավորվել։ Բնակիչների թիվը հասնում է 740-ի, 140 ծուխ ունի այն, շուրջ հարյուր տասը դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներ հաճախում են թաղամասի հիմնական դպրոցը։ Երեք տասնյակի հասնող մանկապարտեզի տարիքի երեխաներ կան, սակայն մանկապարտեզ չկա։ Դպրոցի աջ թևը, որը ներկայումս որպես փայտանոց է ծառայում, նախատեսվում է վերանորոգել և դարձնել մանկապարտեզ։ Արդեն հինգ տարի է հարցն օրակարգում է։ Բնակիչները հույսով սպասում են։ Պատկան մարմիններն իրազեկ են, որ մանկապարտեզն այս թաղամասում անհրաժեշտություն է, բայց… Երեխաների մեծ մասը հաճախում է Ստեփանակերտի մանկապարտեզներ, պատճառը դա է, որ 20-ից ավելի աշակերտներ Աջափնյակի դպրոց չեն հաճախում։ Քանի որ թաղամասի փողոցներն անբարեկարգ ու քարքարոտ են, և շատերը գերադասում են իրենց երեխաներին բերել Ստեփանակերտ: Ժամանակ առ ժամանկ դպրոցի ճանապարհին տեխնիկա է հայտնվում, խճապատում են, բայց սելավներն ու անձրևաջրերը կրկին իրենց սև գործն են կատարում, և նորից ցեխն ու քարերը դառնում են դպրոցականների ու նրանց ուսուցիչների ուղեկիցը ամեն օր։
Աջափնյակի կեսը, այսինքն` խտաբնակ թաղամասը, գազիֆիկացված է, իսկ մյուս կեսը` վերին աջափնյակը՝ ոչ։ Մոտ 70 ստորագրություններով նամակ են ուղարկել քաղաքապետարան ու ՙԱրցախգազ՚ ՓԲԸ և համբերությամբ սպասում են հարցի դրական լուծմանը։ Խոստացել են տարվա ընթացքում լուծել Աջափնյակի ու Նոր Արեշի գազիֆիկացման հարցը։ Թաղամասն ապահովված է մշտական ջրով, ձմռան ընթացքում ամեն ինչ նորմալ է, իսկ ամառային շրջանում ջրի հետ կապված մեծ խնդիր ունեն: Թաղապետի կարծիքով` պատճառը շուրջ 20 հանգստի գոտիներն են, որոնց լողավավազանների ջուրն ամեն օր փոխվում-թարմացվում է բնակիչներին մատակարարվող ջրի հաշվին։ Ոռոգման ջուր ընդհանրապես չկա, տնամերձ ջերմոցները, այգիներն ու բանջարանոցներն էլ ոռոգվում են խմելու ջրի հաշվին, սակայն կա նաև հարցի մյուս կողմը, խլորացված ջուրը ոռոգման նպատակով օգտագործելը բացասաբար է ազդում բանջարաբոստանային կուլտուրաների ու տնկիների վրա։ Խնդիրներն այնքան բազմաբնույթ ու բազմաշերտ են, որ Ա. Բալայանը չգիտի` առաջնահերթությունը որին տա։
Անդրադառնալով տրանսպորտային կապին` զրուցակիցս ասաց, որ օրական հինգ անգամ երթուղայինը գալիս¬գնում է, սակայն վարորդները դժգոհում են ուղևորների սակավությունից, նրանք հաճախ ստիպված են դատարկ երթևեկել։ Իսկ օրվա որոշակի պիկ ժամերին ուղևորներն այնքան շատ են լինում, որ մի մասը չի կարողանում տեղավորվել երթուղայինում։ Երթուղայինի աշխատանքի հետ կապված կրքերը միշտ բորբոքուն են. բողոքում¬դժգոհում են և՜ վարորդները, և՜ ուղևորները։ Բնակչության մի զգալի մասն օգտվում է տաքսի ծառայությունից, իսկ վերևի հատվածում էլ ընդհանրապես երթուղայինի երես չեն տեսնում։
Թաղամասի համար հարցերի հարցը եղել և մնում է կոյուղու բացակայությունը։ Խիտ բնակեցված դպրոցամերձ թաղամասում հողը պինդ է, չի փորվում և ամառային շրջանում ահավոր, գուցե ճիշտ կլինի ասել` աղետալի վիճակ է ստեղծվում: Կան առանձին տներ, որոնց կոյուղին դուրս է գալիս մինչև մայրուղի… գաղտնիք չէ, որ դրանք վարակների ու համաճարակի աղբյուր են հանդիսանում։ Բնակչությունը բազմիցս բարձրաձայնել, բողոքել է, քաղաքապետարանում տեղյակ են, նախագահի բոլոր թեկնածուներն էլ խնդրին ծանոթ են, բայց դեռևս ոչ մի առաջխաղացում չկա։ Բնակչության համար խնդիր է նաև բարձրավոլտ` 10 կվ բարձր հզորությամբ, հոսանքագծերը, որոնք ոչ միայն մարդկանց անվտանգության համար են ռիսկային, այլև դրանք անցնում են տանիքների վրայով, առանձին բնակիչներ այդ էլեկտրագծերի պատճառով չեն կարողանում պատշգամբներ սարքել։ Դրանց տակ երեխաներ են խաղում։ Երեք տարի է` բողոքում են, սակայն նրանց ձայնը տեղ չի հասնում։ Արցախէներգոյից էլ ասել են, որ եթե դրանք խանգարում են, մուծեք երեք հարյուր հազար դրամ, և մի քանի մետր կտեղափոխենք աջ կամ ձախ։ Բացի դրանից` սյուները ծռված, փայտից, մի խոսքով` տապալվելու ենթակա։ Սպասում են` միգուցե քաղաքապետարանի համապատասխան նախագծով ու ֆինանսավորմամբ հարցը լուծվի։ Թաղամիջյան ճանապարհները օր օրի անօրեն նեղանում են, ով ինչքան կարողանում է` իր հողաբաժինն ավելացնում է։ Մի խոսքով` ոչ մի ենթակառույց չափորոշիչների մեջ չի տեղավորվում, բոլոր պարամետրերով դրանք խախտված են ու դեռ շարունակում են խախտվել։
Թաղապետն արդարանում է, որ իր իրավասության տակ ոչինչ չկա, մի կնիք ունի տեղեկանքի տրամադրման համար, նույնիսկ նստավայր չունի, բնակիչներին իրենց տանն է ընդունում։
Մի քանի փողոցներում զուգահեռներն արդեն փակվել են, մեկը ճանապարհի վրա նույնիսկ հավի ֆերմա է կառուցել։ Սակավակարողները տներ են կառուցում, ունևորները` ամառանոցներ ու հանգստի գոտիներ։ Փողոցների լուսավորվածությունը նույնպես պատշաճին չէ, որոշ տեղերում ընդհանրապես բացակայում է։
Քաղաքի աղբաթափությունը ևս Աջափնյակում է իրականացվում. վերջինս 27 հա տարածք է զբաղեցնում և, ի շնորհիվ նախկին թաղապետ Յուրի Գասպարյանի, նրա անմիջական հսկողությամբ աղբը ժամանակին հողով ծածկվում է, և գարշահոտություն ու ճանճեր այլևս չկան։ Բնակիչները լավ են հիշում. 2015 թվականին ամբողջ տարածքն աղբակույտերի մեջ էր, և աղբը հասնում էր մինչև ՙԱռաջնեկ՚ կաթնավերամշակման գործարան։ՙՈչ մի արտոնությունից չենք օգտվում՚,¬ ասում է երիտասարդ թաղապետն ու քթի տակ ծիծաղելով` իրեն բռնում այն մտքի վրա, որ ինքը միայն պրոբլեմներից է խոսում ու գլուխը բարձրացնելով, ծիծաղում է. լավ կողմեր էլ ունի թաղամասը: Առաջինը, որ հիշում է` նախագահ Բակո Սահակյանի խոստման համաձայն յուրաքանչյուր նոր ծնվող երեխայի տրամադրվում է հազար դոլարին համարժեք դրամ, եթե փաստացի բնակվում է Աջափնյակում։ Մյուս լավ նորությունն էլ այն է, որ թաղամասում բոլոր տանիքները փոխված են։ Եվ ամենակարևորը. որպես վերաբնակեցված թաղամաս, տարբեր ռեգիոններից եկած բնակիչները, որոնք ոչ ազգակցական, ոչ խնամիական կապ ունեն, շուտ մերվել են, ապրում են հաշտ ու համերաշխ։ Ոչ մի գողություն, ոչ մի հանցակազմ պարունակող արարք այստեղ չկա, մի խոսքով` արատավոր երևույթների ականատես չեն լինում: Երիտասարդներն այստեղ մի բռունցք են, իրենց խոսքի ու գործի տերը։
Արդեն ասացինք, որ Աջափնյակը ներկայումս Ստեփանակերտի ամենաարագ զարգացող թաղամասն է և ամենամեծ, լայն թափով շինարարական աշխատանաքներն ընթանում են հենց այստեղ։ Հողատարածքներն այստեղ մեծ գին ունեն, պահանջարկը կա, ու օր օրի թանկացնում են, մի խոսքով` քաղաքի կենտրոնի գներ են։ Հեռացող չկա, բնակչության թիվը գնալով ավելանում է, նույնիսկ հնարավորություն կա բազմահարկ շենքեր կառուցելու։ Այդքանով հանդերձ, թաղապետի բնորոշմամբ, իրենք ոչ գյուղ, ոչ քաղաք կարգավիճակում են, սակայն եթե ճանապարհներն ասֆալտապատվեն, կոյուղու հարցը լուծվի, լուսավորություն լինի, կհամարեն, որ քաղաքաբնակ են։ Թաղամասի բնակիչների երազանքն է ֆուտբոլի դաշտ ու խաղահրապարակներ ունենալ։
Այստեղ՝ Աջափնյակում, ընտանի կենդանիներ ու թռչուններ համարյա բոլորն են պահում, նորագույն տեխնոլոգիաներով կառուցված ֆերմաներ ունեն, հարևանը չգիտի, որ կողքի հարևանը խոզ է պահում։ Արոտավայրերը թույլ են տալիս խոշոր եղջերավոր անասուններ պահել, և գնալով անասնապահական այդ ճյուղն ընդլայնվում է։ Պետության կողմից էլ նման ընդլայնումները խրախուսվում են, հնարավոր է, որ վարկեր էլ տրամադրվեն։
Ծառատունկ, ծաղիկներ, քաղաքատիպ գազոններ չկան։ Բնակչության համար մեծ գլխացավանք են թափառող շներն ու շնագայլերը։ Անխնա աղտոտվում է շրջակա միջավայրը, կողքի հարակից անտառներն անխնա հատվում են, ու բնապահպանները, մեղմ ասած, քնած են: Թաղապետն օրինակն իր վրա է բերում. ՙԿոնկրետ ես 2004 թվականին իմ տնամերձը վերցրել եմ միայն շռայլ բնության, շրջապատող անտառի համար, հիմա դրանք չկան՚… Ահազանգում են` լսող չկա, բայց հույսը չեն կորցնում, մի օր պատկան մարմինները դեմքով կշրջվեն դեպի իրենց թաղամաս, և այն ժամանակի ընթացքում կվերածվի կանաչ օազիսի՝ ուղղաձիգ ասֆալտապատ փողոցներով, բարձրահարկ շենքերով, և նրանք Ստեփանակերտի արևելից կողմում կունենան գեղեցիկ ու հարմարավետ թաղամաս: