ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ՝ ԳԵՐԽՆԴԻՐ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Կառավարության հերթական նիստը
Մարտի 19-ին Նախագահ Բ. Սահակյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ԱՀ կառավարության հերթական նիստի օրակարգը հագեցած էր: Քննարկվել էին ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՚ օրինագիծն ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը, Ջրային ու Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների կատարման ու դրանց հարակից օրենքների նախագծերի մասին հարցերը: Հաստատվել են Անասնապահության զարգացման խթանման ծրագիրն ու ԱՀ քննչական կոմիտեի ծառայողի ու Քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը:
Նիստի օրակարգի գլխավոր թեման եղել է Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու և համաճարակի սպառնալիքից բնակչությանը պաշտպանելու խնդիրների վերաբերյալ հարցը: Պետնախարար Գ. Մարտիրոսյանը, ով ՙՆոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՚ նախագահն է, ներկայացնելով համաճարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, նշել է, որ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք առայսօր չի գրանցվել: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ իրենց կողմից նախանշվել են հիվանդության կանխարգելման հիմնական միջոցառումներն ու գործողությունները. առաջնահերթություն են տրվել առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնմանն ու պատրաստվածության աստիճանի բարձրացմանը, նախանշվել են առկա խնդիրների լուծմանն ուղղված գործողություններն ու միջոցառումները:
Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործողությունների համալիր նպատակները, որոնք ուղղված են կորոնավիրուսի ներթափանցման ռիսկերը նվազագույնի հասցնելուն՝ հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Հենց այդ նպատակով է, որ ուժեղացվել են Արցախի տարածք մուտք գործող անձանց նկատմամբ վերահսկողությունը՝ հանրապետության սահմանային անցակետերում միջոցառումների իրականացման եղանակով, դադարեցվել է ուսումնական գործընթացը, հնարավորինս կիրառվում է հեռավար աշխատանքի մեթոդը:
Պետնախարարը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ԱՀ գյուղնախարարությունը համապատասխան վայրերում՝ սննդամթերքի արտադրություններում, խանութներում, հանրային սննդի օբյեկտներում համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնություն է ցուցաբերել, իսկ ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը կամավորներ է հավաքագրում՝ միայնակ, ծեր և հիվանդ անձանց խնամելու համար, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Այս հարցում կառույցը համագործակցելու է Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության հետ:
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՙԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի N 207 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին՚ նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, աշխարհում նոր առաջացած կամ վերադարձած վարակիչ հիվանդությունների ցանկը ընդգրկելու անհրաժեշտությամբ: Առաջարկվել է նոր կորոնավիրուսային վարակը և հակահամաճարակաբանական վարակ ունեցող, նոր առաջ եկող այլ ախտածիններով պայմանավորված վարակները ներառել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում:
Խոսքով հանդես են եկել կառավարության գրեթե բոլոր անդամները՝ ներկայացնելով իրենց լիազորությունների շրջանակներում իրականացվող միջոցառումները՝ համաճարակի կանխարգելման համար, իսկ շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են շրջանների վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանը միտված առաջարկները:
Բակո Սահակյանը, ամփոփելով նիստի արդյունքները, նշել է, որ Արցախում շարունակվելու է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով համալիր միջոցառումների իրականացումը: Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք առնչվում էին աշխատանքի հեռավար կազմակերպմանը, պետական պահուստի ձևավորմանը, ուսումնական գործընթացներին: Առողջապահության նախարարին հանձնարարվել է ապահովել ԱՀ ԱՆ հակահամաճարակային ծառայության շուրջօրյա աշխատանքային ռեժիմ, միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ աշխատանքներում անհրաժեշտ բժշկական և այլ պարագաների պաշար կուտակելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ բուժհաստատություններում կսահմանափակվեն ստացիոնար բուժում ստացող հիվանդներին այցելությունները, կնախատեսվեն համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ նախանշված բուժհաստատություններում՝ վարակված անձանց բուժումը կազմակերպելու համար: Առողջապահության նախարարին և Ոստիկանության պետին հանձնարարվել է ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումն Աղավնոյի, Խարխափուտի, Խնձորեսկի և Կովսականի հսկիչ կետերում:
Որոշվել է, որ մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը կդադարեցվի ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով կսահմանափակվեն նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց` Արցախ նախատեսված այցերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապետական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց և այլ բացառիկ դեպքերի: Հսկիչ անձնագրային կետերում կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ (բացառություն են կազմելու վերոնշյալ դեպքերը՝ Արցախում կայանալիք ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձինք, նրանք, ում այցերը նախապես համաձայնեցվել են Արցախի իշխանությունների հետ, հաշվի կառնվեն նաև այլ բացառիկ դեպքեր):
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը պետական հիմնարկներում, հասարակական վայրերում և տրանսպորտում: Բնակչությունն ինքը ևս պիտի սոցիալական պատասխանատվություն կրի՝ նվազեցնելով շփումը, հնարավորինս ձեռնպահ մնալով սպորտային, մշակութային, կրթական, ժամանցային, տոնական, հիշատակի և այլ հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ դրանց մասնակցելուց:
Կորոնավիրուսն էականորեն կդժվարացնի Արցախում նախատեսվող համապետական ընտրությունների կազմակերպումը: Երկրի նախագահն ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, և ամենակարևորը՝ ապահովվի բնակչության առողջությունը՝ Արցախի ժողովրդին զերծ պահելով բոլոր ռիսկերից:
ՙԱնհրաժեշտ է համընդհանուր ուժերով, համախմբելով պետական բոլոր կառույցների և հասարակական հատվածի ներուժը՝ պահի լրջության բարձր գիտակցումով այս ուղղությամբ կատարել հնարավորինս համակարգված աշխատանք: Անհրաժեշտ է նաև թույլ չտալ խուճապային տրամադրությունների տարածումը: Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երևույթների մասին, և այդ տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար՚,-մասնավորապես ասել է նախագահը:
Կառավարության այդ օրվա նիստում ընդունված որոշման մեջ հստակ նախանշված են այն խնդիրները, որոնք պետք է լուծեն համապատասխան պետական մարմինները: Դա նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության հետ կապված հարցերի լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումն է: