...ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ
Վան Նովիկով
Արցախցի բոլոր երիտասարդներին հեռանկարային կյանքի և բարեկեցիկ ապրելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կայուն խաղաղություն։ Մնացածը կարելի է ստեղծել քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Վաղվա օրվա իր տեսլականն այսպես է բանաձևում երիտասարդ գյուղատնտես Նորայր Սարգսյանը, ում հանդիպեցինք Մարտունու կենտրոնական՝ բարեկարգ փողոցներից մեկում։
Այստեղ՝ ճամփեզրին գտնվող կրպականման շինությունը Նորայրը վերածել է մանկական համակարգչային խաղասրահի՝ որպես վաստակելու լրացուցիչ աղբյուր։ Առօրյայի դրական նորույթների շարքում նա առաջին հորիզոնականում է դասում փողոցներն իրար կապող ասֆալտապատ ու սալիկապատ ճանապարհները՝ նախկինում բավականին դժվարանցանելի ու փոշոտ։ Ընդհանրապես, վերջին տարիներին, բացի բնակարանաշինական ծրագրերի իրագործումը, Մարտունիում սկիզբ առած շինարարական եռուզեռով բարենորոգ տեսք ստացած մարզամշակութային կառույցները, զբոսավայր-պուրակներն ու բարեկարգ փողոցների վառ լուսավորությունը, աշխուժության նոր ռիթմեր են հաղորդել շրջկենտրոնի բնակչության քաղաքային առօրյային ու կենսակերպին։ Մարտունեցի երիտասարդներն առիթը բաց չեն թողնում հպարտանալու հայրենի քաղաքի դրական փոփոխություններով։
-Տարբերությունը զգալի է։ Միանգամայն տեսանելի է առաջընթացը, որով Մարտունին քաղաքի տեսք է ստանում։ Մարզադպրոցի կառուցումն ու մարզադաշտը, փողոցների լուսավորությունն ու մաքրությունը, պուրակների բարեկարգումը նոր ռիթմ են հաղորդել շրջկենտրոնի առօրյային, աշխուժացրել երիտասարդության մշակութա-ժամանցային և մարզական կյանքը։ Մեր երիտասարդները մարզասեր են։ Անձամբ նույնպես հետևողականորեն մարզվում եմ,- ասում է զրուցակիցս։
Գոհունակությանը զուգահեռ, պուրակներում անհոգ զբոսնող կամ քաղաքից հեռացած մարտունեցի երիտասարդներից հաճախ կարելի է լսել նաև դժգոհություններ՝ աշխատատեղերի բացակայության վերաբերյալ։ Այդուհանդերձ, ինչպես հայտնի է՝ Մարտունու համայնքի վարչական տարածքը հնարավորություն է ընձեռում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Արդյոք, բավարար չէ՞ աշխատանք ունենալու և, ավելին, սեփական գործ հիմնելու համար։ Արդյո՞ք աշխատասեր երիտասարդի համար անհնար է Մարտունիում, թեկուզ դժվար, բայց համեմատաբար բարեկեցիկ ապրելը։
- Աշխատատեղերն, իրոք, սակավաթիվ են, սակայն չեմ հավատում, որ աշխատասեր մարդու համար զբաղմունք չգտնվի։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություններին, ապա Մարտունու հողատարածքների մեծ մասն անջրդի է։ Այստեղ 1 ընտանիքի հաշվով բաժին է ընկնում 2-3 հեկտար հողատարածք, որի վրա հիմնականում մշակվում են ցորեն կամ գարի։ Սակայն այս մշակաբույսերը կայուն եկամուտ ապահովել չեն կարող։ Ճիշտ է, շատերն են զբաղվում գյուղատնտեսությամբ, սակայն ոչ բոլորն են տիրապետում գործի առանձնահատկություններին։ Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանում մեծածավալ աշխատանքեր են իրականացվում ջրարբիացման ուղղությամբ, ինչը, բնականաբար, նաև զբաղվածության խնդիր է լուծում,-նշում է Նորայրը։
Մարտունեցի երիտասարդ հողագործը, տարեցտարի ընդլայնելով իր մշակած ցանքատարածքները 2 հեկտարից հասցրել է 10-ի։ Նախկինում մշակվող աշնանացան գարին էլ աստիճանաբար տեղը զիջում է համեմատաբար արժեքավոր մշակաբույսերին՝ կտավատ, եգիպտացորեն և այլն։
-Օրինակ, անցած տարի մշակել եմ 4 հեկտար կտավատ, 7 հեկտար գարի։ Այս տարվա բերքի տակ նախատեսում եմ 7 հեկտար գարի, 5 հեկտար կտավատ, ևս 1 հեկտար եգիպտացորեն,- ասում է՝ հավելելով,- գյուղատնտեսությունը հետաքրքիր է իր բազմազանությամբ։
Ընտրած մասնագիտության նկատմամբ սերն ու նվիրումը երիտասարդ գյուղատնտեսը պայմանավորում է մարդկանց իրապես օգտակար լինելու հաճելի զգացումով, որն ունենում է առօրյա աշխատանքի ընթացքում։ Գործնական օրը բացվում է շրջվարչակազմի աշխատավայրում, շարունակվում և ավարտվում ցանքատարածքներում՝ տարբերություն չկա՝ սեփական, թե շրջանի մյուս հողագործների։
-Երբ իմ մասնագիտական խորհուրդներով կարողանում եմ նպաստել, որպեսզի գյուղացին լավ բերք ստանա, վաստակած գոհություն եմ ապրում, ինչը գյուղատնտեսության նկատմամբ կրկնակի սեր ու նվիրում է առաջացնում,- պարզաբանում է Նորայրը։
Այնպես չէ, որ շրջկենտրոն Մարտունիում ապրելն ու առօրյան, մեղմ ասած, համեմատելի է քաղցրավենիք ուտելու հետ։ Բայցև...
- Մարտունուց հեռանալու պատճառ երբեք չեմ ունեցել։ Այստեղ ապրելու դժվարությունները հաղթահարելի են՝ եթե նպատակասլաց ես, աշխատասեր, ունես ներքին ուժ և սիրում ես ծննդավայրդ։ Այդ դեպքում առօրյայից դժգոհելու առիթներ էլ չես ունենա,-ընդհանրացնում է երիտասարդը։