COVID-19 ՆՈՐ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Աշխարհում նոր տիպի՝ COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը մարտի 25-ի դրությամբ անցել է 422 հազարը` կրկնապատկվելով վերջին վեց օրվա ընթացքում: Գրանցվել է վիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից 18,2 հազար մահվան դեպք (4,51%)։ Ապաքինվել է 109 142 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ը արձանագրվել է աշխարհի 195-ից ավելի երկրներում: Վարակի ամենամեծ օջախները շարունակում են մնալ Չինաստանը՝ 81 218 դեպք, այնուհետև Իտալիան՝ 69 176 մարդ. այստեղ գրանցվել է ամենաբարձր մահացության ցուցանիշ՝ 6 820. մարտի 24-ին COVID-19-ից առաջացած թոքաբորբից մահացության դեպքերի թիվն ավելացել է օրական 743-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է փետրվարի վերջից ի վեր: Վարակվածների թիվն արագ աճում է նաև ԱՄՆ-ում, որտեղ արձանագրվել է նոր վիրուսով հաստատված 54 881 դեպք, Իսպանիայում՝ 42 058, Գերմանիայում՝ 32 հազար 991, Իրանում՝ 24 811, Ֆրանսիայում՝ 22 304, Շվեյցարիայում՝ 9 877, Հարավային Կորեայում՝ 9 137, Մեծ Բրիտանիայում՝ 8 077 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կայքէջի տվյալներով մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդացության 265 դեպք։ Նշյալ հիվանդներից 16-ն արդեն ապաքինվել են։ Ընդհանուր առմամբ՝ բացասական պատասխան է արձանագրվել 1315 թեստավորման արդյունքում: Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի ունեցած պարետատան հերթական նիստում քննարկվել է որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումների հարցը և որոշվել, որ առաջիկա յոթ օրվա ընթացքում պետք է աշխատեն միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները` խանութներն ու դեղատները: Կիրառվող միջոցառումները միտված են ավելի խստացված ռեժիմով վերահսկել ու վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել: ՀՀ քաղաքացիները յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձեն պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Հայաստանի կառավարությունն էլ շարունակելու է մշակել և կիրառել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:
ԱՀ-ում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, պայմանավորված ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով ու իրենց բնակության վայրերում անձանց պարտադիր ինքնամեկուսացմամբ, հորդորում է Արցախի քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Հայաստան մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում:
ԱՀ առողջապահության նախարարությունն իր հերթին վարակի դեմ շարունակում է իրականացնել հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները։ Ներկայումս Արցախում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Ոլորտի պատասխանատուները տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսային վարակով կասկածյալ քաղաքացիները մեկուսացվում են, իսկ նրանց քիթ-ըմպանից ու բերանի խոռոչից վերցված փորձանմուշներն ուղարկվում են ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն՚՝ հետազոտություն իրականացնելու համար: Նշյալ նպատակով կասկածելի անձանցից նմուշառումն իրականացվում է համաճարակաբանական անամնեզի (վերհուշ, որը վերցվում է այն քաղաքացուց, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է նոր կորնավիրուսով վարակման դեպքերով երկրներում կամ սերտ շփում է ունեցել նշյալ վարակով հիվանդի հետ, ունի 38՜C աստիճանից բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) և կլինիկական ախտանշանների հիման վրա: Մասնագետների պարզաբանմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով հետազոտության համար նմուշներ են վերցվում խորխից, էնդոտրախեալ ասպիրատից կամ բրոնխոալվեոլյար հեղուկից: Եթե հիվանդի մոտ առկա չեն շնչուղիների ստորին հատվածի ախտահարումներ կամ նրա վիճակը թույլ չի տալիս դա իրականացնել, ապա նմուշառումն իրականացվում է շնչուղիների վերին հատվածից (քիթ-ըմպանային և բերան-ըմպանային): Նոր COVID-19 կորոնավիրուսային վարակով կասկածվողի լաբորատոր հետազոտության առաջին արդյունքի բացասական պատասխանի դեպքում կատարվում է կրկնակի նմուշառում՝ շնչառական համակարգի տարբեր հատվածներից, մասնավորապես՝ քթից, խորխից, էնդոտրախեալ ասպիրատից: Վերջնական բացասական պատասխանի դեպքում կասկածյալ անձանց մեկուսացումը դադարեցվում է: Սակայն առանձին դեպքերում, բժիշկների խորհրդով, քաղաքացիներն իրենց տներում էլ են ինքնամեկուսանում՝ շարունակելով մնալ բժիշկների վերահսկողության ներքո:
Համապատասխան բուժհաստատությունում ներկայումս մեկուսացված քաղաքացիները գտնվում են բժշկական պատշաճ հսկողության տակ:
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների պաշարները համալրելու համար: Պետբյուջեի ֆինանսական ներդրումներով ու բարեգործական միջոցներով Արցախի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19 նոր կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության:
Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում դադարեցվել են երկրորդային գնումները և դրանց գումարներն ուղղվել են տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձեռքբերմանը: Ոլորտի պատասխանատուները հավաստում են, որ շրջանային բոլոր բուժմիավորումներում նախատեսված են առանձին սենյակներ՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածվող քաղաքացիներին մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում ստեղծված են պայմաններ COVID-19 նոր կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։
ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունները կրկին կոչ են անում մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային, պահպանել վարակի տարածումը կանխարգելող Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։