ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ COVID-19-Ի ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԵՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 30-ի դրությամբ Արցախում COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսային վարակով կասկածվող մեկուսացված քաղաքացիներ ներկայումս չկան:
Ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ համակարգի բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը: Մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է 85 հիվանդ, որից 36-ը կամ 42%-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ, իսկ ստացիոնար բուժում ստանում են 32 հոգի, որից 22-ը կամ 68,8%-ը` մինչև 18 տարեկաններ: Նախարարության մասնագետների պարզաբանմամբ՝ 2019թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104-ը (86%) մինչև 18 տարեկաններն էին: Ստացիոնար բուժման մեջ են եղել 59 հիվանդ, որից 37-ը (63%)` մինչև 18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծություններով՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բուժհաստատություններում ստացիոնար և ամբուլատոր դիմելիությունը նվազել է: 2020թ. փետրվարին ընդհանուր առմամբ արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակներով 4948 դեպք, որից 3795 հիվանդ եղել են մինչև 18 տարեկան երեխաներ։ 2019թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր վերին շնչառական ուղիների սուր վարակներով 3447 դեպք, որից՝ 2956 հոգի եղել են մինչև 18 տարեկաններ: Համեմատական վերլուծություններով՝ վերին շնչառական ուղիների սուր վարակներն աճել են 1501-ով, իսկ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում՝ 839-ով: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ԱՀ-ում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:
Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վարակի ներթափանցումից խուսափելու նպատակով ԱՀ բուժհասատատություններում սահմանված է կարանտին։ Համապատասխան սահմանափակումներով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը: ԱՀ առողջապահության նախարարի հրահանգով` ոլորտի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում խստիվ արգելվում է կողմնակի անձանց մուտքը, դադարեցվել է հարկերի միջև հաղորդակցությունը, սահմանափակվել հիվանդների անցուդարձը, նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման։ Սահմանափակվել է նաև քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները, հիվանդների պլանային վիրահատությունները։ Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձինք պետք է ներկայանան բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած: Ոչ հրատապ դեպքերում բուժման ցուցում ստանալու համար քաղաքացին պետք է հեռախոսազանգի միջոցով կապ հաստատի տեղամասային բժշկի հետ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից շարունակվում են կատարվել հակահամաճարակաբանական անհրաժեշտ գործողություններ։ Համաճարակաբանները վարակի կանխարգելման նպատակով ավելի վաղ մասնակցել են ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված սեմինար-պարապմունքին։ ԱՀ նախադպրոցական, հանրակրթական, բժշկական հաստատություններում, հյուրանոցներում, առևտրի և գեղեցկության սրահներում կատարվել են սանիտարական-լուսավորչական աշխատանքներ։ Նոր կորոնավիրուսի կանխարգելման մասին տեղեկատվություն ներկայացնող 300 պաստառ տրամադրվել են Արցախում գործող ատամնաբուժարաններին, հյուրանոցներին, խոշոր դեղատներին, գեղեցկության սրահներին, խանութներին և մի շարք տնտեսվարող սուբյեկտներին: Նախակրթական և ուսումնական բոլոր հաստատություններում մասնագետներն իրականացրել են ախտահանման աշխատանքներ, իսկ ջրի որակը ստուգվել է քիմիական և մանրէաբանական հետազոտության եղանակով։ Սանիտարական նորմերի պահանջներով ստուգվել է նաև ողջ հանրապետության ընդհանուր ջրի որակը։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի միջոցներով ձեռք են բերվել արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և բաժանվել ԱՀ շրջանների համաճարակաբանության և հիգիենայի բաժիններին։ Շրջաններում ևս մասնագետների համար կազմակերպվել են սեմինարներ, ծանոթացել COVID-19 վարակով կասկածելի հիվանդների ճիշտ նմուշառման մեթոդներին։ Հանրապետությունում գործող մի շարք պետական և մասնավոր օբյեկտներում կազմակերպվել են թրեյնինգներ՝ ախտահանման աշխատանքների ճիշտ անցկացման վերաբերյալ։
Շարունակվում է Մարտակերտի և Քաշաթաղի ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚-ի մասնագետների կողմից ՙԽարխափուտ՚ և ՙԱղավնո՚ բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող հերթապահությունը։ ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից Արցախի Հանրապետություն նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումներն սկսվել են դեռևս 2020թ. հունվարի կեսերից: Համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ, տեսչությունը 14 օր տևողությամբ սահմանել է բժշկական հսկողություն այն անձանց նկատմամբ, ովքեր ԱՀ են եկել նոր կորոնավիրուսային վարակ գրանցած երկրներից։ Արցախի Հանրապետության սահմանային չորս հսկիչ կետերում շարունակվում են ջերմաչափման և կանխարգելիչ մյուս միջոցառումները։
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով ԱՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը համագործակցում է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, պաշտպանության բանակի, կրթության, գիտության և սպորտի նախարարության համապատասխան մասնագետների հետ: Կորոնավիրուսի նոր տիպով չհիվանդանալու և վարակի թափանցումը Արցախ կանխելու համար առողջապահության ոլորտի պատասխանատուները հորդորում են խուսափել գրիպանման ախտանշաններով հիվանդների հետ շփումից։ Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով։ Գրիպանման ախտանշանների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տայիս չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկական օգնության՝ նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճամփորդության մասին:
;