Logo
Print this page

ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Մարտի 30-ին Արցախի լրագրողական ընտանիքը ծանր կորուստ կրեց… Հավերժի ճանապարհը բռնեց ԱՀ վաստակավոր լրագրող, <<Ազատ Արցախ>> թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Համոյի Բաղդասարյանը…

Մեր հարազատ գործընկեր։ Այդպես լինու՞մ է՝ կհարցնեք, այո, լինում է, տարիների կուտակ-կուտակ գաղափարաբանությամբ թրծված ընկերությունը, համոզմունքների՝ ժամանակի քննությանը դիմացած իրավացիությունը արյունակցական-հարազատական ուժ է ստանում՝ մեզ դարձնելով ընկեր <<նույն հուզմունքի, համոզմունքի, նույն ճաշակի, դրոշակի>> (Պ. Սևակ)։ Նա մեր հարազատ Կոլյան էր՝ խիստ, պահանջկոտ, սկզբունքային ու ամենակարևորը՝ իր գործի ու կոչման նվիրյալը…Մայր թերթի անուն ու պատիվը <<սեփականաշնորհած>>, իրենը դարձրած մեր հարազատ գործընկերը, ումից սովորեցինք մեր ստորագրությանն ու մեր խոսքին վերաբերել ամենայն լրջությամբ։ Մեր <<քերթվածքները>> նա զննում էր մանրադիտակով, ոչ մի <<թե>> ու <<եթե>> չպիտի լիներ, ամեն ինչ պիտի լիներ չափի մեջ… Ու տարիների հետ հարմարվեցինք նրա ներկայացրած պահանջներին։ Մեր ամեն լավ, գտնված տողի համար ուրախանում էր, գնահատանքի մեջ ժլատ, սակայն լավ, հաջողված մեր ակնարկներով <<կես բերան>> ասված նրա գնահատականներով լիցքավորվում էինք։ Ստեղծագործական կոլեկտիվ ենք, ձեռքներս կյանքի տրոփյունին, իրադարձությունների զարկերակին, հաճախ տարաձայնություններ էինք ունենում՝ կարծիքների ու գաղափարների բախում, նաև՝ նեղանում ու նեղացնում էինք, հաշտության ձեռք մեկնողներից առաջինն ինքն էր, շուտ բռնկվում ու շուտ էլ մարում էր և անում ամեն ինչ, որ ընդհանուր գործը չտուժի, որ հանկարծ ոչ հավաստի փաստ, չճշտված տեղեկություն չսողոսկի մեր հրապարակումներում։ Իրար հանդեպ առավել հարազատ էինք դառնում, երբ խոսք էր բացվում Պաշտպանության բանակի մասին։ Երբ մեր հերոս-կռված տղաներից էինք խոսում, անթաքույց հպարտանում էր, ինչպես հարազատ զավակով կհպարտանան։  Արցախի հեռուստատեսությունում աշխատելու տարիներին հաճախ է եղել առաջնագծում, թեժ ռեպորտաժներ վարել առաջին գծից, բայց երբեք կուրծք չէր ծեծում, հանգիստ իր գործին՝ արած-թողածի կարևորությունն իմացողի արժանապատիվ իր կեցվածքով։ Ոչ միայն իր գործի մեծ գիտակն էր, այլև հայրենասեր էր մինչև ողնուծուծը։ Հայրենի գյուղի՝ Ավետարանոցի համար ուշքը գնում էր. ընտանիքը, երեխաները նրա համար բարձրագույն արժեքներ էին։ Ավելորդ խոսք նրանից այդպես էլ չլսեցինք, իսկ երբ արդեն հիվանդ էր, ներամփոփ դարձավ, ու, տեսնելով ինչպես ենք ողջ կոլեկտիվով ցավում իր համար, ինքը բոլորիս հանդեպ ավելի ուշադիր դարձավ։ Տղամարդուն վայել քաջությամբ պայքարում էր ոչ միայն կյանքի, այլև մեզ չհուսալքելու համար… Բայց, ավա՛ղ, մահը զորեղ գտնվեց, սակայն նրան չհաղթեց։ Խոստովանենք, որ <<Գիր>> ու <<Մուսա>> ունեցող մարդ-ստեղծագործողին անհնար է պարտել, իսկ նա լուսավոր հոգի ու բազմաբեղուն գրիչ է ունեցել։ Նրա բազմաթիվ հեռուստահաղորդումներն ու  բազում ակնարկ-հրապարակումներն՝ ասվածի առհավատչյան։

Մեր բոլոր <<արտագնա>> միջոցառումների շող ու փայլ տվողն էր, մեր <<գանգրահեր>> թամադան ու <<Բարի արագիլ, բախտի արագիլ>> երգի լավագույն կատարողը։

Շատերս նրա ունքամեջին նայում էինք, նոր խոսում։ Իսկ երբ արդեն ինքն էր խոսել-բացվելու ցանկություն ունենում, շատ ջերմ ու անմիջական էր դառնում՝ երեխայի պես բաց ու անկեղծ, խոստավանենք պիտի, որ նման պահերը շատերիս էր դուր գալիս։

Մարդկանց վաստակը գնահատելու իր չափանիշներն ուներ, երբեք չէր պարտադրում իր կարծիքը, բայց սեփականն էլ ատամներով պահում էր… Մեծ գաղափարի, մեծ արժեհամակարգի կրողն էր, ու մինչև վերջ էլ ապրում էր երկրի հոգսերով մտահոգ։ Մեր վերջին խոսակցությունն էլ նախագահական ընտրություններից էր, կիսվեց իր մտահոգություններով ու տագնապներով, հակադարձեցի՝ արցախցին իմաստուն է, սխալ չի անի, ժպտալով ասաց՝ երանի՛ այդպես լինի ու շրջեց դեմքը, որ աչքերի արցունքը չնկատեմ…

Նրա մահվան բոթը տակնուվրա արեց բոլորիս հոգիները…Չէ°, չենք հաշտվելու կորստիդ հետ, մեր սիրելի, հարազատ գործընկեր, մեր նվիրական գաղափարների ու մեր մեծ պայքարի հավերժահաս ուղեկից՝ այսօր, վաղը և ընդմիշտ։

 

 ***

Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում երկրային կյանքին հրաժեշտ տվեց ԱՀ վաստակավոր լրագրող Նիկոլայ Համոյի Բաղդասարյանը։

Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ մեր կողքին չէ այլևս մեր գործընկերը, համախոհը, բախտակից-ճանապարհակիցը։ Նա, ով միշտ պատրաստ էր աջակցել, օգնության ձեռք մեկնել։

Մարդկային վսեմ արժանիքներով օժտված այդ մարդն ու քաղաքացին, ով մշտապես իր բարոյական բարձրության վրա էր՝ իր առաքինի վարքով վարակեց շրջապատին։

Ընտանիքում նա լավ հայր ու ամուսին եղավ, աշխատավայրում՝ պատասխանատվության մեծ զգացումով ու մասնագիտական բարձր վարպետությամբ օժտված աշխատող։

Նա ոչ միայն լավ լրագրող էր, այլ նաև վարպետ-դաստիարակի դեր ստանձնելով՝ լրագրողական աշխատանքի նրբություններին հասու մի ամբողջ սերունդ ուսուցանեց ու դաստիարակեց։

Անողոք հիվանդությունը տարավ նրան, հեռացրեց մեզնից, բայց նա միշտ կլինի մեր կողքին, մեզ հետ։

Մեր մտքի մեջ ու մեր սրտում միշտ կպահենք ճանաչված լրագրողի, երգիծական ոգորումներով օժտված գրողի՝ Նիկոլայ Համոյի Բաղդասարյանի լուսավոր կերպարը։

Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։

 

ԱՐՑԱԽԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.