[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԵԼԻ ՔԱՆ 210 ԵՐԿԻՐ ԵՎ ՏԱՐԱԾՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ COVID 19 ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախում ապրիլի 17ի դրությամբ հաստատված է COVID 19 ով 6 դեպք

Նոր տիպի կորոնավիրուսային COVID-19 վարակով հիվանդների թիվն աշխարհում ապրիլի 17-ի տվյալներով մոտենում է 2,2 միլիոնին։ Worldometers.info կայքի փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով գրանցվել է մահվան 146 855 դեպք, ապաքինվել՝ 552735 մարդ։ Վարակվածների թվով առաջին տեղում շարունակվում է մնալ ԱՄՆ-ն՝ 678 144 հաստատված դեպքով ու մահվան՝ 34641 ելքով, իսկ ապաքինվել է 57844 մարդ։ Հիվանդացության դեպքերով երկրորդ տեղում է  Իսպանիան՝ հաստատված184948 դեպքով, իսկ մահերի թիվն այստեղ հասել է 19 315ի, ապաքինվել է  74797 մարդ։ Իտալիան վարակվածների թվով երրորդն է։ Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168941 է, սակայն մահացել է 22170 մարդ և ապաքինվել 40164 մարդ։ Փաստորեն գրանցված մահվան դեպքերով Իտալիան անցել է Իսպանիայից, չնայած այն բանին, որ Իսպանիայի վարակակիրների թիվն ավելի շատ է։ Վարակվածության ցուցանիշով հաջորդ երկիրը Ֆրանսիան է՝ արձանագրված 165027 դեպքով, մահվան՝ 17920 ելքով, ընդհանուր ապաքինվել է 32812 մարդ։ Գերմանիայում գրանցվել է 137698 հաստատված դեպք, մահացել է 4052 մարդ ու առողջացել 81800 քաղաքացի։ Իսկ Մեծ Բրիտանիան նոր կորոնավիրուսով հաստատված դեպքերով անցել է վարակի բռնկման երկիր Չինաստանից։ Այստեղ գրանցվել է վարակի 103093 դեպք, մահվան՝ 13729 ելքով։ Դեռևս 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսային վարակով բռնկված առաջին երկիր ՝ Չինաստանում այժմ COVID-19ով կա հաստատված շուրջ 82 700 դեպք։ Այստեղ մահացել է 4632 հոգի, ապաքինվել է 77944 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ ողջ աշխարհում նոր վարակն արձանագրվել է ավելի քան 210 երկրներում և տարածքներում։

Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայաստանյան վիճակագրությանը, ապա  ապրիլի 17-ի, ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1201 դեպք, մահվան՝ 19 ելքով։ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ մահվան վերջին դեպքն արձանագրվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնում։ 58-ամյա տղամարդն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն՝ հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբով։ Հիվանդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ սրտի իշեմիկ, զարկերակային III աստիճանի գերճնշում, II-III աստիճանի ճարպակալում, այլ հիվանդություններ։ Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով։ Վերջին օրվա տվյալներով՝ ՀՀում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  42 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 402 քաղաքացի։ Ներկայումս նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ՀՀում բուժում է ստանում 780 վարակակր։ 

Նշենք, որ ՀՀում մարտի 16ից երկարաձգվել է մեկ ամսով սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը՝ մի շարք լրափոփոխություններով։ Շարունակվում են պահպանվել խստացված  սահմանափակումները։ Իսկ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020թ. ապրիլի 12-ից, ժամը 22։00-ից սկսած մինչև 2020թ. մայիսի 12-ը, ժամը 22։00-ն ներառյալ,  հայտարարվեց արտակարգ իրավիճակ։ Դրա իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավար է նշանակվել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Պարետատան կազմում ընդգրկվել են ԱՀ առողջապահության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ֆինանսների, պաշտպանության նախարարները, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետաշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը։

Արցախում ապրիլի 17ի դրությամբ հաստատված է նոր կորոնավիրուսային վարակի 6 դեպք։ ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ գրանցված վերջին դեպքը Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով ինքնամեկուսացված էր։ Թեստի դրական պատասխանից հետո նա մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում։ Այնուհետև հիվանդը Քարվաճառի բուժմիավորումից ապրիլի 13ին տեղափոխվել է Շուշիի բուժմիավորում։ Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելեն մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Ապրիլի 17ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակված, երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա, մյուսի մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ։ Բուժման ընթացքում կա դրական դինամիկա։ ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մյուս վարակակիրների մոտ խնդիրներ չկան։ COVID-19-ով հաստատված 6 քաղաքացիներից երկուսին ապրիլի 16ին կատարել են կրկնակի թեստավորում։ Բացասական պատասխանի դեպքում նրանք կհամարվեն ապաքինված։ Ապրիլի 16ին 11 քաղաքացիներից վերցվել են փորձանմուշներ և ուղարկվել հետազոտության ՀՀ համապատասխան կառույց. արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ։ Ոլորտի պատասխանատուները հավաստում են, որ ներկայումս Արցախում վարակի նոր օջախներ չեն ձևավորվել։ Իսկ թեստավորված  քաղաքացիների մեծ մասն արձանագրված վարակակիրների հետ առնչվողներն էին՝ բուժանձնակազմից, մեկն էլ ոստիկանության աշխատակից է։ Նրանց թեստավորել են ապահովության նկատառումներով։

ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից

նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են Քաշաթաղի շրջանի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի ինքնամեկուսացված բնակիչները։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել, հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։  Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը պարբերաբար ներկայացնում է նոր վարակով պայմանավորված վիճակը։ ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների մասնագետները կրկին զգուշացնում են խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)։ Ոլորտի պատասխանատուները  կոչ են անում մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային, հաճախակի լվանալ ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո։ Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ շփումների դեպքում առնվազն 12 մետր հեռավորություն՝ անկախ վարակված լինելու հանգամանքից, իսկ գրիպանման ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ տեղեկացնել բժշկին և առանց խուճապի  մատնվելու  հետևել նրա խորհուրդներին։