ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների հետևանքով շատ ոլորտներ հայտնվել են դժվարին կացության մեջ, սակայն հողի մշակը գարնանը չի կարող դադարեցնել հողային աշխատանքները։ Քաղաքում զբոսնողների համար տեսանելի է <<Ստեփանակերտի ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգի>> ՓԲԸ-ի ներդրումը՝ մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման գործում։
Ըստ ընկերության տնօրեն Համլետ Դավթյանի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակա ծառայությունների հետ մեկտեղ իրենց ներդրումն են ունեցել նաև բուսաբանական այգու աշխատողները։ Ընկերության կողմից ախտահանվել են Մաշտոց և Հեքիմյան փողոցների բազմաբնակարան շենքերի մուտքերի աստիճանավանդակները, աստիճանները, դռները, բազրիքները, պատերը։ Ժամանակ առ ժամանակ այդ փողոցների շենքերը կրկնախտահանվում են։
Հ. Դավթյանի տեղեկատվությամբ՝ 2020 թվականին ընկերության կողմից իրականացվել են համայնքի կանաչ գոտիների հողատարածքների փխրեցման և սանիտարական մաքրման, ծառերի, թփերի ձևավորման աշխատանքներ ու խոտհարք, որոնք ընկերությունը կատարում է պարբերաբար։ Դրանից բացի համապատասխան աշխատանքներ են կատարվում բուսաբանական այգու 4 ջերմոցներում, որոնք ունեն 200 քառ.մ. տարածք։ Հենց այնտեղ են աճեցվում քաղաքի սիզամարգերի համար նախատեսված բազմերանգ ծաղիկները։ Ըստ տնօրենի՝ այս տարի Երևանի քաղաքապետարանից ամենամյա օգնության կարգով տրամադրվող սածիլներ չեն նախատեսվում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ։ Դրա պատճառով սածիլների տնկումը փոքր-ինչ կուշանա, քանի որ ընկերության կողմից մշակվող ջերմոցները հագեցված չեն անհրաժեշտ սարքերով, որոնք ցուրտ ժամանակաշրջանում կապահովեին անհրաժեշտ ջերմաստիճան։ Ընկերության ջերմոցները տաքացվում են վառելափայտի վառարաններով, որոնք չեն ապահովում անհրաժեշտ մշտական ջերմասիճանը, ինչի պատճառով սածիլները ավելի ուշ են աճում։
Հ. Դավթյանն ընդգծեց, որ տեղյակ է քաղաքացիների դժգոհություններից՝ ծառերի հատման առումով, սակայն ընկերությունը դրանք հատում է ըստ գործող կանոնակարգի՝ քաղաքապետարանի և ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության թույլտվությամբ։ Նա, որպես հին ստեփանակերտցի, նույնպես ափսոսում է փողոցների ծառերի նվազման համար, բայց որպես քաղաքի կյանքը կազմակերպող մի օղակի ղեկավար՝ տեղյակ է մի շարք խնդիրների մասին, որոնք պատճառ են դառնում ծառերի հատման։ Մասնավորապես՝ մեքենաների աճող քանակի պատճառով առաջ է գալիս մայթերի հաշվին մայրուղիների լայնացման, կանգառ-գրպանիկների կառուցման խնդիր, ինչն էլ իր հերթին ծառերի հատման պատճառներից մեկն է հանդիսանում։ Սակայն ընկերության տնօրենն իր հերթին դժգոհում է որոշ քաղաքացիներից, որոնք չեն խնամում իրենց տարածքում աճող ծառերը, չեն երիտասարդացնում ժամանակին, որի պատճառով դրանք աճում, մեծանում են և խանգարում լույսի տարածմանը, ինչն առիթ է դառնում ծառերի հատմանը։
Ծառատնկման կպչողականության մասին հարցին ի պատասխան, տնօրենը նշեց, որ դրա արդյունավետությունը կապված է մի քանի հանգամանքների հետ. անտառից բերված ծառերը պետք է արագ տնկել, որպեսզի կպչողականությունը լինի բարձր՝ մոտ 70-80 տոկոս։ Նա շեշտեց, որ կան բացասական այլ հանգամանքներ ևս. անչափահասները ճյուղեր են կոտրում կամ քաշում-հանում են նորատունկ ծառերը։ Հ. Դավթյանը նշեց, որ այս օրերին Բաղրամյան փողոցի աջ և ձախ մասերում տնկել են 80 ծառ, իսկ Տիգրամ Մեծ փողոցում՝ 18։ Հաստատության ղեկավարը, շարունակելով ծառերի կպչողականության թեման, նշեց, որ տնկիները մշտապես իրենց ուշադրության ներքո են.
-Մեր ջրատար մեքենաները շրջում են և ջրում նոր տնկած ծառերը։ Բայց հանուն արդարության պետք է փաստեմ՝ անմիտ ու վատ վերաբերմունքը ծառերի, ծաղիկների, կանաչ տարածքների հանդեպ, եթե համեմատելու լինենք 5-6 տարվա կտրվածքով, բավականին նվազել է։ Երևի մի պատճառն էլ այն է, որ սիզամարգերում աճող ծաղիկներ ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել ընկերությանը և անվճար ստանալ։ Նկատելի է նաև, որ մարդիկ անտարբեր չեն ծառ ու ծաղկի հանդեպ։ Բոլոր դեպքերում, այդ նկատելի դրական փոփոխությունը կանաչ տարածքների հանդեպ հույս է ներշնչում, որ, ի վերջո, կձերբազատվենք բացասական երևույթներից,- ասաց Հ. Դավթյանը։
Տնօրենին մշտապես հուզող, ընկերության ցավոտ հարցերից է բանվորների ցածր աշխատավարձը։ Այն չի համապատասխանում կատարվողծավալին, և, փաստորեն, աշխատանքի ընդունվելու դիմում են ներկայացնում միայն ծեր կամ հիվանդ մարդիկ, ովքեր, ինչպես ականատես ենք՝ մեծ սիրով աշխատում են քաղաքին բարետես վիճակ հաղորդելու համար։ Տնօրենի հավաստմամբ, ինքը ղեկավարության առաջ հաճախ է բարձրացնում այդ հարցը, սակայն մինչ օրս <<սայլը տեղից չի շարժվել>>։
Վերջում հետաքրքրվեցինք 2019թ. ընկերության տնկարանում հրդեհի բռնկման հետևանքներով։ Տնօրենի խոսքով, ջերմոցները չէին վնասվել, ճիշտ է, այրվել էր ջերմոցների տաքացման համար կուտակած փայտը, բայց դա դժվար չէր ձեռք բերել։ Տնկիները նույնպես քիչ էին վնասվել, քանզի բռնկման կետից հեռու էին։ Սակայն այրվել էր վարչական շենքը։ Դեպքից հետո ԱՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ և ընկերության ջանքերով այն վերականգնվեց։
Հավելենք, որ, ըստ տնօրեն Հ. Դավթյանի, ձգտելով նոր տիպի կորոնավիրուսից ռիսկային գոտում հայտնված աշխատակիցներին պաշտպանելու նպատակով, աշխատանքները սկսում են առավոտյան 06.30-ից և ավարտում 11.00-ին կամ մի քիչ անց, որպեսզի շփումը մարդկանց հետ լինի նվազագույն։