[ARM]     [RUS]     [ENG]

ՀԲԸՄ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Հայկականբարեգործականընդհանուրմիությունը (ՀԲԸՄ) արցախցիների համար անծանոթ անուն չէ: Գրեթե երկու տասնամյակ միությունն արցախցիների կողքին է՝ պատրաստակամ աջակցելու, կառուցելու, արարելու: ՀԲԸՄ Արցախի ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանի խոսքով, Բարեգործականը միշտ ձգտել է լինել այն մարդկանց կողքին, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը և թիրախավորում է խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: ՀԲԸՄ աջակցությամբ Ստեփանակերտում և շրջաններում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կենսագործվել. նրա անմիջական ֆինանսավորմամբ պատերազմի վետերանների և այրիների համար կառուցվել է բնակելի շենք, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը, վերանորոգվել է Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը, որտեղ էլ կանգնեցվել է մեծ բարերարի արձանը։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թվականին սկսվեց Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց Հայ բարեգործականի՝ Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ ՀԲԸՄ Լոս Անջելեսի, Լոնդոնի, Մոնրեալի, Տորոնտոյի ու Սիդնեյի մասնաճյուղերն իրենց մասնակցությունն են բերել վերաբնակեցման ու վերակառուցման ծրագրերին։ ՀԲԸՄ ծրագրերի մեջ մեծապես կարևորվում են հատկապես կրթական ու զարգացման ծրագրերը և պատահական չէ, որ միությունն աջակցել է նաև ԱՀ կառավարության պաշտոնյաների վերապատրաստման դասընթացների ծրագրին, որն իրականացվել է «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության հետ համատեղ։ Այդ դասընթացներին մասնակցել են Արցախի տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներն ու աշխատակիցները, որոնք հմտացել են կառավարության հասարակայնության հետ կապերի, մրցակցային ազգային ինքնության ռազմավարությունների մշակման, տնտեսության և ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանման բնագավառներում։

2004 թվականին ՀԲԸՄ անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է Ղարաբաղի կամերային նվագախումբը, որի գործունեությունը նոր որակ է հաղորդել Արցախի մշակութայնի կյանքին: Գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ ու 12 հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ ստեղծված այս նվագախմբին ավելի ուշ միացան նաև 6 երաժիշտներ Արցախից։ Հետագայում այս համամասնությունը փոխվեց հօգուտ տեղաբնակների: Հանդիսանալով լավագույններից մեկը Հարավային Կովկասում` նվագախումբը ստանում է արտասահմանյան հյուրախաղերի բազմաթիվ հրավերներ, հյուրընկալում է աշխարհահռչակ մեներգիչների: Նվագախմբի հյուրախաղերին մշտապես աջակցում է նաեւ ՀԲԸՄ-ն:
2011 թվականին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը` արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ ու Հայկական բարեգործական ընդհանուր միության ու ԼՂՀ կառավարության հետ համատեղ, սկիզբ դրեցին ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագրին՝ Արցախի միջնակարգ դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին և նրանց ուսուցիչներին ապահովելով հատուկ կրթական նպատակներով ստեղծված XO լափթոփ համակարգիչներով և ինտերնետով: ՆՈՒՌ-ը կառուցվեց One Laptop Per Child (Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխայի) ծրագրի հիմքի վրա: Այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կողմից, որի նպատակն է զարգացող երկրների դպրոցականներին ապահովել առաջնակարգ կրթական ծրագրերով` հագեցած ժամանակակից համակարգիչներով: Ծրագրի շրջանակներում անցկացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Մինչ օրս ավելի քան 12.000 աշակերտներ ապահովվել են լափթոփներով, որի շնորհիվ ստեղծվել են հավասար հնարավորություններ բոլորի համար ու նոր տեխնոլոգիաները ներգրավվել էին դպրոցական ամենօրյա դասերում: ՆՈՒՌ ծրագիրը տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով դադարեցվել է, բայց, Ս. Բաղդասարյանի խոսքով, թողել է իր դրական ազդեցությունը: Այս ծրագրի հաջողության մասին միանշանակ չեն կարծիքները, բայց անժխտելի է փաստը, որ հենց այդ ծրագրին ուսուցիչների ու աշակերտների մասնակցության փորձառությունը, ստացած անձնականհամակարգիչները հատկապես շրջաններում, նախահիմք ստեղծեցինկորոնավիրուսի պայմաններում հեռավար դասապրոցեսներին պատրաստ լինելու համար: 
ՀԲԸՄ ամենավառ նախաձեռնություններից մեկը Թումո կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրումն է, ինչն իրականություն է դարձել ԱՀ կառավարության աջակցությամբ: Արդեն հինգ տարի Արցախի դպրոցականների համար այն այլընտրանքային կրթություն ստանալու և հետագայում մասնագիտական առաջընթաց արձանագրելու լավագույն հնարավորություն է ստեղծել: Դրան զուգահեռ Կենտրոնը մեծապես նպաստում է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այն առայսօր գործում է Հայ բարեգործականի ֆինանսավորմամբ:
ՀԲԸՄ-ն տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական խոցելի խմբերի համար: Սահմանափակ կարողություններ ունեցող բազմաթիվ երեխաներ միության աջակցությամբ տարբեր կազմակերպությունների միջոցով ստացել են մեծ քանակությամբ տաք հագուստ, այդ թվում և՝ աշնանային ու ձմեռային բաճկոններ: Արցախում վերաբնակված սիրիահայերի համար իրականացվել է ՙՀուսո դաշտեր՚ կոչվող ծրագիրը, որի շրջանակներում սերմացու, թունանյութեր, նաև՝ երեք միավոր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել նրանց:

Աշխատանքը համավարակի պայմաններում. ՙՍովորիր և վաստակիր՚

Չնայած խոչընդոտներին, որ կան ամբողջ աշխարհում, կապված COVID-19 համավարակի հետ, ներկայումս էլ ՀԲԸՄ-ն շարունակում է իր ծրագրերն Արցախում, փորձելով հարմարվել ստեղծված պայմաններին: Թրփանջյան հիմնադրամի աջակցությամբ և ԱՀ կառավարության հետ համատեղ ընթանում են Արցախի մայր բուհի վերակառուցման աշխատանքները: Խոստանում են, որ այն հարմարություններով չի զիջի տարածաշրջանի լավագույն համալսարաններին և որակյալ կրթության հնարավորություն կստեղծի ուսանողների համար: 
2019 թվականին Արցախում մեկնարկել էՀԲԸՄ-ը նոր ծրագիր՝ «Սովորի՛ր և վաստակի՛ր» խորագրով: Ծրագիրը, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին Ս. Բաղդասարյանն ու ծրագրի անմիջական պատասխանատու Ռոզա Սայադյանը, մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստելու Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացմանը և կայուն տնտեսական աճին: «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրն օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Այն նաև նպատակ ունի զարգացնելու պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև օգնելու ձևավորել առավել նպաստավոր միջավայր Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար: Շրջանավարտներին հնարավորություն է տրվում մասնակցելու մրցույթի՝ փոքր դրամաշնորհներ ստանալու նպատակով, օգտվելու տարբեր բնագավառների փորձագետների մեկամյա օժանդակությունից, ինչպես նաև մասնակցելու ՀԲԸՄ կողմից կազմակերպվող սեմինարներին, ցուցահանդեսներն ու էքսպո ցուցադրություններին, գործնական ընթրիքներին ու տեղեկատվական բնույթի միջոցառումներին: Երկրորդ ուղղությունը՝ անգլերենի ուսուցումն է: Մեկ մակարդակի ուսուցման տևողությունը 2 ամիս է: Գնահատման արդյունքների հիման վրա ընտրված դիմորդները կմասնակցեն անգլերենի դասընթացների՝ ՀԱՀ շարունակական կրթության բաժնի շրջանակներում: ՀԲԸՄ-ն կհոգա դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը, թեև ուսանողները պետք է ինքնուրույն հոգան գրքերի ձեռքբերման հետ կապված ծախսերը:
Ռոզա Սայադյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա հուլիսից գործող այս ծրագիրը 10-15 հոգանոց 20 խումբ արդեն ավարտել է: Այս տարվա առաջին կիսամյակում ձևավորված 11 խումբը ընդհանուր անգլերեն կուսուցանի, իսկ 2 խումբ կմասնագիտանա տուրիզմի ոլորտի համար: 
«Զբոսաշրջության և հյուրընկալության մենեջմենթի հավաստագրման այս ծրագիրը մշակվել է ՀԱՀ շարունակական կրթության բաժնի կողմից և ուսուցանում է գաղափարներ, սկզբունքներ, ընթացակարգեր և մասնագիտական բառապաշար, որն անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում հաջողության հասնելու համար: Ծրագիրը միաժամանակ տրամադրում է բիզնեսի մենեջմենթի ամուր հենք: ՀԱՀ շարունակական կրթության բաժնի կողմից զբոսաշրջության և հյուրընկալության մենեջմենթի հավաստագիր կտրամադրվի այն ուսանողներին, ովքեր կավարտեն ծրագրում տեղ գտած դասըթացներից առնվազն 5-ը (կայուն զբոսաշրջություն, հյուրանոցային գործում եկամուտների մենեջմենթ, միջոցառումների մենեջմենթ և սննդի կազմակերպում, հյուրընկալության մենեջմենթ և գործառնություն, տեսարժան վայրերի և հանգստավայրերի մարքեթինգ, բիզնես-հաղորդակցություն, «B&B»-ի (գիշերակաց, նախաճաշ), ռեստորանների և հյուրանոցների մենեջմենթ, տեղեկատվական համակարգեր՝ հյուրընկալության գործում, թվային մարքեթինգ և սոցիալական մեդիայի մարքեթինգ, վաճառքի և ծառայությունների մենեջմենթ, սննդի անվտանգության մենեջմենթ, ձեռնարկատիրություն):
Ս. Բաղդասարյանը կարևոր է համարում միության կողմից իրականացվող՝ «Հանրային կառավարում և քաղաքականություն» ծրագիրը, ինչը նպատակ ունի աջակցելու պետական ծառայողներին՝ նրանց մասնագիտական զարգացման գործում: Այն նրանց նաև առաջարկում է հայաստանյան գործընկերների հետ փոխադարձ այցերի հնարավորություն՝ փորձի փոխանակումը խթանելու նպատակով, ինչպես նաև պետական կառավարման և քաղաքականության մշակման ոլորտի փորձառու մասնագետների կողմից անցկացվող հանդիպում-քննարկումներին ներկա գտնվելու հնարավորություն: «Ինստիտուցիոնալ զարգացում և աջակցություն՝ տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակմանը» ծրագրի շրջանակներում կուսումնասիրվեն իրավական համակարգի և քաղաքականության իրականացման՝ Արցախում առկա մեխանիզմները, որի արդյունքում համապատասխան պետական գրասենյակներին կտրամադրվեն տվյալների վրա հիմնված քաղաքականության բարելավման նախագծեր և գործողությունների ծրագրեր՝ ՓՄՁ-ների համար բիզնես-միջավայրը նպաստավոր դարձնելու նպատակով: Շեշտը կդրվի հարկային օրենսգրքի համեմատական վերլուծության, բիզնեսի գրանցման գործընթացների և ՓՄՁ-ներին ուղղված պետական սուբսիդիաների վրա:
ՀԲԸՄ-ն ստիպված է հաշվի նստել համավարակի պայմանների հետ. այն, իհարկե դժվարություններ հարուցել է, բայց էապես չի խոչընդոտել աշխատանքներին: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու ՀԲԸՄ կողմից այս տարվա հունվարից նախաձեռնված զբոսավարների պատրաստման դասընթացն, օրինակ, ստիպված են եղել կազմակերպել օնլայն տարբերակով, որոշակի փոփոխություններ մտցնելով ծրագրի նախնական տարբերակի մեջ: Այն ուներ երեք բաղադրիչ՝ տեսական, գործնական և անգլերենի ուսուցում։ Ս. Բաղդասարյանը նշել է, որ արդեն սովորական աշխատանքային ռեժիմի անցնելուց հետո կազմակերպվելու են նաև գործնական դասընթացներ։Կազմակերպիչները համոզված են՝ Արցախի զբոսաշրջության բնագավառը կարիք ունի համապատասխան գիտելիքներով և հմտություններով օժտված զբոսավարների: Այդ մասնագիտությունը բավականին պահանջված է Արցախում. 21 ապագա և գործող զբոսավարներ մասնակցություն են բերել դասընթացներին և հետագայում կարողանալու են օգտակար լինել ոլորտի զարգացմանը: Համավարակի՝ զբոսաշրջային ոլորտի վրա թողած բացասական ազդեցությունը ծրագրի համակարգողները ժամանակավոր են համարում, գտնելով, որ ճգնաժամ հաղթահարելի է, և դասընթացների ավարտից հետո ականատես ենք լինելու զբոսաշրջության ոլորտի աշխուժացմանը: