Logo
Print this page

Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքն ապահովվել է ոռոգման ջրով

Թամար Գրիգորյան

ք. Քարվաճառ

 Շահումյանի շրջանում ընթացքի մեջ են կապիտալ շինարարական մի շարք աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Շահումյանի շրջանի վարչակազմից, օրերս ավարտին է հասցվել Նոր Մանաշիդ համայքնի ոռոգման ջրի համակարգի կառուցումը:

Շրջանի գրեթե բոլոր համայնքներն ընդգրկված են ջրապահովման ծրագրի մեջ, որն իրականացվում է պետական միջոցներով: Նոր Մանաշիդ համայնքը, սակայն, այս նախագծում ընդգրկված չէ: Համայքնի ոռոգման ջրի հարցը լուծվել է` շնորհիվ գյուղի բնակիչների ու վարչակազմի համագործակցության: Բնակիչները պատրաստակամություն են հայտնել ձեռքով աշխատել այն տեղամասերում, որտեղ հնարավոր չի եղել տեխնիկա կիրառել: Կարևոր է այն հանգամանքը, որ բնակիչները համոզվում են. իրենք էլ կարող են իրենց ձեռքով համայքնի խնդիրները լուծել, հատկապես հիմա, երբ բնակիչներին մշտապես կոչ է արվում  ավելի ակտիվ զբաղվել բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ։

Նշենք, որ գյուղը դեռևս խմելու ջրի խնդիր ունի:

Ջրագծերի կառուցման աշխատանքներ են ընթանում շրջանի այլ համայնքներում ևս: Մասնավորապես, շարունակվում են նախորդ տարվանից նախագծված և սկսված աշխատանքներ Զուար համայքնում, այնուհետև շարունակվելու են Նոր Վերինշեն համայքնի ջրագծերի անցկացման աշխատանքները: Նմանատիպ աշխատանքներ սկսվելու են նաև Եղեգնուտ և Նոր Էրքեջ համայնքներում:

Շրջկենտրոն Քարվաճառի ջրագծերը ևս վերանորոգման կարիք ունեն. այս հարցը դեռևս քննարկման փուլում է:

Շինարարական մյուս խոշոր նախագիծը շրջանում իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ: Մի քանի օր առաջ համահայկական հիմնադրամը պայմանագիր է ստորագրել շինարարների հետ, ըստ որի սկսվում են  Շահումյանի շրջանային բուժմիավորման շենքի շինարարական աշխատանքները և Դադիվանք համայնքը խմելու ջրով ապահովելու նախագիծը: 

Հավելենք, որ ընթացքի մեջ են նաև դպրոցաշինական աշխատանքներ մի շարք համայնքներում, ինչպես նաև` իրականացվում են շրջանի ճանապարհների ընթացիկ բարեկարգումներ: Շարունակվում է նաև «ԱՐԻ» հիմնադրամի օգնությամբ կառուցվող Սիդնեյ բնակելի թաղամասի տների շինարարությունը:

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.