[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Հարցազրույց Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի ղեկավար Մհեր ՎԱՆԵՍՅԱՆ հետ։

 

-Այգեստանը ծաղկուն ու օր օրի շենացնող համայնքների շարքում էՓորձենք հետադարձ հայացքով ընդգրկել գյուղի հաջողությունները։

- Հազար երկու հարյուր բնակիչ ու երեք հարյուր երեսունութ ծուխ ունեցող Այգեստանն իր անվանը համահունչ այգեստան է… Լեռներով ու անտառներով շրջապատված մի բնակավայր, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից, իսկ որքան ես եմ հիշում՝ մեր գյուղը միշտ էլ բարգավաճող, զարգացող գյուղերի շարքում է եղել։ Պատճառներից մեկն էլ գլխավոր մայրուղուց ու մայրաքաղաքից մոտիկ գտնվելն է։ Գյուղի հիմնական դպրոցում ուսանում է գրեթե երկու հարյուր աշակերտ, ինչը ևս մեկ խոսուն վկայություն է զարգացող համայնքի ու նրա ապագայի։

Այգեստանցիները զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ ու բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ։ Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի աջակցությամբ փորձում ենք այգեգործությունը նոր, բարձր մակարդակի հասցնել։ Արդեն ունենք առաջին այգեգործ-մենատնտեսները, ովքեր ընկուզենու, արքայախնձորի և տարբեր այլ մրգատու ծառերի այգիներ են գցում։ Մի քանի խոշոր անասնատերեր կան գյուղում, սակայն ասել, թե  այդ ճյուղով շատերն են հետաքրքրված, ճիշտ չի լինի։

Դպրոցն ապահովված է համապատասխան մասնագիտություն ունեցող ուսուցիչներով, երկու խմբերի 57 երեխաների ընդգրկմամբ գործում է  մանկապարտեզը։ Այն տեղակայված է հին շենքում, նախատեսվում է գալիք տարի մանուկների համար նոր տիպային շենք կառուցել։  Դպրոցի շենքը 1970-ական թվականներից և է արդեն հիմնավերանորոգման կարիք ունի։ Այս վերջին տարիներին մեր համագյուղացի բարերար Սամվել Հակոբյանի միջոցներով նորոգվել է, բայց կրկին թարմացման, տանիքի  հիմնափոխման կարիք կա։

-Դուք արդեն երրորդ անգամ եք համայնքի ղեկավար ընտրվումու, բնականաբար, տեղյակ եք բոլոր անցուդարձերինՁեր կարծիքով՝  զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի համայնքը։

-Ես արդեն ասացի և նորից նշեմ, որ գյուղը սերտ կապված է մայրաքաղաքի հետ, ինչը հեռանկարային զարգացման լավագույն ազդակներից է։ Ժամը մեկ միկրոավտոբուսները մայրաքաղաք են հասնում, ինչը հնարավորություն է տալիս, որ մեր բնակիչներն աշխատանքի մեկնեն Ստեփանակերտ ու երեկոյան հարմարավետ տրանսպորտով տուն հասնեն։ Այդ իսկ պատճառով մենք աշխատատեղի խնդիր չունենք։ Մի ստվար մասը ներգրավված է շինարարական աշխատանքներում, գյուղում գործում է նաև հացաթխման արտադրամաս։ Վերջին տարիներին գյուղի վերնամասում  նոր թաղամաս է կառուցվել՝ ժամանակակից առանձնատներով, որն օր օրի թաղվում է պտղատու այգիների մեջ։ Այդ առանձնատների տերերը հիմնականում  երիտասարդներ են, ինչը շատ ուրախալի է, և համայնքի հեռանկարի  խոսուն վկայություններից է։ Բնակչության  զգալի մասը Ակնայում զբաղվում է հողագործությամբ, մի խումբ կանայք էլ մշտական աշխատանք ունեն Խնապատի <<Արցախ-ալկո>>-ում, <<Արցախֆրուտում>> ու <<Արցախբերի>>-ում։ Գյուղը լրիվությամբ գազիֆիկացված է, անցած տարի նոր ջրացանց է անցկացվել, և արդեն ունենք նաև շուրջօրյա ջրամատակարարում։ Ամառվա տապին մի փոքր խնդիր է առաջանում, բայց  դա էլ հաղթահարելի է։ Այգեստանցիները  գեղեցիկ, հարդարված տնամերձեր ունեն, այգուց ու բանջարանոցից որոշակի  եկամուտ են ստանում,  մանավանդ՝  շուկան էլ հասանելի է, և սպառման խնդիր  չկա։

Տարբեր հիմնադրամների օգնությամբ  ու աջակցությամբ  երիտասարդներն իրենց համար նոր թաղամասում ժամանակակից հարմարություններով տներ են կառուցում, և հեռու չէ այն օրը, երբ մենք արդեն խնդիր կունենանք նոր հողահատկացումների, նոր թաղամասի տրամադրման, դա, իհարկե, մեզ միայն ուրախացնում է, միայն ընթացիկ տարում արդեն տասնյակ դիմումներ են ներկայացվել համայնքապետարան։ Ոչ միայն մեր համագյուղացիներն են տնամերձ խնդրում, այլև մեզ դիմում են նաև Ստեփանակերտից, Արցախի  ու Հայաստանի  տարբեր բնակավայրերից։

-Ցանկացած զարգացած, բարեկեցիկ գյուղ էլ խնդիրներ, այնուամենայնիվ, ունենում է, Այգեստանի խնդիրներից ո՞րը կառանձնացնեիք

-Պահի դրությամբ մեզ համար խնդիր է աղբահանությունը, հատկացված հատուկ տեղ չկա, թաղ առ թաղ իրենց  աղբանոցներն ունեն, որը չի ծածկվում, չի մշակվում, իսկ դա ոչ միայն հակահիգիենիկ է, այլև վարակների աղբյուր կարող է հանդիսանալ, եթե միջոցներ չձեռնարկվեն, կոնկրետ քայլեր չարվեն այդ ուղղությամբ։ Հուսանք՝ մինչև տարեվերջ այդ խնդրին լուծում կտրվի։

-Մեղրագետի ջուրն  օգտագործվում, ծառայու՞մ է կոնկրետ նպատակի, թե՞

-Մեր բնական հարստություններից մեկն էլ Մեղրագետն է, որի չորս բոլորը՝ երկայնքով ու լայնքով, այգիներ ու բանջարանոցներ են։ Բացի դրանից, գյուղ հասնող խմելու ջուրն էլ գյուղից 7 կիլոմետր վեր գտնվող նրա ակունքներից է վերցվել ու գյուղ հասցվել։ Մեր գետի մի երակն էլ Ստեփանակերտին է ջուր մատակարարում։

-Կարո՞ղ եք փաստել, որ այգեստանցին ինքնաբավ է և ունի ապրուստի բավարար միջոցներ։

-Ինչպես ցանկացած բնակավայրում, մեզ մոտ էլ մարդկանց կեցության մակարդակները բնականաբար տարբեր են։  Միանշանակ կարող ենք փաստել, որ չունենք ծայրահեղ աղքատներ։ Մարդիկ ճակատի քրտինքով ստեղծում են իրենց բարեկեցությունը, մեծ մասը նույնիսկ, կարող ենք ասել, որ քաղաքի մակարդակին համահունչ լավ պայմաններում են ապրում ու առավելությունն էլ այն է, որ էկոլոգիապես մաքուր բնամթերքներ են արտադրում, ինչը մեր ժամանակներում շատ կարևոր է։ Այսօր շատերն են դեմքով դեպի գյուղը շրջվում, բնությանը մերձենալ ցանկացողների թիվն օր-օրի աճում է, մարդիկ հասկանում են, որ իրենց ամենամեծ հարստությունը հողն է, նրանից  ստացվող անարատ մթերքը։ Գյուղում մեծ թիվ են կազմում  նաև բազմազավակ ընտանիքները, որոնք նույնպես համայնքապետարանի ու համագյուղացիների ուշադրության կենտրոնում են։ Իսկ մեր համագյուղացի Կամո Պետրոսյանի ընտանիքի համար,  որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, և ապրում են սուղ կենցաղային պայմաններում, պետության միջոցներով նորաստեղծ թաղամասում տուն է կառուցվում։ Այս տարի նրանք  կտեղափոխվեն իրենց նոր առանձնատունը։ Մի քանի անմխիթար, քարուքանդ փողոցներ ունենք, (դրանց շարքին է դասվում և դպրոց  տանող  ճանապարհը), որոնցում այս օրերին սալահատակման աշխատանքներ են կատարվում։

Այգեստանցիները, կարող եք  չկասկածել, ոչ մի պարագայում թույլ չեն տա, որ իրենց թանին թթու ասող լինի։