[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԾՐԱԳԻՐԸ

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և ոստիկանության շրջբաժնի հետ համատեղ նախաձեռնությամբ Ասկերանում  <<Stop Covid – 19>>  ծրագրի շրջանակներում մեկնարկել են քաղաքացիների շրջանում իրազեկման, բացատրական և նախազգուշական աշխատաքները։ Ծրագրի շրջանակներում շրջակենտրոնում և շրջանի համայնքներում ստեղծվել են կամավորականների խմբեր, ովքեր ոստիկանության աշխատակիցների հետ բնակչության շրջանում տանում են բացատրական աշխատանքներ՝ համավարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով։

Ընդհանուր առմամբ շրջանում հավաքագրվել է 214 կամավոր, ովքեր պատրաստակամորեն արձագանքել են բաժնի հայտարարությանն ու շարունակում են ակտիվ հասարակական աշխատանք իրականացնել բնակչության շրջանում։

Ասկերանցի 13 կամավորների հետ  հանդիպել է շրջբաժնի ոստիկանապետի տեղակալ Նվեր Մելքումյանը  և իրազեկել ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի վարակի տարածումը կանխարգելող միջոցառումներ անցկացնելու մասին  նոր որոշումը։ Ապա ոստիկանության աշխատակիցների, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի և բաժնի երիտասադրության հարցերի գծով մասնագետ Իննա Մուսայելյանի ուղեկցութամբ կամավորները եղել են քաղաքի խանութներում, հանրային վայրերում և իրազեկել քաղաքացիներին ԱՀ պարետի նոր որոշման մասին։ Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից։ Հանրային սննդի օբյեկտների աշխատողները պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում դիմակ և ձեռնոց կրելը ևս պարտադիր է դառնում։
Որոշումն ուժի մեջ է մտնելու հունիսի 15-ի կեսգիշերից։ Պարետի որոշումը չկատարելու, սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու համար նախատեսվում են տուգանքներ։

Իրազեկման և բացատրական աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։