[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՍՊԱՇԱՊԻԿ

 

 

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հանգեցրել է մի շարք շրջադարձային փոփոխությունների: Ողջ աշխարհով մեկ կառավարություններն այս օրերին սահմանափակումներ են կիրառում համավարակի տարածումը կանխելու համար: Մեր երկրում ապրիլի 12-ից հայտարարված արտակարգ իրավիճակը պետք է որ արգելեր հանրային միջոցառումների կազմակերպումն ու սահմանափակեր կուտակումերը: Կիրառվու՞մ են, արդյոք,  սահմանափակումները, և արդյո՞ք միջոցներ են ձեռնարկվում կարգազանցներին պատժելու համար, թե՞ օրինապահ ենք բոլորս անխտիր: Թե ինչպիսին է հասարակության սոցիալական պատասխանատվությունը, փորձեցինք պարզել պատահական անցորդներից։

<<Արտակարգ իրավիճակ է՝ տնից դուրս եմ գալիս միայն անհրաժեշտության դեպքում՝ դիմակով ու ձեռնոցներով>>,- ասում է անցորդներից մեկը: Ոմանք էլ՝  ինչո՞ւ կրել դիմակ, եթե այն  կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ կրում են բոլորը: Տարաբնույթ էին կարծիքները, ընդհուպ մինչև  համավարակի աճին զուգահեռ հորինվող  ու տարածվող դավադրական տեսություններն ու միֆերը՝  5G չիպավորումից մինչև վիրուսի գոյությունը կասկածի տակ դնող մտքեր: Միանշանակ, այս ամենի հետևանքով հասարակության շրջանում թուլանում է զգոնությունը, իսկ սոցիալական պատասխանատվության զգացումը՝ զրոյանում:

Անկեղծ լինենք՝  մի՞թե տիրող արտակարգ իրավիճակն անհատականացված բնույթ չի կրում: Այս հարցում, անշուշտ, մեծ է  քաղաքացու իրավագիտակցության ու պատասխանատվության դերը: Գտնվելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի փուլում,  յուրաքանչյուրը  չէ, որ գիտակցում է՝ ստեղծված անհարմարությունների հակառակ գինը համավարակի տարածումն է: Լեփ-լեցուն խանութներ, արտառոց հերթեր, վախվորած հայացքներ, մեծամիտ ու <<ստույգ>> կարծիքներ… Այո, այո,  չբացառենք…Կարծես վերահսկվում է ամեն ինչ, բայց, չգիտես ինչու,  սուպերմարկետները լեփ-լեցուն են, գնորդները հեղեղում են խանութները և, ամենազարմանալին՝ դա  մարդկային կուտակում կարծես չի համարվում:

Եկեղեցում պատարագները  դռնփակ են անցկացվում, հավատացյալները չեն հաղորդակցվում, օրհնություն չեն ստանում:  Տպավորություն է, որ միայն հոգևորականներն են  համբերատար, հնազանդ ու կարգապահ...

Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը,  ուստի  մեր բնականոն կյանքի ընթացքին վերդառնալու համար  պետք է քաջ գիտակցել, որ այն կանոնները, որոնք սահմանված են, ուղղված են բոլորիս առողջությանն ու անվտանգությանը, և հետևել այդ կանոններին ու անել հնարավոր անհնարինը՝ պարտավոր ենք բոլորս: