ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

  Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ի ժամը 24.00-ն:

Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը հանդիպեց Մարտունի քաղաքի համայնքի ղեկավարի 6 թեկնածուների հետ:
Շրջվարչակազմի ղեկավարը նախ ողջունեց մասնակիցներին և իր ուրախությունը հայտնեց այն առիթով, որ մեր երկրի, հետևաբար` ժողովրդի համար այս ծանր ու ճակատագրական պահին համարձակություն են ունեցել մասնակցելու ընտրություններին` որպես քաղաքապետի թեկնածու: Սա նշանակում է, որ նրանք համարձակության հետ նաև վստահություն ունեն իրենց ուժերին, հավատ և պատրաստակամություն՝ սեփական ներդրումն ունենալու հայրենի քաղաքը բարգավաճ ու ժողովրդի կյանքն էլ ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Բոլորն էլ երիտասարդ, ուժ ու եռանդով լեցուն են, և ղեկավարը համոզմունք հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրի ընտրվելու դեպքում մենք կունենանք սրտացավ ու հոգատար ղեկավար: Ա.Մելքումյանը հորդորեց և պարտավորեցրեց` և իբրև շրջանի ղեկավար, և իբրև քաղաքացի, ավագ ընկեր` գործել շատ նուրբ` բնակչության շրջանում պառակտություն չառաջացնելով, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում: Մարտունին հայտնի է իր զավակների՝ հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրով ու նվիրումով, կազմակերպվածությամբ, ուստի համոզված է, որ այս ընտրություններն էլ կկազմակերպվեն մարտունեցու այդ տեսակին համապատասխան: Նաև խնդրեց զերծ մնալ անձնական բնույթի վիրավորանքներից, քարոզչության և ընտրության ընթացքում հաշվի առնել համավարակի պայմաններում անվտանգության կանոնների պարտադիր կիրառումը, նույնն էլ մշտապես հիշեցնել ժողովրդին: Շրջանի ղեկավարն իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացածի ընտրվելու դեպքում համագործակցել, աշխատել ու միասին ավելի բարետես, ապահով, անառիկ դարձնել Մարտունին: