[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴՐՈՒԹՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՂ ԵՆ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հադրութում  հունիսը ծայրահեղ լարված ընթացք ունեցավ.  ամառվա առաջին օրերին այստեղ  գրանցվեցին կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքերը:  Ինչպես հայտնի է, վարակի բռնկման  աղբյուրը Հարթաշեն (նախկին Հախուլլու) համայնքում տեղի ունեցած սգո արարողությունն էր:  Այս օրերին շրջանում ծավալվել է  իսկական պայքար համավարակի տարածման դեմ, ինչի արդյունքներն արդեն ակնհայտ են` նախկինում վարակված  24 քաղաքացիները բուժում են ստանում,  նրանց շփման շրջանակի վերջին օրերի բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են:
Շրջկենտրոնի փողոցներում,  արդեն երկու շաբաթ է, գրեթե բոլորը դիմակներով են, իսկ առևտրի օբյեկտներում  ու հանրային այլ վայրերում արգելված է  առանց դիմակ մուտք գործելը: Արդյունավետ այդ պայքարում առաջին իսկ օրից աշխատանքների հիմնական  մասը շրջանի <Համաճարակաբանության և հիգիենայի բաժին> ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից են իրականացվել,  և բավական կարճ ժամանակում համավարակի տարածումը կանխելը ամենից առաջ նրանց գրագետ քայլերով է պայմանավորված:  Կառույցն իր սուղ հնարավորություններով ու մասնագետների բացակայության պայմաններում, առանց չափազանցության, հերոսական աշխատանք է կատարել.  երեք հոգանոց խմբով  կորոնավիրուսի տարածման վտանգ ներկայացնող 15 գյուղերում աշխատելն ու համավարակին հաղթելն այլ կերպ չես անվանի: Կենտրոնի տնօրեն Արևիկ Բալայանն այսօր  շրջանում աշխատող միակ  համաճարակաբանն է (շրջանային բուժմիավորման փորձառու համաճարակաբան Համո Բալայանը տարիքային առումով խոցելի խմբում է, նրան չեն թույլատրել անմիջական մասնակցություն ունենալ հակահամավարակային աշխատանքներին):  Մեր խնդրանքով Ա. Բալայանն անդրադարձավ պայքարի միջոցառումներին` նշելով, որ  շրջանում  ախտահանիչ միջոցառումներ իրականացվել են  համավարակի բռնկումից շատ առաջ, երբ ՀՀ-ում էին գրանցվել առաջին դեպքերը:  <Մենք բաժնում ստեղծել ենք խումբ, պատրաստել ախտահանիչ նյութեր, որոնք հատկացրել  ենք շրջանի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, անհատ ձեռնարկատերերին,  սահմանամերձ համայնքներին: Որոշ ժամանակ անց, երբ հանրապետությունում ունեցանք առաջին դեպքերը, սկեցինք ըստ անհրաժեշտությոն նաև դիմակներ ու ալկոգելներ տրամադրել: Հադրութում առաջին դեպքը գրանցվեց հունիսի 10-ին,  ասեմ, որ այդ օրվանից սկսած` աշխատում ենք գրեթե  24-ժամյա ռեժիմով, գիտակցելով, որ եթե շրջանում  իրավիճակն անվերահսկելի դառնա, առաջին հերթին ինքներս մենք մեզ չենք ների: Ստեփանակերտից արարողությանը մասնակցած թոռան հետ շփում ունեցած բոլոր ենթադրյալ հիվանդներին մի գիշերվա ընթացքում մեկուսացրել ենք, նույն գիշերը  բոլոր կոնտակտավորները տեղափոխվել են Շուշի:  Հաջորդ օրերին, արդեն պարետի որոշմամբ,  4 գյուղերի ելքն ու մուտքն ենք  փակել:  Թեստավորումների միանգամից 8 դրական պատասխանները եթե շրջանի շարքային քաղաքացիների մոտ անհանգստանալու պատճառ են դարձել, ապա մեզ համար դրանք նաև մեր ճիշտ հաշվարկված քայլերի ու ճիշտ հասցեներով աշխատելու  պատասխանն էին>,- ասաց նա: Շփման առաջնային օղակը պարզելուց հետո համավարակի դեմ պայքարը ծավալվել է գյուղ առ գյուղ: Երկրորդ օղակի հետ  շփում ունեցածները  մեկուսացվել են ընտանիքներով:  Կոնտակտավորների թեստավորման ու բնակելի տներում ախտահանիչ հիմնական միջոցառումները, բացի վերոհիշյալ գյուղերից, իրականացվել  են Տումի, Տող,  Ազոխ և մի քանի այլ համայնքներում:  Տումիից վարակված ընտանիքին տեղափոխելուց հետո ախտահանվել են բոլոր հարևանների, նրանց հետ շփում ունեցածների տները:  Ըստ համաճարակաբանի` մինչև հունիսի 23-ը մեկուսացման մեջ գտնվող ընտանիքներ կան  Տումի, Ազոխ,  Տող, Մոխրենես և Ծակուռի  գյուղերում: Նրանց մեջ վարակակիրներ  չկան: Ներկա դրությամբ, մեր զրուցակցի վստահեցմամբ,  բոլոր շփվածները թեստավորվել են, բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել ինքնամեկուսացման կանոնների շուրջ: <Գյուղերում առաջին օրերին տագնապալի վիճակ էր, ժամանակ էր պետք, որպեսզի համայնքների բնակիչները հասկանան, որ ամենից առաջ իրենցից է կախված անտեսանելի այս թշնամու դեմ պայքարի ելքը>,-ասաց Ա. Բալայանը: 
Ա. Բալայանի խոսքով` իրենց աշխատանքը նման արդյունք չէր ունենա, եթե չլիներ շրջանի վարչակազմի ղեկավար Կ. Պետրոսյանի, ԱԱԾ, Ոստիկանության շրջանային բաժնի, փրկարար ու հրշեջ ծառայությունների ներկայացուցիչների մեծ օգնությունը: