[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄ. ՆՈՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ՈՒ ԼԱՐՎԱԾ ԱՄԱՌ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Օրերս Հադրութում հանդիսավորությամբ բացված շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի հնարավորությունների, շրջանում գրանցված COVID-19-ով վարակված հիվանդներին անհրաժեշտության դեպքում տեղում բուժօգնություն կազմակերպելու և այլ խնդիրների մասին է մեր հարցազրույցը բուժմիավորման գործադիր տնօրեն, վիրաբույժ Արա ԵՐԵՄՅԱՆԻ հետ:

-Պրն Երեմյան, ինչո՞վ է զբաղված շրջանային հիվանդանոցը համաճարակային այս բարդ իրավիճակում: Վերջին շրջանում երևի ավելացել է կանչերի ու հիվանդանոց դիմողների թիվը: Բնակչության  շրջանում նկատելի՞ է խուճապային տրամադրություն:

-Աշխատում ենք ինչպես միշտ` շուրջօրյա ռեժիմով: Թերևս բարձրացվել ու նոր աստիճանի է հասցվել բուժաշխատողների զգոնությունը, հիգիենայի կանոններին ծայրաստիճան խստագույնս հետևելու պահանջներն ու հեռավորության պահպանումը:  Բնական է, որպես բուժաշխատողներ,  չէինք կարող  մասնակցություն չունենալ  վարակի դեմ շրջանում ընթացող պայքարին: Առաջին իսկ հաստատված դեպքերին զուգընթաց` մեր երկու բժիշկներ կցվել են աշխատող խմբին, վարակի օջախ համարվող համայնքներում  իրականացրել արագ թեստավորումներ: Համայքային բուժկետերին, ինչպես միշտ, տրամադրվում է առաջին անհրաժեշտության դեղորայք, շրջանային բուժմիավորման դեղագետն ուսումնասիրում է համայնքների բնակչության դեղորայքային կարիքներն ու ըստ այդմ` եռամսյակը մեկ գյուղական բուժակն ապահովվում է դեղորայքով: Բացի այդ, բոլոր համայնքների առանձին խմբերում ընդգրկված բնակիչներն օգտվում են նաև անվճար տրամադրվող դեղորայքից:

Բուժմիավորումն ունի բավարար չափով պաշտպանիչ հանդերձանք ու միջոցներ բոլոր աշխատողների համար: Եթե շտապօգնության կանչի դեպքը կապված է կորոնավիրուսի ախտանիշների հետ, խումբը պարտավոր է հատուկ հանդերձանքով մտնել հիվանդի տուն: Շրջանի բոլոր համայնքներում գործող բուժամբուլատորիաներն ու բուժկետերն ապահովվել են դիմակներով ու ախտահանիչ նյութերով, առաջին օգնության դեղամիջոցներով: Ինչ վերաբերում է դիմողներին, ապա կտրուկ տարբերություն այս պահին չկա, չնայած շատերի մոտ նկատվել է որոշակի խուճապ ու ինքնազգացողության ցանկացած վատացում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու մշտական վախի դրսևորումներ:

- Ներկայում շրջանում գրանցված բոլոր հիվանդներն ու նրանց շփման օղակում հայտնվածները բուժվում կամ վերահսկողության տակ են, կարելի է ասել, որ արդեն վարակի բռնկման օջախը վերացվել է, եթե COVID-19-ը այլ ընթացք ունենար, շրջանային հիվանդանոցում կարելի՞ էր հնարավորություն ստեղծել` ապահովելու այդ հիվանդների բուժումը:

- Նման զարգացման մենք պատրաստ էինք, հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում ստեղծել  և կահավորել ենք 3 առանձին հիվանդասենյակներ, որպեսզի այնտեղ մեկուսացվեն կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին: Փառք աստծո, դրանք օգտագործելու անհրաժեշտություն չառաջացավ, քանի որ շրջանում խոշոր օջախային բռնկումներ չգրանցվեցին: Covid 19-ի դեմ պայքարի առումով մենք արդեն բավականին լավ վիճակում ենք գտնվում:

- Համավարակի պատճառած անհարմարությունները չխանգարեցին կյանքի կոչել շրջանի առողջապահական կարևորագույն ծրագիրը` մի քանի օր առաջ շրջանային բուժմիավորումը հանդիսավորությամբ նշեց նոր` անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացումը: Ի՞նչ նորություններ է բերել այն` բուժսարքավորումների հագեցվածության առումով: Կարելի՞ է ասել, որ այսուհետ շատ հիվանդներ բուժման ողջ ընթացքը հնարավորություն կունենան տեղում անցնել:

-Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացումը շրջաններում առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, հիվանդանոցի առաջին հարկի մեծ մասը վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով: Դա իրականություն է դարձել պետության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության արդյունքում: Այսօր հիվանդանոց հասցված ծանր հիվանդների վիճակը կարող է առավել բարձրակարգ պայմաններում կարգավորվել ու տեղափոխել  այլ բաժանմունք, կամ, եթե անհրաժեշտություն կա, ապահովել նաև մայրաքաղաքի բուժհաստատություններ տեղափոխումը: ԿԽՄԿ-ն բաժանմունքին նվիրաբերել է շնչառական վերակենդանացման հավաքածու, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր, թթվածնի խտացուցիչ սարք, սրտային մոնիտորներ և այլ սարքավորումներ: Պետական միջոցներով բաժանմունքի համար նոր ռենտգեն ապարատ է ձեռքբերվել: ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի հետ համաձայնություն ունենք Համաճարակային  իրավիճակի լրիվ կայունացումից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված <Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքները> թեմայով տեղում դասընթաց կազմակերպելու ուղղությամբ:

-Մասնագետների հարցում ևս ունեք ուրախացնող նորություններ:

-Ցավոք, ոչ, դա մեր խոցելի տեղն է մնում, նոր բացված բաժանմունքի պատասխանատուն բուժմիավորման անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն է, ով չի կարող մշտապես բաժանմունքում գտնվել: Որպես ուրախացնող նորություն նշեմ, որ անցած տարվանից ծննդաբերական բաժանմունքում աշխատելու է եկել երիտասարդ գինեկոլոգ Լուսինե Թումանյանը, ով  երեք տարվա պայմանագրով է աշխատում: Հուսով ենք` նա Հադրութում  ընտանիք կկազմի ու պայմանագիրը  կդառնա անժամկետ: Նշեմ նաև, որ գրեթե մեկ տարի առաջ Եգիպտոսի հայոց թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանի ֆինանսավորմամբ մեր ծննդաբերական բաժանմունքը վերանորոգվել ու վերազինվել է բժշկական անհրաժեշտ սարքավորումներով: Բաժանմունքը երկու հարկ է զբաղեցնում, որտեղ  տեղակայված  են   ժամանակակից    բոլոր   սարքավորումները: Կարող եմ ասել, որ շրջանային բուժմիավորման  ծննդաբերական   բաժանմունքն   ունի  այնպիսի   լավագույն    պայմաններ, որոնք նույնիսկ  Ստեփանակերտի  մոր  և  մանկան  առողջության  պահպանման  կենտրոնում չկան: