Logo
Print this page

ԼՈՒԾՎԵՑ ՃԱՐՏԱՐ ՔԱՂԱՔԻ ԳՅՈՒՆԵ ԹԱՂԱՄԱՍԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 Շրջանի համարյա բոլոր համայնքներում սուր է զգացվում ջրի սակավության խնդիրը։ Այն առկա է նաև Ճարտար քաղաքային համայնքում։ Սակայն արդեն յունե թաղամասի խմելու ջրի խնդիրը լուծվել է։

Ինչպես տեղեկացանք ՙՎարանդաշին՚ ՓԲԸ տնօրեն Արթուր Մուսայելյանից, ԱՀ նախագահի հանձնարարականով 3 օրվա ընթացքում ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ ՙՎարանդա՚ ցանցի և ՙՎարանդաշին՚ ՓԲԸ համատեղ ուժերով վերականգնվել է Ճարտարի Ղուրուսու կոչվող տեղամասի մեկ արտեզյան ջրհոր։ Տեղամասի հիմնական ջրամբար մատակարարվող ջրի պաշարների օրեցօր նվազման հետ կապված՝ ջրի սակավության խնդիր էր առաջացել, և այն լուծվել է նշված ջրհորի վերականգնման ու վերագործարկման շնորհիվ։ Ջրհորը մնացել էր խորհրդային տարիներից, որը չէր օգտագործվում, կար նաև ջրհորը պոմպակայանի ջրամբարին միացնող խողովակաշար։
Կառուցվել է պոմպակայանից արտեզյան ջրհոր տանող 720մ նոր ճանապարհ, որի երկայնքով տեղադրվել են էլեկտրական սյուներ, անցկացվել էլեկտրալարեր, տեղադրվել նաև էլեկտրակայան, հին պոմպը փոխարինվել նորով։ Վերականգնված արտեզյան ջրհորից հիմնական ջրամբար տանող հին ջրագիծը վերանորոգվել է։
Վերանորոգված ջրհորի ջուրն արդեն հասցվել է պոմպակայանի ջրամբար։ Պատասխանատուի խոսքերով՝ պահի դրությամբ ջրհորից կմատակարարվի ժամում 25տ ջուր, օրվա կտրվածքով՝ մոտ 600տ ջուր, այն հիմնական ջրհորի պաշարների հետ /ժամում՝ 22-23տ/ կմատակարարվի յունե թաղամասի մոտ 420 ընտանիքի, կապահովի 4-ժամյա գրաֆիկով ջրամատակարարում։
Նշվեց նաև, որ Ղուրուսու տեղամասից յունե թաղամասի օրվա կարգավորող ջրամբար տանող 70-ական թվականներին կառուցված 7կմ երկարությամբ ջրատար ցանցը ևս ունի կապիտալ վերանորոգման կարիք։ Հույս հայտնվեց, որ մոտ ապագայում կլուծվի նաև այս խնդիրը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.