ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի աշխատասենյակում տեղի ունեցավ Սարուշենի նախկին կոլտնտեսության վարչության, ապա նաև՝ համայնքի երկարամյա ղեկավար Արտյուշա Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված պարգևատրման արարողություն։ Հակոբ Ղահրամանյանը, բարձր գնահատելով Ա. Հարությունյանի ավանդն ու երկարամյա անբասիր աշխատանքը հարազատ գյուղի զարգացման գործում, նրան պարգևատրել է վարչակազմի պատվոգրով։
Հոբելյարին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև պարգևատրման արարողությանը ներկա Յուրի Արամյանը՝ մարդ, ով կանգնած է եղել շրջանի գյուղատնտեսության զարգացման ակունքներում։
Արցախյան Շարժման՝ Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը, շնորհավորելով Արտյուշա Հարությունյանին հոբելյանի կապակցությամբ՝ ընդգծել է նրա համարձակությունը, անվախությունն ու ազնվությունը՝ առանձնապես Արցախյան շարժման սկզբնական փուլում։
Որպես կուսկազմակերպության քարտուղար, 1987-ին խիզախություն և համարձակություն է ունեցել մասնակցելու Արցախը Հայաստանին վերամիավորելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքին։ Արհամարհելով բազում վտանգներ՝ իր աշխատասենյակը տրամադրում էր Շարժումը կազմակերպելու նպատակով գաղտնի ժողովների համար։
1988 թվականին ընտրվել է Սարուշենի կոլտնտեսության վարչության նախագահ և աշխատել մինչև ԳԿ(Փ)Տ-ների լուծարումը։ Մեծ էր կոլտնտեսության դերը գյուղի ինքնապաշտպանական ջոկատի տղաներին պարենամթերքով ապահովման գործում։ Սարուշենի կոլտնտեսությունը շարունակական աջակցություն էր ցուցաբերում նաև Ասկերանի գումարտակին՝ գյուղմթերքով և բանջարաբոստանային կուլտուրաներով։
Սարուշենը միշտ էլ եղել է շրջանի լավագույն գյուղերից մեկը։ Ներկայում գյուղն ունի 380 բնակիչ, ապահովված է կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Իսկ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ տեղակայված լինելը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում սարուշենցիների համար՝ իրենց արտադրանքը տեղում իրացնելու գործում։ Ցավոք, այս տարի, կապված համաճարակի հետ, մի քիչ այլ է դրությունը։ Սարուշենցիները զբաղված են հողագործությամբ և անասնապահությամբ։ Ամարասի հովտի 15հա թթայգիները սեփականաշնորհված են, և գյուղացիները համախմբված կատարում են թթի բերքահավաքի աշխատանքները։
Արտյուշա Հարությունյանն այժմ դասախոսում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես վիրաբուժության դասախոս։ Ցավով է նշում, որ ագրարային ոլորտի մասնագետները քիչ են։ Սակայն տարիների հետ, կարծես, փոխվում է իրավիճակը։ Այժմ շատ երիտասարդներ գիտակցված են մոտենում մասնագիտության ընտրության հարցին։
-Ագրարային ոլորտի մասնագետներ ենք թողարկում, և այն մեր երկրի համար կարևորագույն ճյուղերից է։ Անասնաբույժն այն մասնագետն է, ով պատասխանատվություն է կրում կենդանիների առողջության, երկրում արտադրված գյուղմթերքի որակի և անվտանգության համար։ Գյուղատնտեսների պակաս Արցախում, իրոք, կա։ Սակայն ես հույսեր եմ կապում մեր նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրերի հետ, որտեղ մեծ տեղ է հատկացված գյուղատնտեսության զարգացմանը։ Իսկ Արցախը գյուղատնտեսության զարգացման առումով մեծ հեռանկարներ ունի։ Դա է միակ հուսալի ճյուղը, որը զարգացնելով կշենացնենք և՜ մեր երկիրը, և՜ կապահովենք մեր ընտանիքները,- նշում է վաստակավոր անասնաբույժը և հավելում,- Սարուշենն այսօր օր-օրի զարգանում է։ Գյուղում շատ երիտասարդներ տներ են կառուցում, իրենց ապագան տեսնում գյուղում։ Ուրեմն գյուղը զարգանալու և աճելու մեծ հեռանկարներ ունի։ Իսկ դա գալիս է նրանից, որ երկրի զարգացման ռազմավարությունը ճիշտ ուղու վրա է։ Երբեք չպիտի մոռանանք, որ թշնամի հարևան ունենք, և Արցախն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված պիտի քայլեն դարերով, հազարամյակներով։ Դա է եղել մեր պապերի երազանքը, դա ենք կտակում մեր զավակներին։ Մեծ ուրախություն է ինձ համար այն բանի գիտակցումը, որ այսօր Արցախի սահմանները հագեցված են ժամանակակից տեխնիկական միջոցներով, մեր դիրքերը ամուր են, ունենք հզոր և պատշպանունակ բանակ։ Այս ամենն ինձ համար անգնահատելի նշանակություն ունի, և ես մեծապես համոզված եմ, որ բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ Արցախն ավելի ու ավելի է շենանալու,- ասաց հոբելյարը։
Նշենք նաև, որ նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արտյուշա Հարությունյանին շնորհվել է ՙՄխիթար Գոշ՚ մեդալ, իսկ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Սարուշենի բազմամյա ղեկավարն արժանացել է ՙՈսկե մեդալի՚։