COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Հայաստանում, համավարակով պայմանավորված,
իրավիճակը մնում է կայուն ծանր
Համաշխարհային վիճակագրական Worldometer կայքէջի տվյալներով՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հուլիսի 10-ի դրությամբ հասել է 12 մլն 390 հազ. 737-ի:
Ընդհանուր առմամբ, վարակից մահացել է 557 հազ. 416 հիվանդ, բուժվել` 7 մլն 221 հազ. 101 քաղաքացի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 2 միլիոնով: Վարակակիր երկրների թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան ու Հնդկաստանը: Գրանցված բոլոր դեպքերի մեկ քառորդն արձանագրվել է Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 3 միլիոն, այնուհետև Բրազիլիայում՝ շուրջ 1,72 միլիոն, Հնդկաստանում՝ 742,5 հազար: Իսկ Ռուսաստանը հայտնվել է չորրորդ տեղում հաստատված՝ ավելի քան 700,8 հազար դեպքով: Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել Է 5-ով եւ հասել 973-ի։ Այս երկրում նոր վարակից ապաքինվել Է` 846, մահացել 15 հիվանդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 8-ին հայտարարել էր, թե կորոնավիրուսը կարող է փոխանցվել նաև օդով։ Մինչ այդ կառույցը պնդել էր, որ COVID-19–ը մարդկանց շրջանում տարածվում է քթի և բերանի կաթիլների միջոցով, իսկ օդի մեջ հայտնվելով, գրեթե միանգամից իջնում է հատակ՝ դառնալով անվնաս։ Սակայն 32 երկրի 239 գիտնական ԱՀԿ-ին նամակ հղեցին, որտեղ ապացույցներով ներկայացրին, որ վարակի մասնիկները կարող են երկար ժամանակ մնալ օդում և վարակել ցանկացածին, ով կհայտնվի այդ տարածքում։ Մինչ մարդկությունը COVID-19 համավարակի դեմ պայքարի նորանոր միջոցներ է մշակում, օրենսդրությամբ սահմանափակումներ կիրառում, նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է ՙգրոհել՚՝ ամեն օր արձանագրելով դեպքերի աճ։
Հուլիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 557 նոր և ընդհանուր` 30 903 դեպք։ Վերջին օրվա ապաքինվածների թիվը կազմում է 709, իսկ ընդհանուր առմամբ բուժվել է 18709 հիվանդ։ Վարակի հետևանքով ՀՀ-ում արձանագրվել է մահվան 546 դեպք: Հուլիսի 10-ի տվյալներով՝ գրանցվել է մահվան 11 դեպք։ Մահացածները եղել են 51-93 տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է: Ներկայումս ՀՀ-ում COVID-19-ից բուժում է ստանում 11471 հիվանդ: Իսկ ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 10-ին հայտարարել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ, համավարակով պայմանավորված, վիճակը մնում է կայուն, բայց ծանր, բացասական և էական դրական միտումներ չկան։ Հակիրճ ամփոփելով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացված միջոցառումները, Ա. Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշեց, որ հզորացվել ու վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոնների լաբորատոր կարողությունները, ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, վերապատրաստվել են մասնագետներ, ՊՇՌ նոր լաբորատորիաներ են ստեղծվել Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում՝ ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն: Վերապրոֆիլավորվել և կորոնավիրուսային հիվանդությամբ է զբաղվում ՀՀ շուրջ 19 բժշկական հաստատություն։ Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ: Մարտից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար: Հուլիսի 3-ի դրությամբ նոր կորոնավիրոսային հիվանդության թեմայով դասընթացներին մասնակցել է 5680 բուժաշխատող և վարչական աշխատող։ Նոր վարակի բուժման և մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով ստեղծվել և գործարկվել է առցանց բժշկական կոնսիլիումի հարթակ: Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցության արդյունքում ՀՀ-ն ստացվել է զգալի օժանդակություն, այդ թվում սարքեր, ախտորոշիչ թեստեր, դիմակներ և բժշկական այլ պարագաներ: Որպես նվիրատվություն, ընդհանուր առմամբ, ստացվել է 61152 թեստ:
Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի փոխանակում և համագործակցություն է իրականացվում հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Չինաստանի գործընկերների ու դիվանագիտական օղակների, Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար խորհրդակցություններ և տեսակոնֆերանսներ են կազմակերպվում ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարությունների հետ։
Արցախում հուլիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ով հաստատված 4 նոր և ընդհանուր 146 դեպք: Վերջին օրվա տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի մեկական օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում և Մարտակերտում: Իսկ 2 նոր դեպք էլ գրանցվել է նախորդ օրերին Ստեփանակերտում հաստատված վարակակրի շփման շրջանակից: Ներկայումս ԱՀ-ում մեկուսացված է 77 քաղաքացի։ Նոր կորոնավիրուսային հիվանդությունից բուժում է ստանում 30 հիվանդ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ մեկ այլ հիվանդինը՝ միջին ծանրության: Մյուս վարակակիրների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, Արցախում կատարվել է 2522 թեստավորում, իսկ նոր վարակից ապաքինվել է 116 քաղաքացի։
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները շարունակում են ախտահանման աշխատանքներ իրականացնել վարակի հաստատված օջախներում, մեկուսարան հանդիսացող վայրերում:
ԱՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը լինել զգոն, պատասխանատու և պահպանել վարակի տարածումը կանխարգելող առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։