ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ
Կարինե Բախշիյան
Սղնախն Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է, հենց անվանումն էլ դրա վկայությունն է։ Սղնախ՝ նշանակում է ամրոց, ամրություն։ Ըստ պատմական տարբեր աղբյուրների, նախկին բնակավայրը հիշատակվում է չորրորդ դարից և գտնվել է ներկայիս բնակավայրից 1 կմ դեպի արևելք։ Երեք կողմերից պաշտպանված էր ժայռերով, ուներ եկեղեցի ու գերեզմանոց։
1727 թվականից մինչև 1750 թվականը Սղնախի բնակիչներն սկսեցին պարբերաբար տեղափոխվել նոր բնակավայր, սակայն համարյա 30 տարի իրենց հարազատներին հողին էին հանձնում հին բնակավայրի գերեզմանոցում։ 1780 թվականից գյուղի վերին բարձրության վրա ստեղծվեց նոր գերեզմանատուն։
Գյուղը սահմանակից է Ավետարանոցի հողահանդակներին, Մեծ և Փոքր Քիրսերին, Շոշի, Սզնեքի և Քարին տակի տարածքներին։
Շրջակայքում պահպանվել են տարբեր սրբավայրեր և եկեղեցիներ, իսկ գյուղի հարավ-արևելյան կողմում կա մի ահռելի քարանձավ, որը թշնամիների հարձակման ժամանակ ծառայել է որպես ապաստարան։
Արցախյան գոյապայքարի ժամանակ հայրենիքի ազատության համար նահատակվել և հավերժացվել են ծննդով սղնախցի 10 քաջորդիներ։
Այսօր Սղնախն ունի նորակառույց համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է գրադարան, խաղասենյակ, ակումբ։ Գործում է միջնակարգ դպրոց, առևտրի 1 կետ։ Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 315 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը, ով ամեն մի հաջողության ու ձեռքբերման գրավականը տեսնում է աշխատասիրության, կամքի ուժի և պատասխանատու վերաբերմունքի մեջ, գյուղի մասին հաճույքով է խոսում։
-Կարծում եմ՝ ինձ հետ համաձայն կլինեն բոլոր գյուղաբնակները, որ ապրել գյուղում ու չզբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ աններելի է։ Փոքրուց տեսել եմ, թե ինչպիսի սիրով են իմ ծնողները կատարում իրենց աշխատանքը և, ինչու չէ, առատորեն քաղում արդար աշխատանքի պտուղները։
Ինչևէ: Արմատներով սղնախցի գործարար Արման Հակոբջանյանի շնորհիվ գյուղում իրականացվում են տարբեր բարեգործական աշխատանքներ։ Հունվար ամսից համայնքում սկսված են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները։ Պետական միջոցների շնորհիվ տրամադրվել է սալաքարը, իսկ մնացած բոլոր ֆինանսական հարցերը լուծում է Արման Հակոբջանյանը՝ տրամադրելով նաև շինարարների աշխատավարձը։ 1000-ական դոլար է տրամադրում նաև յուրաքանչյուր նորածնի։ 2020 թվականին գյուղում ծնվել է 3 երեխա։
Սղնախ համայնքում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով կատարվել են Սղնախի համայնքի գերեզմանոցի տարածքի մաքրման աշխատանքներ։ Անդրադառնալով 2019 թվականին կատարված աշխատանքներին՝ նշեմ, որ անասնաբուծության կանոնագրման և արոտների կառավարման ծրագրի շրջանակներում իրականացվել են միջդաշտային ճանապարհների բարեկարգում և արոտների ջրարբիացման աշխատանքներ։ Համայնքն օգտվել է նաև անասնապահության զարգացման խթանման պիլոտային ծրագրից։ 2019 թվականին շահագործման է հանձնվել երկկողմանի ծնողազուրկ Աշոտ Ավանեսյանի բնակարանը, Ասկերանի շրջվարչակազմի կողմից 8 ընտանիք ստացել է շինանյութ, իսկ մեկ ընտանիքի օգնություն է ցուցաբերվել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից։ Շրջվարչակազմի կողմից 2020 թվականին շինանյութերի տեսքով օգնություն են ստացել ևս 4 ընտանիք։ Կարծում եմ՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու։
Համայնքը լրիվությամբ ապահովված է էլեկտրականությամբ, գազիֆիկացված է, ինչպես նաև ապահովված է խմելու ջրով։ Փողոցները մասնակի են լուսավորված։ Մի խոսքով, կատարված աշխատանքները շատ են, իսկ կատարվելիքը՝ ավելի շատ։
Բայց անելիքները շատ են: Կարծում եմ՝ պետք է զինվենք համառությամբ, ամուր կամքով ու եռանդով, որ կարողանանք թեթևացնել գյուղի և գյուղացու հոգսաշատ առօրյան։
Գյուղամիջյան ճանապարհները, որ անմխիթար վիճակում էին, այսօր սալապատվում են։ Աշխատանքներ են տարվում նաև փողոցների արտաքին լուսավորման ուղղությամբ, շուտով այն իրականություն կդառնա։
Համայնքի ամենամտահոգ խնդիրը ոռոգման ջրի պակասն է:
Սղնախցիներիս նպատակն է նաև դպրոցի նոր շենք ունենալը։ Կարելի է ասել, որ մենք բարի նախանձով ենք նայում այն համայնքների նորակառույց դպրոցներին, որոնք ունեն ժամանակակից որակյալ կրթության համար բոլոր պայմանները։
Համայնքում ունենք 0-ից 6 տարեկան 43 երեխա, սակայն, ցավոք, չունենք մանկապարտեզ, որի բացակայությունը կարելի է համարել գյուղի գերխնդիրը։ Ծնողներն ու երեխաները մեծ սիրով ու անհամբերությամբ են սպասում այն երանելի օրվան, որ Սղնախը նույնպես մանկապարտեզ կունենա։ Մանկապարտեզի առկայությունը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ավելացմանը, կնվազի բնակչության արտագաղթը։
Հարկ է նշել նաև, որ վերանորոգման կարիք են զգում բուժկետի և ակումբի շենքերը։
Կարծում եմ՝ հրատապ քայլեր են պետք, որպեսզի բոլոր այս խնդիրները լուծվեն, և խոսքը փոխարինվի հստակ գործով, ինչի համար ակնկալում ենք մեր երկրի իշխանությունների և բարերարների աջակցությունը։