ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
Քաղաքում բազմաբնակարան շենքի շինարարության հնարավորություններն ուսումնասիրելու և առաջ քաշված ծրագրերին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով Հադրութ էր ժամանել ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Հադրութի վարչակազմում նա պատասխանատուների հետ քննարկել է 2020 թվականին կապիտալ շինարարության պետպատվերի ծրագրով շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը և ծրագրով նախատեսված օբյեկտների շինարարության և վերանորոգման առաջնահերթությունը։ Արամ Սարգսյանը Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ շրջայց են կատարել քաղաքում, ավելի մոտիկից ծանոթացել այն փողոցներին, որտեղ պետք է իրականացվի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։ Նրանք միաժամանակ ուսունասիրել են այն տարածքները, որտեղ պետք է կառուցվի բազմաբնակարան շենքը։
Պետպատվերի ծրագրով Հադրութ քաղաքում բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Ա. Կասպարով, Թ. Ստեփանյան, Ա. Սահակյան և այլ փողոցներում։ Ա. Սահակյան փողոցում սկսված են հենապատերի կառուցման և փողոցի լայնացման աշխատանքները։ Սկսված են ՙՀյուսիս-հարավ՚ մայրուղու Կարմիր Շուկա- Հադրութ 32 կմ ճանապարհի փոսալցման և ասֆալտապատման աշխատանքները։ Կապիտալ վերանորոգվել են Մոխրենես համայնքի ակումբի և Հայկավան վերաբնակեցվող գյուղի հիմնական դպրոցի շենքերի տանիքները։ Նախատեսված է վերակառուցել Հայկավան գյուղի դպրոցի շենքը։ Կապիտալ վերանորոգման աշխատանքներ կկատարվեն Հադրութի համայնքի կազմում Վանք գյուղի հանդիսությունների շենքում։ Կապիտալ կվերանորոգվի նաև Թևան Ստեփանյանի անվան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքը։
Շինարարական աշխատանքներ են տարվում Թաղասեր գյուղում կառուցվող մանկապարտեզի, Հադրութ քաղաքում 320-տեղանոց հանդիսությունների տան, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության Հադրութի բաժանմունքի շենքերի վրա։
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութեր է տրամադրվել։ Այդ նպատակով լրացուցիչ 65 մլն դրամ է հատկացվել շրջանի վարչակազմին։
Պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղոտ համայնքում դպրոցական շենքի կառուցումը։
;