ՙՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԵԼԱՈՃԸ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որի պաշտոնավարության տարին դեռ չի բոլորել, քաղաքացիների շրջանում արդեն բարյացակամ մարդու համբավ ունի: Դրանում համոզվեցինք` զրույցի հրավիրելով Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետ Զոյա ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՆ:
-Տիկին Զոյա, տեղյակ ենք, որ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակ կտրուկ աճել է քաղաքացիների դիմում-բողոքների քանակը, ինչպես և անձամբ հանդիպել ցանկացողների:
-Յուրաքանչյուր ընտրություններից հետո` թե՜ համապետական, թե՜ տեղական ինքնակառավարման, որպես կանոն, մարդկանց հոսքը շատանում է: Կարծում եմ` մարդիկ իրենց խնդիրների լուծման համար հույսեր են կապում ամեն մի նորընտիր պաշտոնյայի հետ: Բնական է նաև, որ ամեն մի պաշտոնյա առաջնորդվում է իր սկզբունքների, աշխատաոճի համաձայն: Քաղաքապետ Դ. Սարգսյանը գերադասում է նախապես մարդկանց հետ զրուցել, նրանցից տեղեկանալ եղած խնդիրների մասին և օրենքի սահմաններում լուծում տալ խնդիրներին: Եթե նյութական օգնության խնդրով են դիմում, ձգտում է հնարավորինս բավարարել՝ անգամ գործի դնելով ընկերական լայն շրջապատը: Նման բարյացակամ մոտեցումը, բնականաբար, նպաստում է դիմումների, մարդկանց հոսքի ավելացմանը:
-Ի՞նչ քանակի մասին է խոսքը:
-Օրինակ, ընտրություններից անմիջապես հետո եղել են օրեր, որ քաղաքապետի հետ հանդիպելու դիմումները հասնում էին անգամ շաբաթական 80-ի: Մի ստվար մաս էլ ցանկանում է անձամբ հանդիպել: Քաղաքապետի հետ հանդիպման անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է ընդունելություն: Սկզբնական փուլում այն կազմակերպվում էր շաբաթը երկու անգամ, քանի որ գրանցվածների թիվը հասնում էր 100-ի: Անշուշտ, դա տեղի էր ունենում սկզբնական փուլում, աստիճանաբար դիմումների քանակը նվազել է: Հիմա, ամենաշատը հասնում է մոտ 50-ի:
-Ներկայացրեք, խնդրեմ, բաժնի գործունեությունը:
-Բաժնի գործունեությունը չի սահմանափակվում միայն քաղաքապետի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ: Այն նախատեսում է դիմումների ընդունում՝ բոլոր հարցերով: Ընդունված կարգի համաձայն, քաղաքացիները ներկայացնում են դիմում, որտեղ համառոտ բացատրված է խնդրի էությունը, կից ներկայացվում են համապատասխան փաստաթղթեր: Բաժին է ուղարկվում նաև համապատասխան գրություններ ԱՀ տարբեր կառույցներից: Օրինակ, 2020թ. առաջին կիսամյակում ԱՀ Նախագահի, Ազգային ժողովի և պետական նախարարի աշխատակազմերից, քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություններից, այլ կառույցներից, ինչպես նաև քաղաքացիներից ստացվել են մոտ 2000 գրություն ու դիմում-բողոք՝ հողհատկացման, շինթույլտվության, սեփականաշնորհման, բնակհաշվառման, բնակարանների և անհատական տների տանիքների վերանորոգման, կոմունալ, վերահասցեավորման, խնամակալության, որդեգրման և այլ հարցերի վերաբերյալ: Պատկերացրեք` ինչպիսի քրտնաջան աշխատանք պետք է կատարի բաժինը: Նշեմ, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրները և բողոքները քաղաքապետի կողմից բավարարվում և ընթացքավորվում են:
-Կորոնավիրուսային վիճակն ինչպե՞ս է ազդել մարդկանց հոսքի վրա:
-Պանդեմիան, բնականաբար, իր սրբագրումներն է մտցրել ընդունելության կազմակերպման հարցում: Շատացել են նյութական օգնության կարիքավորները, որոնց ամեն կերպ քաղաքապետը աջակցում է` անգամ հնարավոր և անհնար դեպքերում: Խնդրանքներով գալիս են անգամ շրջաններից, չնայած քաղաքապետը լիազորված չէ լուծել այնտեղ առաջ եկած խնդիրները:
-Տարբեր մարդիկ, տարբեր իրավիճակներ, տարբեր բնավորություններ: Կարողանո՞ւմ եք հանգիստ մթնոլորտ ապահովել:
-Այցելուների մեջ առանձնացվում է մի խումբ, որը, կարելի է ասել, մեր ՙմշտական հաճախորդներն՚ են: Դիմում են ամեն մի չնչին հարցով: Փորձում ենք ինչ-որ չափով բավարարել, որպեսզի շնորհակալ դուրս գան քաղաքապետարանից: Պետք է ինչ-որ տեղ հոգեբան լինես, կարողանաս իրավիճակը կառավարել: Ընդ որում` հիմնականում հաջողվում է: