ԾԵՐԱՑՈՂ ԳՅՈՒՂԻ ԼԱՎԱՏԵՍ ՄԱՐԴԻԿ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հադրութից Պլեթանց հասցնող 20 կմ ճանապարհը դժվարանցանելի է դառնում անմիջապես մայրուղուց թեքվելուց հետո. վերջերս տեղացած հորդառատ անձրևներից առաջացած սելավները լիովին քարուքանդ են արել ընդամենը երկու տարի առաջ խճապատած ճանապարհը: ՙՄեր գյուղի բախտը չի բերել, հարևանությամբ համարյա մեռած գյուղեր են` Մելիքաշենն ու Ծաղկավանքը, դրա համար ճանապարհն էս վիճակում է, երևի ասֆալտը չարդարացված ներդրում են համարում մեր գյուղերի համար,- մեզ հյուրընկալած Գայանեն է ասում, ով ծնվել-մեծացել է Պլեթանցում, ամուսանցել համագյուղացու հետ ու տեղափոխվել Հադրութ, ամուսնու ողբերգական մահից հետո երեք երեխաները մեծացրել ու հիմա ամեն հանգստյան օր այստեղ է` ծնողների մոտ: - Երբ գյուղում եմ արթնանում, ողջ օրս լավ է անցնում, ճանապարհը լավ լիներ` ամեն օր այստեղից աշխատանքի կգնայի՚:
Գյուղը ձորի մեջ է, դիմացը գեղեցիկ անտառն է` զարմանալիորեն խիտ ու բազմատեսակ ծառերով, իսկ թիկունքում լերկ բլուրներ են: Ընդհանրապես Պլեթանցն անսպասելի հակադրությունների գյուղ կարելի է համարել. ընդամենը 11 ընտանիք է ապրում գյուղում, որոնցից միայն երկուսն է աճող: Եվ չնայած դրան` նրանք իրենց գյուղը ծերացած չեն համարում: Այդտեղ օդը զարմանալի, անբացատրելի լավատեսությամբ ու ջերմությամբ է վարակված: Ինձ նման հյուրին ոչ թե բողոքներով, այլ ուրախ ժպիտով, հյուրասիրությամբ ու կատակներով են դիմավորում, ինչը մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթ է:
Պլեթանցիները գյուղի անվան հետ կապված սեփական պատմությունն ունեն. Այստեղ ուշ միջնադարում անասնապահներ են ապրել, կարագ ու պանիր են սարքել ու թանը թափել: Գյուղով անցնողները տեղանքն անվանել են Բոլ թան, հետագայում այն դարձել է Բլութան: Պլեթանց անվանումն էլ հեռավոր ու շեն ամառներին գյուղի բոլոր տների կտուրներին փռած չորաթանի բլիթների առատությամբ է պայմանավորված: Գյուղ մտնելիս առաջինն աչքի է զարնում Հադրութ հասնող գազատարը, բայց գազ ունենալը դեռ երազանք է այստեղ: Հույսները փայտն է, սակայն դիմացի թավ ու գեղեցիկ անտառին չեն կպչում, կենսաթոշակի կրկնապատիկն ու եռապատիկը վճարում, հեռվից են փայտ բերում:
Արդեն 6 տարի է` գյուղն աշխույժ, եռանդուն ու ոչ մի աշխատանքից չվախեցող Անգին Ծատրյանն է ղեկավարում: Մեր այցելության պահին տնամերձ բանջարանոցում էր աշխատում, 60 գլուխ կով է պահում, կաթ ու պանրից բաժին հանում համագյուղացիներին: ՙԴժվար թե Ղարաբաղում ինձ նման համարձակ գյուղապետ գտնեք՚,- առանց ավելորդ համեստության ասում է նա: Պետությունից դժգոհ չէ, շրջանի թե նախկին, թե ներկա բոլոր ղեկավարներն էլ միշտ պատրաստակամությամբ օգնել են գյուղին: Վերջին տարիներին ջրի հարցն են լուծել. ?արձունքի աղբյուրից ջուրը ջրամբար հասցնող ջրագիծն է նորոգվել: Գերեզմանոցն է ցանկապատվել, գյուղամիջյան ճանապարհներն են վերանորոգվել, նաև փողոցների լուսավորության հարցն է լուծվել: Այս ամռանն էլ շրջվարչակազմի հատկացրած ջրատար խողովակներն են տեղադրել: ՙԳյուղում հիմնականում տարեցներ են բնակվում,-ասում է Անգինը,- բոլորն էլ հոգատար զավակներ ունեն, բայց լավագույն դեպքում միայն հանգստյան օրերին են այցելում ծնողներին, դրա համար գլուխս բարձին դնելուց էլ մտածում եմ` այսինչի կտուրի հարցը չլուծվեց, այնինչին պիտի օգնենք, որ փլված պատը սարքի: Վերջերս էլ 90-ն անց Բորիկ պապը մահացավ, ողջ գյուղով թաղումը կազմակերպեցինք: Տասը տուն ենք մնացել, ամեն գործ իրար հետ խորհրդակցելով ենք անում, իրար օգնելով առաջ ենք տանում մեր գյուղը: Իսկապես, մի մեծ ընտանիք ենք: Իրար ցավ ու ուրախություն ենք կիսում, նախանձ բառը չկա մեր գյուղում՚,-հավատացնում է նա:
Այստեղ էլ, ինչպես արցախյան բոլոր գյուղերում, սիրում են հյուրին երկար-բարակ ներկայացնել համայնքի փառավոր անցյալը: Ժամանակին մինչև 150 ըտանիք էր բնակվում Պլեթանցում, զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ: Խորհրդային տարիներին 500 տոննա խաղող էին հանձնում պետությանը, կաթի ու մսի ցուցանիշներով ևս առաջատար էր տնտեսությունը: 1988-89թթ. 8-ամյա դպրոցում 60 աշակերտ կար, գյուղի կենտրոնում` երկհարկանի ակումբ, որի առաջին հարկը ծառայում էր որպես հանդիսությունների սրահ, հարուստ գրադարան ունեին, խնայդրամարկղ: Հիմա հին կյանքից որևէ նշան չի մնացել: 1991թ. թշնամուն հաջողվել է մտնել գյուղ: Պլեթանցն ընդամենը մեկ օր է մնացել հակառակորդի ձեռքին: Մանվել Գրիգորյանի ջոկատը, որի կազմում նաև գյուղի տղամարդիկ էին, երեկոյան կողմ մաքրել է գյուղը թալանի եկածներից, թշնամին սակայն հասցրել էր հրդեհել տների ու շինությունների գերակշիռ մասը: Մինչև պատերազմի ավարտը գյուղում միայն դիքապահ տղամարդիկ էին բնակվում: Արցախյան պատերազմում 7 զոհ ունեցան: 91-ի դեկտեմբերի 6-ին անտառների ու սարերի անանցանելի արահետներով Հադրութ հասած ընտանիքների մեծ մասն այդպես էլ չվերադարձավ: Շատերը մնացին Հադրութում, մի մասն էլ հեռացավ օտար ափեր: Ավելի համարձակները վերադարձան, սեփական ուժերով վերաշինեցին ավերված օջախները, գյուղը վերականգնվեց նաև պետական միջոցներով, սակայն երբեմնի շեն ու աշխույժ կյանքը չվերադարձավ: Գյուղը չվերաբնակեցվեց: Այս տարի երկու ծնունդ են ունեցել, սա Պլեթանցիների համար ամենամեծ ուրախությունն է, իսկական տոն: ՙԿիրթ, հետաքրքրասեր ու ընթերցասեր մարդիկ են միշտ ապրել այս գյուղում,- ասում է գյուղի նորածիններից մեկի տատիկը` Նազիկ Ադամյանը,- դրա համար գյուղը երիտասարդության համար մի օր անհետաքրքիր է դարձել, քաղաքներ են հեռացել: Մենք դրանից ողբերգություն չենք սարքել, մի օր վերադառնալու են, մեր գյուղը հզոր ձգող ուժ ունի՚: Դա Նազիկն ու որդու ընտանիքը սեփական փորձով են հասկացել: Տեղափոխվել էին ՀՀ Մասիսի շրջան, սակայն երկար չեն դիմացել, վերադարձել են տարեսկզբին: Այժմ որդին ուզում է աշխատանքի անցնել հարևան Մելիքաշենում տեղակայված զորամասում, կանայք տնամերձ հողամասն են մշակում: Գյուղում նոր թափ է առել տների վերանորոգման ծրագիրը, դա ևս լավատեսությաբ է վարակել պլեթանցիներին:
Սվետլանան համայնքապետարանի քարտուղարն է, 3 զավակ ու 5 թոռ ունի, զավակներից միայն կրտսեր որդին է մնացել գյուղում: Նորածիններից մեկը մերն է, հպարտությամբ շեշտում է նա: Գյուղ են վերադարձել դեռ Արցախյան պատերազմը չավարտված: ՙԵրեք տարի ապրեցիք Հադրութում, տեգրս զոհվել էր, ամուսինս վիրավոր էր, հենակներով եկավ, ասում էր` մեր տունը ավերակ չպիտի մնա: Սեփական ուժերով կառուցեց հորական տունը: Սակայն դպրոց չկա, չգիտեմ` մինչև երբ է որդուս ընտանիքը մնալու գյուղում: Վերաբնակեցումը կփրկի մեր գյուղը՚: Գյուղապետը վստահեցնում է` կրթության բաժնում վերահաստատել են, անգամ եթե 3 դպրոցահասակ երեխա լինի գյուղում, դպրոց են բացելու, առայժմ` բնակելի տներից մեկում:
ՙՄեր գյուղն աշխարհի ամենալավ գյուղն է,- գյուղամիջում սեփական ժիգուլին կանգնեցնում ու ներկայանում է Ազատամարտի ակտիվ մասնակից Վաչագան Ադամյանը: - Մեր թթի օղին ու դոշաբը ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի, էս տարի ասում էին թութ չկա Ղարաբաղում, մեր գյուղում ամեն տարի թթի առատ բերք է լինում, մինչև 300 լիտր օղի ենք քաշում: Անգամ պատերազմի օրերին, երբ դիրք էինք պահում, թութը չէինք թողնում փչանա, մեր ձեռքով նույնիսկ դոշաբ ենք եփել՚:
Այսօր պլեթանցիների ամենամեծ ցավը Սբ. Ստեփանոս եկեղեցու անմխիթար վիճակն է: Գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, տարեցների վկայությամբ` գյուղը հիմնվել է հետագայում, քանի որ եկեղեցի է եղել տեղանքում: Ըստ ավանդության` նաև եկեղեցու զորությամբ են այստեղ հաղթել 20-րդ դարասկզբին գյուղից սկսված և շրջանում տարածված ժանտախտը: Եկեղեցին երբևէ չի վերանորոգվել, տանիք չունի, սակայն դեռ կանգուն է: Գայանեի ծնողները` Բորիս և Գյուլչորա Ավագյանները« ապրում են եկեղեցուն կից: Ամեն առավոտ մեր առաջին գործը եկեղեցու պատերին նայելն է, հանկարծ մի քար պոկված չլինի, տանիքը փլած չլինի: Գյուղն ապրում է, կա, քանի կա մեր եկեղեցին,- ասում է Գյուլչորա մայրիկը,- էս սուրբը որ փլվեց, մեր հույսերն էլ են փլվելու, քանդված եկեղեցին լավ նշան չէ՚:
Համայնքապետ Անգինը որոշել է` արտասահմաններում ապրող համագյուղացիներն այս անգամ որ ջիփերով գան, անմիջապես դիմավորելու և տանելու է եկեղեցու մոտ, որպեսզի խոստումները գործ դառնան: