[ARM]     [RUS]     [ENG]

ԱնՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Հուլիս ամսից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին խմբերի քաղաքացիների համար անվճար իրականացվում են համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություններ։ ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ անվճար բուժօգնությունն իրականացվում է Արցախի նախագահի 2020-2025թթ. նախընտրական ծրագրի` անվճար առողջապահական համակարգի ներդրման շրջանակներում: 

Արցախի առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նշյալ հետազոտություններն անվճար են հանրապետության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, կենսաթոշակի անցած պահեստազորի զինծառայողների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան զավակներ) համար։
Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ ծրագրում ընդգրկված են նաև բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողները, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները, բռնադատվածները, Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողները, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաները, զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն), առանց ծնողական խնամքի մնացած երեխաները (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք։ Արդեն գործող այս ծրագրի շրջանակներում անվճար համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություններից կարող են օգտվել նաև զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք) և նրանց ընտանիքների անդամները (ամուսին, ծնողներ), ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել։ Համապատասխան որոշմամբ՝ ծրագրում ընդգրկվել են նաև ձերբակալվածները, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածները, 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք, վերարտադրության տարիքի կանայք, ովքեր հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում են։