Համաճարակաբանական իրավիճակն Արցախում

 Սոֆիա   ԲԱԲԱՅԱՆ

 Հետպատերազմյան Արցախում COVID-ի տարածվածության վիճակի մասին է մեր զրույցը  «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի հետ:

-Տիկին Գրիգորյան,COVID-ի վիճակագրական տվյալներ կա՞ն: Եթե այո, ինչու՞ չի հրապարակվում:

-Իհարկե, կան տվյալներ: Չի հրապարակվում, որովհետև լրատվամիջոցները չեն հետաքրքրվում: Ապրիլից մինչ օրս Արցախում գրանցվել է 1094 վարակ, արվել է 15796 թեստավորում:

-Հայտնի է, որ պատերազմի ժամանակ համավարակը կտրուկ աճել էր: Կանոնավոր կերպով թեստավորումներ անցկացվե՞լ է:

-Այո, մեծ աճ կար: Թեստավորումների փորձանմուշներն ուղարկվում էր ՀՀ: Տրանսպորտի խնդիր չկար, որովհետև ամեն օր մեքենա էր ուղևորվում:

-Իսկ այսօր վարակի կանխարգելման և ախտահանման աշխատանքները կրկին վերականգնվե՞լ են: Այցելու՞մ եք գյուղական համայնքներ: Նաև խնդրում եմ ասեք, ուսումնական հաստատություններում պահպանվո՞ւմ են անվտանգության կանոնները:

-Այո, ախտահանվում են այն հաստատություններն ու շենքերը, որտեղ գրանցվում են վարակակիրներ: Նույնը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին: Մինչև պատերազմն էլ ախտահանման պարագաները մեծ քանակությամբ բաժանվել էր ուսհաստատություններին: Այցելում ենք խանութներ, ոչ թե ստուգումներ անցկացնելու, այլ կրկին հիշեցնելու անվտանգության կանոնների մասին: Այցելում ենք նաև այն համայնքները, որտեղից ահազանգեր ենք ստանում: Պայմանագիր ունենք նաև ռուս խաղաղապահների հետ, որոնց օգնությամբ էլ կապահովվի մեր անվտանգ այցելությունները որոշ համայնքներ: Ախտահանիչ պարագաներով, դիմակներով, խալաթներով մեզ ապահովում է նաև ՛՛Կարմիր Խաչ՛՛ կազմակերպության արցախյան գրասենյակը:

-Թեստավորումը ո՞րտեղ է անցկացվում: Վճարովի՞ է:

-Անցկացվում է մեզ մոտ, իսկ թեստավորումն անվճար է:

-Տիկին Գրիգորյան, ընդհանուր ի՞նչ մտահոգություններ ունեք:

-Մտահոգիչն է այն, որ մեր շատ մասնագետներ, որոնք Շուշիից կամ Հադրութից էին, կացարան չունենալու պատճառով  չեն կարողանում վերադառնալ Արցախ:

Մտահոգիչ են նաև կապի բաժանմունքների, բանկերի, քաղաքապետարանի մոտ գոյացած մեծ հերթերը: Մի՞թե չեն հասկանում, որ այնտեղ կանգնած մարդկանցից ոմանք կարող են վարակակիր լինել:

-Նման երևույթների կանխարգելմամբ  ո՞վ պետք է զբաղվի:

-Դա մեր իրավասությունների շրջանակից դուրս է,-զրույցը եզրափակեց Օֆելյա Գրիգորյանը: