Logo
Print this page

ԹԻԿՈՒՆՔՆ ԷԼ ԴԻՐՔ Է, ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Տարիներ շարունակ կանայք ապացուցել են իրենց ուժը. ուժ, որն արտահայտվում է ոչ թե ֆիզիկական կարողություններով, այլև էմոցիոնալ, մտավոր ու հոգեկան առումներով։ <<Երբ դադարում ես վախենալ եթե-ներից և նորը ստեղծելու համար  կապ  ես հաստատում  ներքին ուժերիդ հետ, ապա հանգստանում ես ու նկատում  հնարավորություններդ>>,-այսպես է մտածում զրուցակիցս՝ Նախշուն Ավագյանը, ով պատերազմի օրերին անգամ չընկրկեց ու յուրովի պայքարեց։

Նախշունը տեսակով բացառիկ է. կին, ով ռազմական դրության մեջ գիտակցեց թիկունքում կամավոր լինելու կարևորությունը, մայր, ով գիշերներն արտասվում, բայց  հաստատակամ կեցվածքով զավակների բարի լույսն էր դիմավորում։ Էությանն համահունչ անունով իմ զրուցակիցն այսօր զարմանում է այն գերբնական ուժով, որով լցված էր ահասարսուռ օրերին։ <<Ինչ պարտության մասին է խոսքը, երբ հայ զինվորը սահմանին է և շարունակում է մեզ հենասյուն լինել. իմ ճանաչած զինվորը՝ հաղթանակած զինվորն է>>. այլ կերպ չի էլ կարող մտածել ազատամարտիկի դուստրը, սպայի կինն ու երեք որդիների մայրը։ Թևաթափ լինելու փոխարեն նա  ընտրել էր զինվորին աջակից լինելու ճանապարհը։ Համացանցից տեղեկանալով  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կազմակերպվող կամավորական աշխատանքներին, երկամյա փոքրիկը գրկին, շտապեց այնտեղ. <<Չէի կարող չգնալ։ Շնչահեղձ էի լինում այն մտքից, որ նստած եմ ու ոչինչ չեմ անում։ Եթե  զինվորն առաջնագծում է, ուրեմն թիկունքն էլ դիրք է, որը պետք է ամուր պահել։ Եվ բնավ էլ չեմ կարծում, որ երեխան գրկիս ինչ-որ գործ անելը ավելի  դժվար է, քան սահմանին կանգնելը>>։

Նա մասնակցել է զինվորների համար հյուսվող քողարկվող ցանցերի, անձրևանոցների, վրանների, անթև բաճկոնների, գլխարկների, և այլնի պատրաստման աշխատանքներին։ Մինչև պատերազմը Նախշունը ձեռնարկել էր <<Նախշ>> ձեռագործ իրերի ու աքսեսուարների գործունեություն։ Պատերազմի պատճառով դադարեց ստեղծագործել։ Երևանի Աշոտ Բլեյանի անվան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային-Գեղարվեստի դպրոցում  <<Հոգատարություն>> նախագծի շրջանակում գործող ցուցահանդես-վաճառքը պատեհ առիթ հանդիսացավ  այն վերսկսելու։ Նախշունը սկսեց գործել մի առանձին ոգևորությամբ։ Հասցրեց յուրացնել նորանոր գաղտնիքներ ու կատարելագործել իր ձեռագործությունը։ Նա մասնակցեց նաև <<Զինվորների ապահովագրության հիմնադրամին>> փոխանցվող Երևանի Կոմայգում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքին. <<Երեխաներս խաղում էին այգում, իսկ ես էլ տեղում գործում ու վաճառում էի արտադրանքը>>։ <<Նախշ>> ձեռագործ աքսեսուարները ներկայացված էին նաև Դալմա Գարդեն մոլում կազմակերպված <<Արցախի գույները>> ցուցահանդես-վաճառքին։ Լույսերով ողողված սրահում <<Նախշ>>-ի գեղեցիկ մազակալները, կախազարդերն ու կրծքազարդերը, գլխարկներն ու գլխակապերը, պայուսակներն ավելի վառ տեսք էին ընդունել։

Նա պատրաստակամ էր յուրաքանչյուրի նկատմանբ։ Անկեղծանում է՝ թեկուզ օրհնություն ստանալն  այնքա¯ն կարևոր էր: Հոգու խորքում այն համոզմանն էի, որ հենց այդ օրհնությունը պետք է տարածվեր  հարազատներիս վրա… և՝ փառք Աստծո։

Ճիշտ է, նախկին կյանքին չենք վերադառնա, պատերազմը մեծ ազդեցություն թողեց մեզ վրա, փոխվել ենք բոլորս։ Սակայն, պատերազմից հետո  պարտավոր ենք խորացնել մեր ինքնության արմատներն ու առաջ շարժվել։ Կոտրվելու իրավունք չունենք, անհրաժեշտ է ի մի բերել բոլոր ուժերն ու ինքնակազմակերպվել։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.