ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԵԼ ԵՆ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Առկա իրավիճակից բխող խնդիրների, հետագա քայլերի ու անելիքների ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ մեր թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի ՚՚ Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ ՚՚ տնօրեն Մարտիկ Հայրապետյանի հետ:

Ոլորտի պատասխանատուի դիտարկմամբ՝ մայրաքաղաքի հրթիռահրետակոծության ու ռմբահարումների հետևանքով մեծ խնդիրներ են ստեղծվել ջրամատակարարման համակարգում: Մի շարք բարձրահարկ շենքերի ջրատարները  լրիվությամբ շարքից դուրս էին եկել: Ջրային պաշարների քանակությունը պահպանելու համար ստիպված էին  հընթացս ռմբակոծությունների կատարել մասնակի անջատումներ, իսկ հրադադարից անմիջապես հետո ձեռնամուխ են եղել վերականգնմանը: Բոլոր այն շենքերում, որտեղ շինարարները կատարել են վերականգնողական աշխատանքներ, դրանից մեկ օր առաջ վերականգնվել են ջրամատակարարման ցանցերը: Մարտական գործողությունների ավարտից հետո ջրագծերի վրա եղել են ահագին քանակությամբ չպայթած արկեր, որոնք արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան ստորաբաժանումների հետ միասին վնասազերծվել են, որից հետո մասնագետների կողմից կատարվել են տվյալ հատվածի վերականգնման-վերափոխման համապատասխան աշխատանքներ:

Ներկա դրությամբ վթարները, որոնք կրում են զուտ ընթացիկ բնույթ, իսկույն վերականգնվում են, հնարավորինս արագ արձագանքում են նաև վերադարձող բնակիչների զանգերին: Խաղաղապահների հետ այցելել են հիմնական ջրառների տեղամասեր, որտեղ, ըստ ոլորտի պատասխանատուի, նախատեսվում է ունենալ հենակետեր:Այս պահի դրությամբ էլ, որոշակի հեռավորության վրա կան խաղաղապահների կողմից վերահսկվող հենակետեր, նույնն առկա է նաև հակառակորդի կողմից: Խորհրդային տարիներին բոլոր ջրառների մոտ եղել են հսկիչ կետեր, թե ինչ որոշում կլինի այս կապակցությամբ, զրուցակիցս դեռևս հստակ պատասխան չուներ, չի բացառվում, որ հատուկ ստորաբաժանումների կողմից իրականացվի շուրջօրյա վերահսկողություն: Խոսելով ջրի թունավորման մասին բնակչության շրջանում շրջանառվող լուրերից՝ Մ. Հայրապետյանը վստահեցրեց, որ իրենց կողմից յուրաքանչյուր հանգամանք հաշվի է առնվում ու լավ ճանաչելով մեր` այսպես կոչված արկածախնդիր հարևաններին` անհրաժեշտ է միշտ զգույշ ու զգոն լինել: Չնայած նրանց նենգությանը հակադարձելու, փոխադարձելու հնարավորություն մենք էլ ունենք` սակայն աչալրջությունն ավելորդ չի լինում: Նմանատիպ հարցերն, ըստ տնօրենի, գտնվում են խաղաղապահների քննարկման ու որոշումների կայացման տիրույթում:

Բնականաբար, անդրադարձ կատարվեց նաև ընկերության ֆինանսատնտեսական խնդիրներին: Տնօրենի տեղեկատվությամբ` այդ հարցերն առայժմ լուծվում են քաղաքապետարանի միջոցով ու  միջոցներով: Օգտվելով պատեհ առիթից` Մ. Հայրապետյանը մայրաքաղաքի բնակիչներին կոչ արեց վճարել մինչև սեպտեմբերի 27-ն օգտագործված ջրավարձը: Չվճարված գումարները խնդիրներ են ստեղծում հիմնարկի նորմալ գործունեության համար: Ինչ վերաբերում է սեպտեմբերից հետո գանձվող վարձավճարներին, տնօրենն այդ հարցի պատասխանը չուներ, իրենց ոլորտի մասով դեռևս լիմիտներ էլ չեն սահմանվել, և վերադասի կողմից նոր ցուցումեր լինելու դեպքում բնակչությունը կիրազեկվի: չՋրի որակի ու պիտանելիության ուղղությամբ և ջրարտադրության պրոցեսում ընկերության լաբորատորիան աշխատում է շուրջօրյա, այդպես է եղել նաև արհավիրքի օրերին, դրանից առաջ և հետայսու…Տնօրենի նուրբ հումորով՝ իրենց մոտ ոչինչ չի փոխվել, բացի աշխատողների բարոյահոգեբանական վիճակից, իսկ այն, բարեբախտաբար, չի ազդում ջրի որակի վրա:

 ՚՚ Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ ՚՚-ի լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, , յուրաքանչյուր տարի անցկացվում է աշխատակիցների ատեստավորման գործընթաց, իսկ շուրջօրյա ջրամատակարարմանը հաջորդում ու նախորդում է շուրջօրյա ջրանախապատրաստումը: Ինչ վերաբերում է ջրային պաշարների դեֆիցիտին ու հետագա ծրագրերին, ապա ընկերության տնօրենը խոսեց զգուշավոր վերապահումներով՝ ամեն ինչ պայմանավորված է նորաստեղծ կացությամբ, նորովի հանգամանքներով ու նոր ծրագրերի կյանքի կոչմամբ: Խնդիրներն հիմնականում կրում են ընթացիկ բնույթ, որոնք անհապաղ իրենց լուծումն են գտնում քաղաքապետի գործուն աջակցությամբ: Մի փոքր ավելի հեռանկարային ու մեծ ծախս պահանջող ծրագրեր էլ ներկայացվել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, ինչը վերջիններիս կողմից դրական արձագանքի է արժանացել: Արտեզյան Խորքային պոմպերն արդեն պահեստավորված են, ինչի համար նրանք երախտապարտ ու շնորհակալ են ԿԽ միջազգային կազմակերպությանը՝ օգնության և արագ արձագանքման համար:

Սեպտեմբերի 27-ից սկսած  ՚՚ Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ ՚՚-ի աշխատանքը վայրկյան անգամ չի դադարել, 20-25 աշխատողներ, նկուղներում պատսպարվելով ու տագնապի ազդանշանի դադարից հետո ապաստապաններից դուրս գալով, շարունակել են իրենց գործունեությունը, ինչի արդյունքում մայրաքաղաքի ջրամատակարարումը չի դադարել: Ընկերությունը պատրաստ է ուժերի ներածին չափով հասնել իրենց կարիքն ունեցողներին: Նրանք իրենց աշխատանքը չեն գերագնահատում, սակայն նաև չեն բացառում ոլորտի և իրենց  ՚՚արտադրանքի՚՚  կենսական նշանակությունը: