Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ

DSC03492.jpgԿարկառ՚ տուրիստական բազայի հիմնադրման 40-ամյակի առթիվ
Տարեսկզբից որոշվել է հանդիսավորությամբ նշել ՙԿարկառ՚ մանկապատանեկան սպորտային-զբոսաշրջային բազայի ստեղծման 40-ամյակը, կազմակերպել զբոսաշրջային հավաք՝ տուրիզմի վետերանների մասնակցությամբ։
 Ծրագիրն իրագործելուն աջակցեցին իրենք ՝ զբոսաշրջության ոլորտի վետերանները՝ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, սպորտի վարպետ Ասլան Գրիգորյանը և շատ ուրիշներ, ովքեր դեռևս 1972 թվականից ներգրավված էին ՙԿարկառ՚ մանկապատանեկան սպորտային-զբոսաշրջային բազայում։ 
Եվ ահա հունիսի 10-ին ՙԿարկառում՚ նշվեց կայանի 40-ամյակը։ Միջոցառումը բացեց ՙԿարկառ՚ տուրիստական բազայի հիմնադիր, ներկայիս Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանը։ Միջոցառման հանդիսավոր մասից հետո անցկացվեցին տուրիզմի գծով մրցումներ։ Է. Հովհաննիսյանի  խոսքերով՝ այսուհետ նման մրցումներ կանցկացվեն ամեն տարի, և հաղթող ճանաչված թիմերն էլ կմասնակցեն ՀՀ-ում կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին։ ՙՍա առաջին փուլն է, որին մասնակցում են մեր մարզադպրոցի սաները (ի դեպ, դպրոցում ընդգրկված են 90 սաներ, 3 մարզիչներ,- ասել է Է. Հովհաննիսյանը։ -Երկրորդ փուլում նախատեսված է մրցույթ Ռուսաստանի Դաշնության մի խումբ երիտասարդների հետ, իսկ օգոստոսին կկազմակերպվի 3-րդ փուլը՝ արշավ դեպի Կաչաղակաբերդ։ Նախատեսվում են նաև երթարշավներ տուրտեխնիկայով, այլ մարզական միջոցառումներ՚։ 
Էմիլս Հովհաննիսյանից հետո կայանի տնօրենն էր Սերժ Ազատյանը, ով բավականին եռանդով էր կազմակերպում  միջոցառումներն ու արցախցի մարզիկներին ներկայացնում Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում կազմակերպվող տուրիստական մրցումներին։ Այդ ժամանակ տուրիզմն Արցախում բարձր մակարդակի վրա էր. պատանի տուրիստներն աչքի էին ընկնում կայուն գիտելիքներով, ֆիզիկապես կոփված էին։ Նրանք ուսումնասիրում էին երկրագիտություն, քարտեզագրություն (տոպոգրաֆիա), ինչն էլ շատերին օգնեց Գոյամարտի տարիներին տեղանքում ճիշտ կողմնորոշվել։ Սպորտի վարպետ Ասլան Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ Արցախում տուրիզմը լավ նախադրյալներ ուներ։ Երեխաները դաստիարակվում էին հայրենասիրության ոգով, ծանոթանում հայրենի լեռնաշխարհին. յուրաքանչյուր արցախցի պետք է իմանա իր երկրամասի տեսարժան վայրերը, ուսումնասիրի բնաշխարհը, սիրի և պահպանի։ Տարիներ ի վեր պատանիները սովորել են կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և հաղթահարել տարբեր արգելքներ։ Եվ այսօր կարևոր է նորովի զարգացնել ու վերածնել տուրիզմն Արցախում։ 
Սակայն ներկայումս ՙԿարկառ՚ կայանը վերանորոգման խիստ կարիք ունի, բացակայում է գույքը. անհրաժեշտ են վրաններ, տուրտեխնիկա և այլ պարագաներ։ Այդ պատճառով էլ հնարավոր չէ զբոսաշրջային մեծ հավաքներ կազմակերպել ու ներգրավել շատ երեխաների։ Իսկ տուրիզմով զբաղվել ցանկացողների թիվը մեր հանրապետությունում աստիճանաբար աճում է։ Տուրիզմի վետերան Վարդգես Ուլուբաբյանն իր հերթին նշեց, որ վերջին երկու տասնամյակում  ԼՂՀ-ում տուրիզմը կիսամեռ վիճակում էր, և ուրախալի է, որ այսօր շատ երեխաներ ցանկություն ունեն զբաղվել այս սպորտաձևով, որովհետև արցախցի երեխաները տեղագրական առումով պետք է կարողանան անտառներում, լեռներում կողմնորոշվել ու պատրաստ լինել պաշտպանելու հայրենիքը։ 
Հավաքը կազմակերպել ու վերահսկել է տուրիզմի վետերանների շտաբը։ Հավաքի գլխավոր դատավոր  Տիգրան Գրիգորյանի կարծիքով, որպես առաջին մրցություն, այն վատ չանցավ։ Եթե հաշվի առնենք, որ երեխաները պարապում են ընդամենը մի քանի ամիս, նրանց ցուցաբերած արդյունքները գոհացուցիչ են։ Գլխավոր դատավորը հուսով է, որ հաջորդ տարի երեխաներն ավելի բարձր արդյունքներ կցուցաբերեն։  
Համառ պայքարից հետո տեխնիկապես լավ պատրաստված խումբ համարվեց  ՙՈրոնում-1՚ թիմը, որի անդամներն էլ  դարձան մրցության առաջին հորիզոնականն զբաղեցնողները։ Երկրորդ տեղը գրավեց ՙՔիրս-1՚ թիմը, իսկ երրորրդը՝ ՙԱզիմուտ-1՚-ը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը  պարգևատրվեցին գավաթներով  և դիպլոմներով։ Պարգևատրվել են նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները։ Այսպես, կապերի արձակման մրցույթում լավագույնն է ճանաչվել  Էդուարդ Կոստանդյանը, խոհարարների՝ Նոնա Կարապետյանը, իսկ տեղագրության իմացության մրցույթում՝ Անահիտ Թադևոսյանը։ Հավաքի բոլոր մարզիկները Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով։  
ՙԱզիմուտ-1՚ թիմի մարզուհի Աննա Մայիլյանը երեք ամիս է՝ պարապում է այդ մարզաձևով։ Նրա կարծիքով՝ նման վարժությունները ֆիզիկապես  կոփում են իրենց  և ավելի ամրապինդ դարձնում։ Նա ընկերների հետ միասին հաճույքով ամեն կիրակի  մասնակցում է պարապմունքներին։ Զբոսաշրջային հավաքին մասնակցած երեխաները մեծ խանդավառությամբ սպասում են երթարշավներին, որոնց կարգախոսը կլինի ՙՄեր հայրենիքը Արցախն է՚։ Հավաքի գլխավոր քարտուղար Անահիտ Թովմասյանը նույնպես գոհ էր երեխաների պատրաստվածության աստիճանից. թեև նրանցից ոմանք հուզվում, շփոթվում էին, սակայն անպայման ուզում էին ճիշտ պատասխաններ տալ, հատկապես տեղագրական նշանների  առումով և փորձում էին տեղեկանալ՝ ինչ վրիպումներ են թույլ տվել։  
Միջոցառման ժամանակ մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային պարերի բաժնի  երեխաները ցուցադրեցին լատինաամերիկյան պարեր։ Մասնակիցները հույս հայտնեցին, որ  Արցախում ոչ միայն կվերածնվի մանկապատանեկան տուրիզմը, այլև նախադրյալ  կհանդիսանա  տուրիզմի հետագա  զարգացման համար։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ