[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

  Առնոդիկ Ալավերդյանի ընտանիքը  մեկն է այն հարյուրավորներից, ում տունը պատերազմի պատճառով հիմնովին այրվել է։ 59-ամյա երաժիշտը, չնայած  այսօր ամեն բան նորից զրոյից սկսելու շեմին է, ասում է․

-  Ամեն ինչ  մարդու համար է, կարևորը ամեն ինչ նորից սկսելու ցանկություն ունենալն է, մնացածը ժամանակի հարց է, սա պատերազմից հետո պատերազմ է, այստեղ մենք պարտվելու իրավունք չունենք։ Դժվար է, այո, բայց ես չեմ հուսահատվում։

Տունը, որտեղ ապրում էր Առնոդիկի ընտանիքը, հիմա, ինչպես ինքն է ասում, իրենից մի քանի հիշողություն զգաստացնող պատերի շարք է։

-  Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ գործիքս՝ իմ 75-ամյա կլառնետը փրկել չկարողացա, դրա համար շատ եմ ցավում. հորս նվերն էր։

Ասում և հուզմունքը մի կերպ զսպելով շարունակում է ավերակների մեջ ցույց տալ իր տան հարազատ անկյունները։ Դժվար է նայել մի մարդու աչքերի մեջ, երբ նա իր օջախի ավերակներին կանգնած խոսում է նոր ծրագրերի մասին` վայրկյան անգամ չկասկածելով, որ կրկին կկարողանա, կստեղծի։

-  Ես ժողովրդական  մարդ եմ, ինչպես ցանկացած երաժիշտ, շատ օջախներում եմ նվագել. հարսանիքներ, կնունքներ, առօրյաս սկսվում և ավարտվում էր  հայրենակիցների հետ նրանց ուրախությունը կիսելով, ու գիտե՞ք ինչ ցավ է այս ամենը տեսնելն ու զգալը։ Բայց երբ մարդիկ գալիս և քեզ օգնության ձեռք են մեկնում ՝ հավատդ ամրապնդվում է։

Այդ խոսքերից հետո լռությունը կարելի էր չընդհատել, եթե տան ետնամասում նկատելի չլինեին խնամքով մշակված ծառերն ու նրանց ճյուղերից կախված արկի մնացորդները։ Երկուսով, առանց բառեր փոխանակելու, քայլերս ուղղեցինք  այնտեղ։  Ավերված տան ֆոնին,  ծառից կախված արքայանարնջի  վերջին նմուշները խիստ ծանր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող մի զգացողություն առաջացրին, որը բառերով արտահայտել, ներեցեք, անկարող եմ։

-  Իմ դրախտն է, ամեն առավոտ մինչև աշխատանքի գնալը օրս սկսում էի  բանջարանոցում, սիրում էի վայելել իմ ձեռքով աճեցրաց բերքն ու բարիքը, դա ինձ ուժ էր տալիս… չզարմանաք, բայց ինձ միշտ թվում էր, թե դրախտ ասվածը սկսվում է իմ բոստանից։

  Շատ հարցեր տալ չկարողացա. դա և ինձ համար էր դժվար,  և նրա, բայց մենք այդտեղից հեռացանք այն համոզմունքով, որ հետո, երբ ամեն ինչ կարգավորվի, երբ այս չսպիացող ցավը քիչ մեղմանա, Առնոդիկն ու նրա նման շատ-շատերը վերստին կսկսեն կառուցել իրենց դրախտները, և բոլորի օջախներում այլևս կծխան երազանքներին խառնված երդիկները...